ԵՄ-ն մտադիր է վերանայել Ռուսաստանի հանդեպ իր դիրքորոշումը
Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները երկուշաբթի օրը՝ մարտի 14-ին, կայանալիք հատուկ նիստի ժամանակ կքննարկեն Ռուսաստանի նկատմամբ նոր ռազմավարության մշակման հարցը, հաղորդում է Коммерсантъ-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Լրատվամիջոցի տվյալներով՝ արտգործնախարարները կփորձեն մշակել նոր ռազմավարություն, քանի որ ԵՄ-ում ընդունել են Ռուսաստանի հետ նախկին հարաբերություններին վերադառնալու անհնարինությունը։ «Վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին եվրոպական մայրաքաղաքներում եկել են եզրակացության. ցանկացած սցենարի դեպքում business as usual ոճով Ռուսաստանի հետ հարաբերություններին հնարավոր չէ վերադառնալ: Այժմ մենք չունենք Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին ընդհանուր պատկերացում, կան միայն պատժամիջոցներ, բայց այդպես միշտ չի կարող շարունակվել»,- ասել է ԵՄ կառույցներում աղբյուրը: Մեկ այլ աղբյուրի խոսքով՝ դեռ ոչ մի կոնկրետ որոշում չի նախատեսվում կայացնել: Սակայն մոտ ժամանակներս կարող է ներկայացվել ԵՏՄ-ի հետ ԵՄ-ի համագործակցության նպատակահարմարության մասին զեկույց։
