Լևոն Տեր-Պետրոսյան. Պետականությանն սպառնացող վտանգավոր իրավիճակ

Ցանկացած հեղափոխության համար ամենակարևոր փորձաշրջանը նրա հաղթանակին անմիջապես հաջորդող ժամանակամիջոցն է: Այդ շրջանում է, որ, հաղթանակից ոգևորված, միաձույլ շարժման ակտիվիստներն սկսում են ինքնագործունեություն դրսևորել և փորձում նույն հեղափոխական մեթոդներով լուծել տարիներով կուտակված բազմաթիվ լոկալ խնդիրներ: Ահա այս երևույթն է, որի ականատեսն ենք այսօր: Հանրապետության համարյա ողջ տարածքում տեղի են ունենում, թեև իրենց պահանջներում միանգամայն արդարացի, բայց հեղափոխական կենտրոնի կողմից չկարգավորվող բողոքի ցույցեր` Արարատի ցեմենտի և ոսկու գործարանների, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի և «Նաիրիտի» աշխատակիցների, կաթի արտադրությամբ զբաղվողների, տաքսիստների, ավտոներկրողների, «Սասնա ծռերի» կողմնակիցների, բարձրագույն ուսումնական հաստատություններում ծագած խնդիրներով շահագրգիռ անձանց, ինչպես նաև դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների, Երևանի քաղաքապետարանի և թաղապետարանների գործունեությունից դժգոհ քաղաքացիների, Սևանում եկեղեցական ամառանոցի հողերի պատկանելության դեմ բողոքողների, զինկոմիսարիատի ծառայողների, և այլն: Կրկնում եմ` այդ բոլոր միջոցառումներն էլ, նրանց առաջ քաշած պահանջներն էլ, քիչ բացառություններով, միանգամայն արդարացի են: Այդ հարցերը վաղուց պետք է լուծված լինեին: Եվ եթե մինչև հիմա դրանք բացահայտ չեն արտահայտվել, ապա միայն ռեժիմի դաժան հակազդեցության, ուժային կառույցների բռնությունների, քրեական տարրերի ահաբեկումների, աշխատանքը և բիզնեսը կորցնելու վախից: Այսօր վախերը վերացել են, և մարդիկ փորձում են այդ խնդիրները լուծել Փաշինյանի կուռ, կարգապահ, առաջնորդի հրահանգները հստակորեն կատարող շարժման մեթոդով: Բայց հաշվի չի առնվում մի կարևորագույն հանգամանք. Փաշինյանն այսօր Հայաստանի վարչապետն է, պետության գլուխը, որի կարևորագույն պարտավորությունը պետական մարմինների բնականոն գործունեության ապահովումն է: Ուստի, թեկուզ անկեղծ մղումներով, այդ ինքնագործ ցույցերն ու մանավանդ շենքերի գրավումներն ու փողոցների փակմամբ երթևեկությունը խափանելու դեպքերը, վերջին հաշվով, թեև ոչ միտումնավոր, ուղղված են հենց Փաշինյանի դեմ: Բացառված չէ, սակայն, որ շարժման ակտիվիստների բողոքի անկեղծ և ինքնաբուխ գործողություններից բացի, որոշ նման ակցիաներ հրահրվում են նաև նախկին ռեժիմի կողմից, որը, թեև նահանջել է, բայց ամենևին չի կապիտուլացվել: Մի քանի օր հետո, պարզ է, որ հանրապետականները հաստատելու են կառավարության ծրագիրը` երկրի կառավարման ամբողջ պատասխանատվությունը դնելով Փաշինյանի վրա և խուսափելով իրենց համար այս պահին ոչ ձեռնտու արտահերթ ընտրությունների անցկացումից: Դրանից հետո նրանք, որ դեռ շարունակում են պահպանել իրենց կուռ շարքերը, փորձելու են նման մեթոդներով և կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները խափանելով, բացահայտ սաբոտաժով աստիճանաբար նվազեցնել նոր իշխանության հեղինակությունը և երկրում անկառավարելիության ու քաոսի վիճակ ստեղծել: Ցանկացած պետության կայացվածության գլխավոր չափանիշը նրա կառավարելիությունն