Ամերիկահայ բժիշկները պատրաստ են աջակցել Հայաստանում քաղցկեղի կանխարգելմանը
Ամերիկահայ բժիշկները պատրաստակամություն են հայտնել իրենց անձնական փորձառությամբ օժանդակել Հայաստանում քաղցկեղի տարբեր տեսակների կանխարգելման գործին, ծրագրվող համակարգային բարեփոխումներին: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ամերիկահայ բժիշկներ Արմեն Աբուլյանին և Շանթ Շեխերդիմյանին: Մասնագետները Հայաստանում են՝ իրենց ներդրումն ունենալու առողջապահական համակարգի առաջիկա փոփոխություններում և ներգրավվելու որոշ ծրագրերում: Քննարկվել են սպասվող ու անհրաժեշտ որոշ համակարգային ծրագրեր: Նախարար Թորոսյանը շեշտել է Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների վաղ կանխարգելման անհրաժեշտությունը՝ մտահոգիչ վիճակագրական միտումները փոփոխելու նպատակով: Առաջիկայում կներդրվի հաստ աղու քաղցկեղի սքրինինգային ծրագիր: Վիրաբույժ, Կալիֆոռնիայի «Կայզեր Պերմանենթ» բժշկական միության անդամ Արմեն Աբուլյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական փորձառությունը և գիտելիքները ներդնել փոփոխությունների ժամանակ: Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս, վիրաբույժ Շանթ Շեխերդիմյանն իր և ամերիկաբնակ իր գործընկերների անունից փոխանցել է, որ ցանկանում են ներգրավվել ծրագրվող համակարգային բարեփոխումներում: Անգամ պատրաստ են որոշ ժամանակով Հայաստան գալ ու մասնակցել քաղաքականության մշակմանը, որոշ խնդիրների լուծման ուղղությունների քննարկմանն ու փոխանցել իրենց բնակության երկրի հաջողված փորձը:
