Բացահայտվել է Սևանում դաժանաբար սպանված երիտասարդի ինքնությունը
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 26-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ։ ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ մայիսի 31-ի առավոտյան ահազանգ է ստացվել առ այն, որ Սևանի թերակղզուց դեպի Սևանի կառավարական ամառանոց ավտոճանապարհին կայանված ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի՝ բռնության հետքերով։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և կայանված «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերվել է գլխի շրջանում ջնջխված վերքերով արական սեռի դի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տուժողի ինքնությունն, ով 26 տարեկան է՝ հաշվառված Գյումրիում, և որ ավտոմեքենան, որտեղ հայտնաբերվել է դին, գրանցված է տուժողի անունով։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մշակվել քննչական պլան, առաջ քաշվել վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ։ Քննության շահերից ելնելով պարզված հանգամանքների մասին այս պահին այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն, արդյունքների մասին կտեղեկացվի ավելի ուշ։
