Գլխավոր դատախազը՝ պատգամավորների ձերբակալության մասին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Այս մասին նա հայտարարել է Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում: Լրագրողների հարցին՝ ՀՀ-ում կա՞ն քաղբանտարկյալներ, պատասխանել է. «Ոչ, չկան»: Ինչպես հավաստիացրել է՝ իրեն մինչեւ այսօր հայտնի չէ փաստ, որ միջազգային որեւէ կառույցի կամ գործընկեր որեւէ պետության կողմից, միջազգային փաստաթղթերով սահմանված ձեւակերպմանը համապատասխան Հայաստանում որեւէ մեկը ճանաչված լինի քաղաքական բանտարկյալ: Անդրադառնալով Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու որոշմանը՝ Դավթյանն ընդգծել է, որ դա եղել է դատարանի որոշումը: Դիտարկմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, իսկ ինքը որպես գլխավոր դատախազ, պնդում է հակառակը, այս հակասությունը չի՞ խոչընդոտելու վարչապետի հետ համատեղ աշխատանքին, ասել է. «Ցանկացած պաշտոնյա կարող է իր տեսակետը ներկայացնել, դատախազը իր տեսակետը ներկայացնում է վարույթում առկա նյութերի հիման վրա, իսկ ես այստեղ հակասություն չեմ տեսնում՝ համատեղ աշխատանքի առումով»: Հարցին էլ, թե այն, ինչ տեղի ունեցավ Էրեբունիում՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, առևանգո՞ւմ էր, թե՞ այլ բան, միայն նշել է. «Դա ձերբակալման գործընթաց էր»:
