Սա որերո՞րդ հարձակումն է Անկարայում
Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն դատապարտել է երեկ Անկարայում իրականացված ահաբեկչությունը, ինչպես նաև կառավարությանը: «Սա որերո՞րդ հարձակումն է Անկարայում։ Ամիսներով Անկարայի ոստիկանապետ նշանակել չկարողացող կառավարությունն արդյոք կարո՞ղ է ղեկավարել երկիրը։ Մի՞թե կարող է լինել ամիսներով առանց ոստիկանապետի մայրաքաղաք»։ Քըլըչդարօղլուն դրա համար պատասխանատու է համարել ներքին գործերի նախարար Էֆքան Ալային և դիմելով երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին՝ կոչ է արել պաշտոնանկ անել նրան: «Երկիրը ղեկավարողները պետք է պատասխան տան։ Ինչո՞ւ են տեղի ունենում նման բաներ։ Մեր սահմանադրության 112-րդ հոդվածը երկիրը ղեկավարողների համար նախատեսում է քաղաքական պատասխանատվություն։ Ահաբեկչության պատճառով զոհվել են հարյուրավոր մարդիկ։ Ո՞վ է պատասխանատու դրա համար։ Ո՞վ։ Ոչ մեր թաղամասի նպարավաճառը, առևտրի գնացող քաղաքացին կամ Շանլըուրֆայի տաքսին։ Ժողովրդավարական բոլոր երկրներում սրա պատասխանատուն քաղաքական իշխանություններն են»։