է, պետական մեքենայի անխափան գործունեությունը: Եթե երկրի կառավարելիությունը չապահովվի, ոչ մի պետություն, անգամ բարեկամ, լուրջ չի վերաբերվի այդ երկրի իշխանությանը: Հայաստանում, ահա, ստեղծված է մի բացառիկ վիճակ, երբ պետական մեքենան կարող է ուղղակի ջարդվել, երկիրը մատնելով լիակատար անկառավարելիության: Սա ամենավտանգավոր իրավիճակն է ցանկացած պետության համար: Նույնիսկ բռնապետություններն այնքան վտանգավոր չեն, որքան երկրի անկառավարելիությունը, որովհետև բռնապետությունները ժամանակավոր են, վաղ թե ուշ վերանում են, բայց անկառավարելիությունը կարող է կործանարար լինել երկրի համար: Շատ օրինակներ չեմ ուզում բերել. մեր հասարակության համար, կարծում եմ,  բավարար են 90-ականների սկզբի Վրաստանի և Ադրբեջանի իրավիճակները: Այսօր թե՛ նոր իշխանությունների, թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հասարակության գիտակից խավերի գերխնդիրը պետք է լինի երկիրը ցնցումների չենթարկելու հրամայականը և պետության կառավարելիության պահպանումը: Այս պահանջը վերաբերում է նաև հին ռեժիմի կողմնակիցներին, որոնց մեջ, հուսով եմ, ռևանշի ձգտումը վերջնականապես չի բթացրել պետական շահի զգացումը: Այս ամենը ես ասում եմ ոչ որպես տեսական դատողություններ: Նման իրավիճակում Հայոց համազգային շարժումը հայտնվել է իշխանության գալուց և խորհրդարանի ու կառավարության ղեկավարումը ստանձնելուց անմիջապես հետո` շարժման ակտիվիստների և անվերահսկելի տարրերի ինքնագործունեության պատճառով (ՀԱԲ-ի ընդվզում, Արմավիրում և Մեղրիում անվտանգության և ոստիկանության բաժանմունքների գրավում, ճնշումներ շրջանային խորհուրդների կոմունիստ ղեկավարների դեմ, հեռուստատեսության շենք թափանցելու փորձ, Երևանի քաղկոմի (ներկայիս Սահմանադրական դատարանի) շենքի բռնազավթում և այլն): Մեզ հաջողվեց շատ կարճ ժամկետում, գլխավորապես հորդորների, իսկ երբեմն օրենքի գործադրման միջոցով, կարգավորել վիճակը և ապահովել պետության լիակատար կառավարելիությունը: Դրա շնորհիվ էր, որ մենք խուսափեցինք Վրաստանին և Ադրբեջանին բաժին ընկած աղետալի զարգացումներից և արժանացանք միջազգային հանրության հավանությանն ու լիակատար աջակցությանը: Արդարությունը պահանջում է նշել, որ հետագայում, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանի կառավարելիությունը ոչ միայն չսասանվեց, այլև բոլորովին ուրիշ, անընդունելի արժեքների դավանմամբ և հակաժողովրդարական ու հակաօրինական միջոցների կիրառմամբ նույնիսկ չափից ավելի կուռ դարձավ, ինչը և հանդիսացավ այսօրվա հեղափոխության հիմնական պատճառը: Հավաստիացնում եմ, հոդվածիս դրդապատճառը միայնումիայն սրտցավությունն է նոր կառավարության հաջողության հանդեպ: Ներկայիս համաժողովրդական շարժումը պատմական մեծ հաղթանակ է արձանագրել` տապալել է Հայաստանի 20-ամյա բռնապետությունը: Սրանով արդեն Փաշինյանն արժանի տեղ է զբաղեցրել հայոց պատմության մեջ: Ժողովրդի համար մեծագույն հիասթափություն կլինի, եթե նրան չհաջողվի պատվով դուրս գալ նաև ստեղծված այս վտանգավոր շրջափուլից` պատմության մեջ ավելի պատվավոր տեղ զբաղեցնելու համար: Լևոն Տեր-Պետրոսյան

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am