Ռուսական գազի գնի իջեցման բանակցություններն ընթացքի մեջ են.Լևոն Յոլյան
ՌԴ-ից 1000 խորանարդ մետր գազի դիմաց 165 դոլար գինը գործում է մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը և բանակցություններն ընթանում են այն ուղղությամբ, որ գինը լրացուցիչ իջեցվի, լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանն: Հարցին, թե հնարավո՞ր է, որ պայմանագիր չկնքվի և ապրիլի 1-ից նորից 189 դոլար վճարենք գազի դիմաց, նախարարը պատասխանեց՝ «չեմ կարծում»: «Մոտակա ժամանակներս մենք ձեզ կտեղեկացնենք վերջնական լուծումների և պայմանավորվածությունների մասին»,-նշեց Յոլյանը: Նախարարն անդրադարձավ նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հայտարարությանը, թե ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպման ընթացքում նախատեսվում է նաև գազի սակագնի հետ կապված քննարկում, որպեսզի պահպանվի ներկայիս գինը՝ 165 դոլարը, իսկ լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է, որ ռուսական կողմը չհամաձայնի, Շավարշ Քոչարյանը պատասխանել է, որ արդեն պատրաստի նախագիծը կա, որը համաձայնեցված է և ենթադրվում է, որ պիտի ստորագրվի: Լևոն Յոլյանն ասաց, որ ինքն այդ հայտարարությունից տեղյակ չէ և չի ցանկանում մեկնաբանել: Հարցին էլ, թե ՀՀ նախագահի հետ ՌԴ այցի ընթացքում նկատե՞լ եք արդյոք, որ բանակցությունների ընթացքում խոչընդոտներ առաջացած լինեն, Լևոն Յոլյանն այսպես պատասխանեց. «Նախնական քննարկում էին գնի հնարավոր մաքիսմալ իջեցման տարբերակները, որոնք այսօր քննարկման փուլում են «Գազպրոմի», ՌԴ կառավարության հետ»: Նա նշեց, որ ռուսական կողմից զգացել է բավականին դրական վերաբերմունք՝ առողջ բանակցության դաշտում հարցը քննարկելու: Ինչ վերաբերում է գազը ռուսական ռուբլով գնելու խոսակցություններին, նախարարն արձագանքեց, թե բանակցություններն ընթանում են դոլարով գնման մասին:
