«Պիտի կարողանանք զերծ մնալ կորուստներից և քայլենք հաղթանակից հաղթանակ». Կաթողիկոսը կոնդակ է հղել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբատառ կոնդակ է հղել՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին: Կոնդակում ասվում է. «Եւ այս է յաղթութիւնն` որ յաղթէ աշխարհի, հաւատքն մեր» (Ա Հովհ. Ե 4):

Գոհություն և փառք ենք մատուցում Աստծուն, որ Հայաստանում և Արցախում վերականգնված պետականությամբ և ի սփյուռս աշխարհի ազգային կյանքի ձեռքբերումներով է մեր ժողովուրդը դիմավորում 100-ամյակը Հայաստանի Առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի: Նշանակալի այս իրադարձությունների մեկդարյա հոբելյանի առիթով Հայրապետական Մեր խոսքն ենք ուղղում սիրեցյալ մեր ժողովրդին՝ բարձրաձայնելով առաքելավանդ պատգամը. «Եվ այս է հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատքը»: Մեկ դար առաջ մեր ժողովուրդը հայտնվել էր կյանքի և մահվան սահմանագծին: Օսմանյան Թուրքիան՝ օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի խառնաշփոթ իրավիճակից, իրագործում էր ցեղասպանության իր հայաջինջ ծրագիրը: Արևմտյան Հայաստանը և հայկական բնակավայրերը Թուրքիայում ավերակվել ու հայաթափվել էին, թուրքական զորքերը ներխուժել էին նաև Արևելյան Հայաստան՝ սպառնալով մեր ժողովրդի գոյությանը: Այդ օրհասական պահին հույսն առ Աստված՝ միահամուռ կամքով մեր ժողովուրդը Սարդարապատում, Ապարանում և Ղարաքիլիսայում ճակատ կազմեց թշնամու դեմ: Համախմբվելու խրախույս ու քաջալերություն դարձավ Գևորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչը՝ ժողովրդի սրտում առաջ բերելով հաղթանակելու ոգի և փակելով խուճապի ու նահանջի ուղին: Ետևում մեր հայրենիքի փոքրիկ մի մասունքն էր, ետևում Քրիստոսահաստատ Սուրբ Էջմիածինն էր՝ մեր հավատքի օրրանն ու ինքնության պատվարը: Հայոց Հայրապետը մերժեց հեռանալ Սուրբ Էջմիածնից և քաջաշունչ պատգամով մարտի կոչեց ժողովրդին՝ ասելով. «Ես միշտ էլ հավատացել եմ իմ ժողովրդի ոգուն: Ես գիտեմ նրա անցած ճանապարհի դառնությունները: Ես համոզված եմ նաև, որ ազգն իմ հայոց անարգ թշնամուն դեռ չի ասել իր վերջին խոսքը: Եվ խոսքն այդ պիտի լինի հաղթական»: Մեկ ամբողջություն, մեկ կամք ու հոգի դարձած մեր ժողովուրդը ոտքի կանգնեց փրկելու հայրենիքը, իր կյանքը, իր սրբությունները, պաշտպանելու հայրենի հողում ազատ ապրելու իր իրավունքը: Սրբոց Վարդանանց և Ղևոնդյանց օրինակով Ավարայրի ոգին բոցավառվեց մայիսյան մարտերում: Հաղթանակը ձեռք բերվեց արիության ու հերոսության շնորհիվ հայկական փոքրաթիվ զորամիավորումների ու զորահրամանատարների և նրանց շարքերը լրացրած հոգևորականների ու աշխարհազորայինների: Թուրքական զորքերի առաջխաղացումը կանգնեցվեց և ետ մղվեց: Ավերումից ու կոտորածից փրկվեց Արևելյան Հայաստանը, և հինգ և կես դարերի երկարատև դադարից հետո վերականգնվեց հայկական պետականությունը: Եղեռնահար մեր ժողովուրդը վկայեց վեր հառնելու իր զորությունը, իր հոգու կենսունակությունը և ուժը հավատքի՝ նեղությունների, ցավ ու տառապանքի մեջ հաղթանակ կերտելով: Առ Աստված հավատքի, հայրենասիրության ու նվիրումի հերոսական ոգին միավորեց ու պաշտպանեց մեր ժողովրդին, որ գերագույն ճիգով հայոց պետականության հովանու ներքո հայրենիքում ու սփյուռքում բարձրացրեց իր կյանքը և քայլեց վերելքի ուղիով:
Այսօր, սիրելի ժողովուրդ հայոց, 100-ամյա հոբելյանը հրավեր է մեզ՝ նվիրված մնալու ազգային զարթոնքի մեր իղձերին, հրավեր՝ մեր հայրենի պետականությունը ամուր պահելու և հայրենիքով համախմբված մնալու: Նշանակալի այս հոբելյանը նաև մի նոր հանգրվան է հավատավոր ոգով ու նվիրյալ գործերով շենացնելու, զորացնելու մեր երկիրն ու ազգային կյանքը, շարունակելու հետևողական ջանքերը հանուն Արցախի հիմնախնդրի կարգավորման, մեր բանակի հզորացման, որպեսզի խաղաղությունը անվրդով լինի մեր հայրենյաց սահմաններում: 100-ամյա հոբելյանը պատգամն է բերում համազգային միասնության, հայրենիք-սփյուռք կապերի արդյունավորման, մեր Եկեղեցու անդաստանում ևս միասնականության վերահաստատման: Սիրեցյալ հավատավոր ժողովուրդ Մեր, յուրաքանչյուրս մեր ծառայության մեջ, մեր կյանքի ընթացքներում միշտ առաջնորդվելով քրիստոնեական մեր հավատքին, ազգին ու հայրենիքին զինվորագրության գիտակցությամբ՝ պիտի կարողանանք զերծ մնալ կորուստներից և քայլենք հաղթանակից հաղթանակ: Պետականությունը ազգի կազմակերպման հիմքն է, առաջընթացի ուղի, իր արժեքներով ապրելու, իր հոգևոր ներուժը դրսևորելու հենարան, իր ձգտումները իրագործելու և իրավունքները պաշտպանելու պատվար ու ազգի հարատևության գրավական: Չմոռանանք մեր կրած զոհողություններն ու տառապանքները և միմյանց աջակից՝ կառուցենք բարօրությամբ և խնդությամբ լեցուն վաղվա մեր օրը: Հիշենք մեր Եկեղեցուն ու հայրենիքին իրենց կյանքը նվիրած մեր հայրերին և հավատքի ու հայրենյաց սիրո մեջ ինքներս մեզ գերազանցենք, որպեսզի այսօր նույնպես մեր ազգային և հայրենական կյանքի առջև ծառացած դժվարություններին ու խնդիրներին տրվող մեր վճիռները և մեր երկրի խաղաղությանը սպառնացող վտանգներին տրվող մեր պատասխանները լինեն հաղթական: Անվարան մեր հավատքն ու հայրենյաց սերը թող մեզ առաջնորդեն իրականություն դարձնելու Արարատի փեշերին միասնական մեր հայրենիքի և մեր Սուրբ Եկեղեցու ու ազգային զարթոնքի տեսիլքները: «Եվ այս է հաղթությունը, որ հաղթում է…, մեր հավատքը»: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ համայն հայության նվիրական սրբօրրանից Հայրապետական Մեր պատգամն ենք բերում սիրեցյալ մեր ժողովրդին, մեր Եկեղեցու թեմական, համայնքային մարմիններին, ազգային, գիտական, կրթական, մշակութային կառույցներին՝ զանազան միջոցառումներով տոնախմբելու հոբելյանական տարեդարձը՝ դարձնելով հայրենասիրության ոգու, քաղաքացիական գիտակցության ու պարտքի արթնության, ազգի ու Եկեղեցու միասնականության ուժ ու զորություն, նորոգություն հավատքի և քաջալերություն հայրենաշեն ու ազգաշեն գործերի: Աղոթում ենք, որ Քրիստոս մեր Տերը պահպանի մեր ժողովրդին մաքուր հավատքով և օրհնի ազգիս ջանքերը ի սեր մեր նվիրական հայրենիքի զորացման, մեր Սուրբ Եկեղեցու պայծառության և մեր բարօր, լուսավոր ու երջանիկ գալիքի: Թող Բարձրյալի օրհնության և շնորհների ներքո մեր երկիրը և ժողովուրդը, աշխարհը համայն ապրեն խաղաղության մեջ՝ այսօր և միշտ. ամեն»:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am