Հայաստանի իրավական համակարգը «крючок»-ով կախված է եղել նախագահական նստավայրից.Ն.Զոհրաբյան
«2017 թվականի ընթացքում միայն կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության 163 դեպք է արձանագրվել, իսկ կաշառք վերցնելու մեղադրանքով դատի է տրվել 43 պաշտոնատար անձ»,-ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդման ներկայացման ժամանակ նման թվեր ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Այդ թվերը ծիծաղելի են, երբ ուսումնասիրվում են պաշտոնատար անձանց հայտարարագրերը:
«Տեսնում ենք քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնյաների, որոնց հայտարարագրերին կնախանձեն արաբական շեյխերը: Մենք հասկանում ենք, որ նախորդ իշխանությունը՝ որպես դեմոկրատիայի գերագույն դրսևորում ներկայացրեց ապօրինի հարստացման դեմ օրենքը, որը բնականաբար չէր կարող գործել նախորդ իշխանության ժամանակ այն պարզ պատճառով, որ Հայաստանի իրավական համակարգը «крючок»-ով կախված է եղել նախագահական նստավայրից, ու դատական որոշումները կայացվել են նախագահականից դատարան եկող հեռախոսալարի միջոցով: Ե՞րբ են ուսումնասիրվելու հայտարարագրերը, որովհետև բազմաթիվ պաշտոնյաներ ներկայացրել են կեղծ հայտարարգրեր»,-արձագանքեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
