Բաժիններ են տարվել բազմաթիվ քրեական «հեղինակություններ» ու «օրենքով գողեր». Ոստիկանությունը զգուշացնում է
Հայաստանում վերջին օրերին ոստիկանության բաժիններ ու ստորաբաժանումներ են տարվել բազմաթիվ, այսպես կոչված, քրեական «հեղինակություններ» ու «օրենքով գողեր»: Գործողությունը օպերատիվ տեղեկություններ ստուգելու, ինչպես և կանխարգելիչ բնույթ ու քրեածին իրավիճակի վերահսկելիությունը բարձրացնելու նպատակ ունի: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը: «Հանրային իրավագիտակցության մեջ վերջնականապես պետք է ամրագրվի օրենքի առաջ բոլորի հավասարության և անպատժելիության բացառման հիմնարար սկզբունքը: Համակեցության կանոնները պետք է պարտադիր լինեն յուրաքանչյուրի համար` անկախ սոցիալական դիրքից, նյութական վիճակից և այլ հանգամանքներից: Այս գիտակցությունը պետք է ամրապնդվի ոչ միայն օրենքի ուժով, այլև մեր հանրային գնահատականով ու վերաբերմունքով: Պետք է մեկընդմիշտ գիտակցենք, որ օրենքն է գերակա բոլորիս նկատմամբ: Հուսանք, որ այսուհետ իրավագիտակցության այսպիսի աստիճան ու ընկալում կունենա և հանրությունը, և նրանք, ովքեր թյուր պատկերացում են ունեցել հասարակական հարաբերություններում քաղաքացու իրական տեղի ու դերի մասին», ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
