Բանավեճ Աժ-ում. «Սուտը հիմա կասեմ՝ ով ա ասում»
Այսօր ԱԺ նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ. ծրագրի քննարկման ժամանակ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն ու պատգամավոր Հրանտ Բագրատյանը վիճեցին: Երբ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ մնացյալ երկրներում եկամուտներն ավելի շատ են, քան մեր և նա մարդկանց թյուրիմացության մեջ է գցում ՝ Նազարյանը նկատեց՝ «Եկամուտների տերը ես չեմ... դուք եք թյուրիմացության մեջ գցում, երբ համեմատության մեջ եք դնում Բելառուսի և Ուկրաինայի հետ, որտեղ կա պետական դոտացիա»: Ըստ Նազարյանի՝ վարչապետության օրոք Բագրատյանը բոլոր հայեցակարգերից հրաժարվում էր, ազատական գաղափարների մասին էր խոսում, այսօր այլ՝ սովետական շրջանի բան է ասում, բայց շատ երկրներում հանրային ծառայությունները կարգավորողների դերը կարևորվում է: Հ.Բագրատյանը պահանջեց իրեն վարման կարգով ձայն տալ, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը մերժեց: «Ուղղակի սուտ ա ասում»,- իր պահանջը հիմնավորեց պատգամավորը: «Սուտը դո՛ւ ես ասում»,- նետեց Նազարյանը: «Սուտը հիմա կասեմ՝ ով ա ասում»,- տեղից բղավեց Բագրատյանը և հայտարարեց, որ Նազարյանն ամեն անգամ գալիս, «ստից-մտից բաներ է ասում, բոլորին խաբում», իսկ իրեն էլ ձայնի իրավունք չեն տալիս, որ Նազարյանի «ստերը բռնի»:
