Նոր «սուպերերեքշաբթի»
ԱՄՆ-ում պատրաստվում են նոր «սուպերերեքշաբթիին», երբ կուսակցական թեկնածուների ընտրություններ տեղի կունենա ԱՄՆ-ի միանգամից 5 նահանգում: ԱՄՆ նախագահական ընտրությունների առաջատարներն անփոխոխ են մնում, հայտնում է Euronews-ը: Հանրապետական Դոնալդ Թրամփը վստահ է իր գերազանցության մեջ այնքան, որ դա արտահայտվում է նրա հասարակ կարգախոսներում: «Ես անհամեմատ լավն եմ իմ մրցակիցներից, ես դա ձեզ հաստատ եմ ասում: Ու ես Հիլարիից ավելի լավն եմ: Հիլարին լավ մարդ չէ»,- հայտարարել է Թրամփը: Ըստ վերլուծաբանների՝ Թրամփի միակ ռեալ մրցակիցը մնում է հանրապետական սենատոր Թեդ Կրուզը, սակայն նրա էլեկտորատը հիմնականում ԱՄՆ-ի հարավային մասերում է տեղակայված այն դեպքում, երբ երեքշաբթի քվեարկելու են միջին արևմուտքի նահանգներն ու Ֆլորիդան: Այդ նահանգից սենատոր Մարկո Ռուբիոն զիջում է Թրամփին հայտնիությամբ անգամ իր նահանգում, այնպես որ դիտորդները խոսում են Ռուբիոյի ընտրարշավի ավարտի մասին: Դեմոկրատների ճամբարում առաջատարի դիրքն ամրապնդել է Հիլարի Քլինթոնը:
