Մարտի 1-ի պատասխանատուն իշխանությունն է. Շարմազանով
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի խոսքերը, ընդգծեց, որ «Հաջողություններն ինչքան իրենք իրենցն են համարում, այնքան էլ Հանրապետական կուսակցությանն են և վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կառավարությանը: Եթե պարոն Օսկանյանի հիշողությունը չի դավաճանում, պետք է հիշի, որ քաղաքական գործընթացների պատասխանատուն 1999 թվականից նաև ՀՀԿ-ն է, և Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում Կառավարության ղեկավարը երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանն է, ով Հանրապետական կուսակցության նախագահն էր։ Եվ եթե Հանրապետականի ուսերին են դնում, իրենց կարծիքով, ձախողումները, պետք է մի փոքր օբյեկտիվ լինել և հիշել, որ1998-ից մինչև 2007 թվականը մենք ունեցել ենք տնտեսական հաջողություններ: Էնպես որ, կարիք չկա արհեստականորեն բաժանում կատարել։ ՀՀԿ-ն 1999 թվականից մինչ օրս Հայաստանում ընթացող բոլոր քաղաքական գործընթացների թե՛ դրականի, թե՛ բացասականի պատասխանատուն է»: Դիտարկմանը, թե Մարտի 1-ի համար ո՞ր իշխանությունն է պատասխանատու, Շարմազանովն ասաց.«Բոլոր պրոցեսների վերաբերյալ միշտ, ցանկացած պարագայում պատասխանատուն իշխանությունն է։Պատասխանատվություն ասել դեռ չի նշանակում ազատազրկում: Ինքը պատասխանատվություն ասելով` նկատի ունի քաղաքական պատասխանատվություն։ Ցանկացած պատասխան տալիս է հանրությունն` ընտրությունների ժամանակ։ Եթե ժողովուրդը դրական գնահատի իշխանությունների գործունեությունը, կողմ կքվեարկի, եթե չի վստահի Հանրապետականին, կողմ չի քվեարկի։ Էստեղ որևէ մեծ դժբախտություն չի լինի»: Հիշեցնենք,որ ԱԺ -ում Վարդան Օսկանյանն ասել էր,որ Մարտի 1-ը «սև էջ» է, իսկ տվյալ օրվա իշխանությունը պատասխանատու է կատարվածի համար: Հարցին, որ այդ օրերին նաև ինքն է իշխանության կազմում, ավելին՝ Մարտի 1-ին հայտարարությամբ է հանդես եկել, Օսկանյանը խորհուրդ տվեց թարմացնել հիշողությունը, քանի որ իր ելույթը կրակոցներից 3-4 ժամ առաջ է եղել. «Ուղղակի օդում զգալով, որ լարված իրավիճակ է և նման զարգացումներ կարող են լինել, փորձել եմ կանխել: Ես շահեկանորեն տարբերվում եմ մյուս քաղաքական գործիչներից, որ այդ պատասխանատվությունն եմ վերցրել, համարձակություն եմ ունեցել կանգնել կամերայի առաջ և կոչ անել և՛ հանրապետության նախագահին, և՛ ընդդիմությանը, որպեսզի կարողանան երկխոսության մեջ մտնել, որպեսզի խուսափենք մարտի 1-ից»: «Ստեղծելիք կուսակցության օրակարգում Մարտի 1-ի բացահայտումը կլինի և իրենք կաջակցեն: Իրավապահ մարմինները պիտի դրանով զբաղվեն: Որքան թափանցիկ լինեն նման հարցերը, այնքան լավ մեր հետագա զարգացումների համար»,հայտարարեց Օսկանյանը:
