Ամեն ամսի 15-ին ընտանիքները սթրես են ապրում.Արամ Մանուկյան
ՀԾԿՀ այս տարվա զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ ամբիոնից ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց .«Գազի և հոսանքի մատակարարման բնագավառն ամենակոռումպացվածներից է: Մեր ընտանիքների մի լուրջ մասն իր ընտանեկան ծախսերի 20-ից 50 տոկոսը մուծում է հոսանքի, գազի դիմաց: Ամեն ամսի 15-ին ընտանիքները սթրես են ապրում, երբ ստանում է հոսանքի, գազի մուծումները: Ցավալին այն է, որ գազի, հոսանքի մատակարարման բնագավառն ամենակոռումպացվածներից է, ծածուկ բնագավառներից մեկն է: Եթե ասենք կրթության բնագավառում կոռոպցիա կա, ապա դա անդրադառնում է միայն այն մարդկանց, ովքեր երեխա ունեն, սովորում են, իսկ հոսանքի խնդիրն ամենօրյա, յուրաքանչյուր ընտանիքն առնչվող, սթրես բերող խնդիր է»: «ՀԱԿ-ն ուսումնասիրություններ է անցկացրել ՀԷՑ-ի հարցով, ծավալուն փաստաթուղթն ուղարկել ենք Դատախազություն, որը հիմա գտնվում է ուսումնասիրության փուլում: Քանի անգամ ասել եմ, սա թալանի բնագավառ է: Գազի գործակից կոչվածը թալան է: Տեսուչը կարող է ձեզ վրա գործակից կիրառել, ու դուք ավելի շատ մուծեք, քան վառել եք: Արդյունքում ստացվում է, որ ցանկացած ձեռնարկություն նաև կարող է ավելի քիչ մուծել: Տասը հազար խորանարդ մետր գազ ես վառում՝ քիչ ես մուծում, ինը հազար ես վառում՝ շատ ես մուծում: Պարզ չէ՞, որ տեսուչի հետ գործարքի պետք է գնաս, որ իբր շատ վառես:Տարեկան 1.5 միլիոն դրամ ՀԷՑ-ը վատնել է բարեգործության վրա՝ Օպերա է հրավիրել, վետերաններին Մոսկվա է ուղարկել և այլն»,- մանրամասնեց Արամ Մանուկյանը:
