Արտակ Զեյնալյանը՝ Մասիսի քաղաքապետի ձերբակալման մասին
Խոսելով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանի ձերբակալման հիմքերի մասին՝ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ ինքը իրավական գնահատականներ տալու լիազորություններ չունի: «Ես իրավական գնահատականներ տալու լիազորությամբ օժտված չեմ: Հետաքննության ու նախաքննության մարմինները պարտավոր են հիմնավորել և ներկայացնել այն փաստերը, որոնց դեպքում կարող է կիրառվել ազատազրկման ձևով խափանման միջոցը: Տվյալ դեպքում պարտականությունը դրված է նրանց վրա: Եթե չկարողացան ապացուցել, որ կան այդ հիմքերը, անձը կխուսափի ազատազրկումից»,- ասաց Զեյնալյանը: Հիշեցնենք, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 5 անձ՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանը, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982 թ. ծնված Ս. Սահակյանը, 1995 թ. ծնված Գ. Համբարձումյանը, 1988 թ. ծնված Գ. Խաչատրյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով:
