Վստահեցնում եմ,որ կոճակ սեղմող պատգամավորներից չեմ լինի.Կարեն Շահմուրադյան
ՀՅԴ ցուցակով խմբակցության նոր պատգամավոր Կարեն Շահմուրադյանը,լրագրողների դիտարկմանը, թե հնարավո՞ր է` ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության կետերը մնան որպես գեղեցիկ արտահայտություններ, նշեց, որ դրանք գեղեցիկ արտահայտություններ չեն, և որ ապագայում բոլորը կտեսնեն, որ դրանք իրականանում են, որովհետև եթե կողմերը կարողանան համերաշխ աշխատել, ուրեմն ամեն ինչ լավ կլինի: Հարցին, թե կարո՞ղ է վստահեցնել, որ կոճակ սեղմող պատգամավորներից չի լինի, պատասխանեց. «Այ դա վստահեցնում եմ, այո»: Շահմուրադյանը հերքեց լուրերն այն մասին, թե ինքը գումար է տվել ՀՅԴ-ին՝ համամասնական ընտրացուցակում հայտնվելու համար: «Չեմ հասկանում՝ ո՞վ է տարածում այս լուրերը: Կարդացել եմ, գրված է մեկ միլիոնի մասին: Ինչի՞ համար ես պետք է մեկ միլիոն վճարեմ: Եկեք հասկանանք: Այդ մանդատը, եթե ես գործարար եմ, ինչո՞վ պետք է օգնի ինձ, որ ես բարելավեմ իմ բիզնեսը: Ես ինձ չեմ համարում ոչ հաջողակ բիզնեսմեն, որը կարիք կունենար հայտնվելու պառլամենտում, որ լծակներ ստեղծի ու բարելավի ոչ լավ կարգավիճակը: Մենք նման խնդիր չունենք»,- ասաց նա:
