Պուտինը ցավակցել է թուրք ժողովրդին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտել է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունն ու ցավակցել է թուրք ժողովրդին՝ բազմաթիվ զոհերի առնչությամբ։ Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Կիրակի երեկոյան Անկարայի կենտրոնում՝ Թուրքիայի վարչապետի գրասենյակներից մեկից ոչ հեռու, ականապատ ավտոմեքենա է պայթեցվել։ Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ մեքենան գտնվել է երկու ավտոբուսների մեջտեղում։ Զոհվել է 34, վիրավորվել՝ 125 մարդ, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը: «Վլադիմիր Պուտինը վճռականորեն դատապարտում է Անկարայում անմարդկային ահաբեկչությունը։ Ռուսաստանի նախագահը սգում է թուրք ժողովրդի հետ, որն ահաբեկիչների հերթական հարձակմանն է ենթարկվել»,- հայտարարել է Պեսկովը։ Նա նաև հավելել է, որ Վլադիմիր Պուտինը խորապես ցավակցում է այդ ահաբեկչության հետևանքով հարազատներին ու մերձավորներին կորցրած անձանց և ապաքինում է մաղթում տուժածներին։
