Ինչ են քննարկել Ասադն ու Պուտինը
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը աշխատանքային այցով Սոչիում է: Ռուսաստանի եւ Սիրիայի նախագահները քննարկել են համատեղ աշխատանքի ուղղությունները: Պուտինը շնորհավորել է Ասադին ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում Սիրիայի կառավարական բանակի հաջողությունների կապակցությամբ: «Այժմ՝ այս ռազմական հաջողություններից հետո, անկասկած, լրացուցիչ պայմաններ են ստեղծվել քաղաքական գործընթացների լիարժեք վերսկսման համար»,-ասել է Պուտինը: Բաշար Ասադը շնորհավորել է իր ռուս գործընկերոջը նոր նախագահական ժամկետի կապակցությամբ: Նա ընդգծել է, որ Պուտինի հետ վերջին հանդիպումից հետո շատ դրական փոփոխություններ են եղել: «Կայունությունը բարելավվում է, եւ այս ամենը սկսված քաղաքական գործընթացների առաջ դռներ է բացում»,-ասել է Ասադը։ Ասադը նաեւ շնորհակալություն է հայտնել ՌԴ Զինված ուժերին, մասնավորապես, օդատիեզերական ուժերին ահաբեկչության դեմ պայքարի գործում ունեցած ավանդի համար:
