Ի՞նչպիսին է Տարոն Աճեմօղլուի՝ Հայաստանի զարգացման տեսլականը
2018թ. մայիսի 13-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իր հետ հեռախոսազրույցում հայազգի աշխահահռչակ տնտեսագետ Դարոն (Տարոն) Աճեմօղլուն պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին և ընդունել է այցի իր հրավերը: «Հենց նոր հեռախոսազրույց ունեցա հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ: Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում: Պարոն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում», - Ֆեյսբուքում գրել է Փաշինյանը:
Նշենք, որ այս տեղեկատվությունը տարածվեց նաև թուրքական մամուլում, որը գրեց, որ «Աճեմօղլուն կփրկի Հայաստանի տնտեսությունը»։ Պոլսահայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն ծնվել է 1967թ. Ստամբուլում՝ հայկական ընտանիքում, 1986թ. ավարտել է Գալաթասարայի ավագ դպրոցը։ Այնուհետև, ավարտել է Լոնդոնի «Յորք» համալսարանը և դոկտորական պաշտպանել Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցում։ 1993թ. համալրել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետների շարքը՝ 2000թ. ստանալով պրոֆեսորի կոչում։ 2004թ. Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Չարլզ Քինդլբերգերի անվան կիրառական տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր է: Նա տեղ է զբաղեցրել ամերիկյան Foreign Policy պարբերականի կողմից հրապարակված «Համաշխարհային 100 ինտելեկտուալների» (The Top 100 Global Thinkers) ցանկում, IDEAS/RePec տնտեսական հետազոտությունների կենտրոնի կազմած աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների վարկանշային աղյուսակում Տարոն Աճեմօղլուն զբաղեցնում է 8-րդ տեղը: Տ. Աճեմօղլուն գլխավորում է տնտեսագիտական ուսումնասիրություններով զբաղվող ինտերնետային RePEc պրոյեկտի ամենաազդեցիկ տնտեսագետների ցանկը։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորը 2, 223 առաջատար տնտեսագետներից լավագույնն է ճանաչվել տասը տարվա ընթացքում իր կատարած գիտական աշխատանքների համար։ Աճեմօղլուն, որը աշխարհի 10 ամենահիշատակվող տնտեսագետներից մեկն է, հետազոտում է այն սոցիալ-քաղաքական գործընթացներն ու համակարգային գործոնները, որոնք երկրներին թույլ են տալիս տեխնոլոգիական և տնտեսական թռիչք կատարել։ Նրա և Հարվարդի պրոֆեսոր Ջեյմս Ռոբինսոնի հեղինակած «Ինչու են ազգերը ձախողվում» (Why Nations Fail) գիրքը աշխարհում ամենաշատ վաճառվող տնտեսագիտական աշխատություններից է։ Դրանում հեղինակները, ինչպես վերնագիրն է հուշում, լայն քննարկման ու վերլուծության են ենթարկում պետությունների ձախողման խորքային պատճառները: Մասնավորապես՝ ինչո՞ւ են որոշ ազգեր հաջողություններ արձանագրում, իսկ մյուսները ձախողվում են, ինչո՞ւ որոշ ազգեր զարգանում են ժամանակի երկար տևողության ծիրում, մյուսները՝ միայն մի կարճ ժամանակամիջոցում, որից հետո լճանում (stagnate) են: Գրքում հեղինակները բացառիկ հարուստ օրինակների հիման վրա (ընդսմին՝ թե՛ ժամանակի և թե՛ տարածության բազմաչափ մակարդակներում դիտարկելով) ապացուցում են, որ տնտեսական հաջողությունները բացատրվում են քաղաքական կառավարման և քաղաքական ու տնտեսական համակարգերի հաստատութենական ներգրավվածության աստիճանով: Գրքի հեղինակները, ըստ այսմ, առանձին քննարկման թեմա են դարձնում հաստատությունների զարգացման ու տնտեսական հաջողության կամ անհաջողության մեջ հաստատութենական (institutional) փոփոխությունների քննադատական հոդավորման (critical juncture) հիմնախնդիրը: Հընթացս նրանք մեկնաբանում են, թե ինչու են ազգային տնտեսական հաջողությունների նախընթաց բացատրություններն անբավարար: Այս համատեքստում Դ. Աճեմօղլուն և Ջ. Ռոբինսոնը երկրներն (countries) իրենց հաստատություններով (institutions) բաժանում են երկու՝ «կորզիչ» (extractive) և «ներգրավող» (inclusive) խմբերի: Կորզիչ երկրներում մի խմբավորումն իսկ (որպես օրենք՝ խիստ փոքր) ի վիճակի է կիրառել հարկադրիչ (coercive) ուժ՝ հափշտակելու հարստությունն ու հպատակեցնելու ավելի մեծ խմբերի: Ըստ այսմ՝ կորզիչ երկրներում մարդկանց մեծամասնությունը չափազանց քիչ է շահագրգռված հարստություն արտադրելով (produce wealth), քանի որ նրանք շատ լավ գիտեն, որ տիրապետող խմբավորումը այն կխլի իրենցից: Ներգրավող երկրներում քաղաքական իշխանությունը լայնորեն կիսված-բաշխված է, ուստի գրեթե անհնարին է դառնում վերահսկողությունը մեկ ոչ մեծ խմբավորման համար: Եվ ուստի տնտեսական հաստատությունները միտված են աշխատելու մեծամասնության համար: Ամփոփելով իրենց աշխատությունը՝ հեղինակները գրում են. «Այսօր երկրները ձախողվում են, քանի որ կորզիչ տնտեսական հաստատությունները չեն ստեղծում խթաններ, որոնք անհրաժեշտ են ժողովրդին՝ պահպանելու, ներդրում անելու և արդիականանալու համար»: Երևույթը համապարփակ է և բացահայտում է կառավարող ընտրանու (պետության) և քաղաքական ու տնտեսական հաստատությունների տարաբնույթ ներգործությունը համակեցական ամբողջի վրա: Նման գործընթացներից անմասն չէ և Հայաստանը: Գրքում Հայաստանը, ինչպես նաև հետխորհրդային մի շարք այլ երկրներ՝ Ադրբեջանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Թուրքմենստանը հիշատակված են «ձախողված պետությունների» շարքում, որտեղ «կորզիչ տնտեսական և քաղաքական հաստատությունները կարող են ձեռք բերել անթաքույց (unashamed) ծայրահեղ կորզիչ ձև»: Աշխարհահռչակ հայազգի տնտեսագետի խոսքով` Հայաստանին անհրաժեշտ է, առաջին հերթին, փոխել երկրի ազդեցիկ մարդկանց գիտակցությունը։ 2015թ. ապրիլին «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում Աճեմօղլուն հայտարարել է. «Իհարկե, ինձ միշտ հետաքրքրել են տնտեսական, քաղաքական և սոցիալական զարգացումները Հայաստանում։ Եզակի պատմություն և մշակույթ ունեցող Հայաստանը, այնուամենայնիվ, սոցիալ-տնտեսական ցուցանիշներով ոչնչով չի տարբերվում այլ հետխորհրդային երկրներից։ Նախկին խորհրդային երկրներից հաջողության են հասել միայն նրանք, որոնք կարողացել են ձերբազատվել խորհրդային ժառանգությունից մնացած սոցիալ-տնտեսական համակարգից: Մինչդեռ մյուսները՝ այդ թվում Ուկրաինան, Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը, չկարողացան փոխել քաղաքական և տնտեսական էլիտայի խորհրդային ինքնությունը, ինչը բացասաբար անդրադարձավ նրանց զարգացման վրա: Ցավոք սրտի, Հայաստանը նույնպես այս երկրների թվին է պատկանում, սակայն, ի տարբերություն, օրինակ, Ղազախստանի, Ադրբեջանի կամ Թուրքմենստանի, Հայաստանի համար դրանք շատ ավելի լուրջ դժվարություններ են, քանի որ նա սփյուռքի միջոցով սերտ կապված է արտաքին աշխարհին, և այդ պատճառով Հայաստանի բնակչության համար շատ ավելի հեշտ է լքել երկիրը: Հենց այդ պատճառով էլ արտագաղթը, հատկապես՝ երիտասարդների արտագաղթը, սարսափելի վտանգ է Հայաստանի համար։ Լուրջ հաջողություններ գրանցելու համար Հայաստանին անհրաժեշտ է առաջին հերթին փոխել երկրի ազդեցիկ մարդկանց գիտակցությունը, վերջնականապես ձերբազատվել խորհրդային քաղաքական և տնտեսական մոտեցումներից և զարկ տալ ստեղծագործական ջանքերին ու աշխատասիրությանը»։ 2013թ. հոկտեմբերի 19-ին Տ. Աճեմօղլուն ԵՊՀ-ում անցկացված Հայկական տնտեսագիտական միության տարեկան գիտաժողովին Բոստոնից իր տեսաելույթի ընթացքում հայտարարել է. «Ես, իհարկե, Հայաստանի հարցերով մասնագետ չեմ, բայց կարող եմ ասել` խնդիրը, որ Հայաստանն ունի, աշխարհագրական չէ, մշակութային չէ, աշխարհաքաղաքական չէ, այլ քաղաքական է։ Խնդիրը քաղաքականությունը սեփական քաղաքացիների պահանջներին ավելի համահունչ դարձնելն է: Այնպես, որ քաղաքական այդ գործընթացի միջոցով Հայաստանը դադարի լինել օլիգարխիա, այլ դառնա հասարակություն, որը շատ ավելի մեծ խթաններ կապահովի իր քաղաքացիների մեծամասնության համար, որպեսզի այն կարողանա համախմբել այն նշանակալից ներուժը, որն ունի»,- ասել է տնտեսագետը: 2017թ. ապրիլին Տ. Աճեմօղլուն մասնակցել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի կազմակերպած «Անցումային շրջանի ավարտը։ Հայաստանը 25 տարի անց։ Հիմա՞ ինչ» խորագրով գիտաժողովին և տեսակապով զրուցել է Սալբի Ղազարյանի հետ՝ նշելով. «Վերջին երկու տարիներին ես հույսս գրեթե ամբողջությամբ կորցրել եմ Հայաստանի համար, որովհետև կոռուպցիայի մակարդակը, քաղաքական վերահսկողության և քաղաքական այրերի կողմից համակարգը փակ պահելու, քան բացելու հակումը միանգամայն համակարգային բնույթ են ունեցել, իսկ քաղաքացիական հասարակության կառույցները, որոնք սկզբում և ընթացքում շատ ակտիվ էին, կարծում եմ՝ ձանձրացել են պետության կողմից իրենց նկատմամբ չափազանց մեծ ընդդիմացման պատճառով»։ Աճեմօղլուն զուգահեռներ է անցկացրել և նշել, որ Խորհրդային Միության անկումից հետո պետությունները անցումային երկու ուղղությամբ են ընթացել։ Երկրների մի խմբում, օրինակ՝ Չեխիա կամ Էստոնիա, որտեղ կոմունիստական էլիտաները հեռացվել են, համակարգերը՝ բացվել, անցումը շատ ավելի լավ է աշխատել։ Երկրների մյուս խմբում, օրինակ՝ Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, նախկին կոմունիստական էլիտաները շարունակել են վերահսկել իրավիճակը, և այնտեղ հետընթաց է եղել։ «Ցավոք Հայաստանն ավելի մոտ է երկրորդ խմբին։ Եվ մենք դրա համար թանկ գին ենք վճարել։ Ես կարծում եմ, որ Հայաստանը կարող էր շատ ավելի նման լինել Չեխիային կամ Էստոնիային, սակայն փոխարենը ավելի շատ նմանվել է Ադրբեջանին ու Ուզբեկստանին, ինչն իսկապես ամոթ է»,- ասել է Աճեմօղլուն։ Նա նշել է, որ առավել ճնշող է այն հանգամանքը, որ, օրինակ, անհաջող անցումային երկրներից Ղազախստանը, որ շատ հեռու է ժողովրդավարական լինելուց, որոշակի քայլեր արել է ինստիտուտների ուժեղացման ուղղությամբ։ Ըստ Աճեմօղլուի՝ եթե Հայաստանում անկախության սկզբնական շրջանը ավելի բարեհաջող էր, և երկիրը ավելի բաց էր ու դուրս նայող, հետագայում վիճակը գնալով վատացել է․ «Ես կարծում եմ, որ Հայաստանում ամեն ինչ շատ ավելի լավ կարող էր լինել, և հույս ունեմ, որ դեռ ուշ չէ, բայց իսկապես շատ հույսեր ի դերև են եղել»։ Հարցին, թե ինչը կարող էր տարբեր լինել Հայաստանում, բացի հին էլիտաներին հեռացնելուց, Աճեմօղլուն պատասխանել է․ «20-րդ դարի առաջին կեսին ԱՄՆ-ում մի լրագրող կար՝ Լինքոլն Սթիվենս (Lincoln Steffens), որը շատ էր գրում ամերիկյան քաղաքներում կոռուպցիայի մասին և մի յուրատեսակ կարգախոս ուներ՝ «տականքներից ազատվեք»։ Նրա տեսակետն այն էր, որ եթե ցանկանում ես քաղաքները մաքրել դրանցից, ընտրողները կանոնավոր պետք է դեմ քվեարկեն, երբ նրանք կոռումպացված են, անհաղորդ են հանրության պահանջներին և անում են բաներ, որոնք չեն բխում հանրության շահերից։ Իմ կարծիքով՝ ինչ տեղի չի ունեցել Հայաստանում, այն է, որ նա չի գնացել Սթիվենսի նախանշած ուղով։ Հայաստանում բազամթիվ անհաջող կառավարություններ են եղել, բայց հիմնականում տարաբնույթ պատճառներով, մասամբ՝ հովանավորչության, մասամբ՝ քաղաքացիական հասարակության կողմից ոչ բավարար ընդդիմացման, ադ կառավարությունները ընտրությունների միջոցով չեն փոխվել։ Ես համոզված եմ, որ Հայաստանը պայծառ ապագա կունենա միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական գործընթացներն ավելի լավ աշխատեն»։ Հարցին, թե ինչը կարող է նպաստել, որ ժողովրդավարական գործընթացներն ավելի լավ աշխատեն՝ մշակո՞ւյթը, աշխարհագրությո՞ւնը, կառավարման ժառանգած ավանդույթնե՞րը, թե՞ որևէ այլ բան, Աճեմօղլուն պատասխանել է․«Ես չեմ կարծում, որ հայկական մշակույթի մեջ կա որևէ բան, որը հակասում է կամ անհամատեղելի է ժողովրդավարության հետ։ Ուստի չեմ կարծում, որ մշակույթն է։ Եվ ես գիտեմ, որ Հայաստանը շատ բարդ աշխարհագրական միջավայրում է։ Հարևանները, որ մենք ունենք՝ Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան, նրանցից և ոչ մեկը չի նպաստում Հայաստանի տնտեսական և քաղաքական վերելքին։ Սակայն ես նաև կարծում եմ, որ աշխարհագրությունը որևէ կերպ բախտորոշ չէ։ Իհարկե, հանգամանքը, որ Հայաստանը բարդ աշխարհագրություն ունի՝ տրանսպորտային ուղիներին կապվելու լեռնային տեղանք և բարդ մատչում ծովին, անբարենպաստ է, սակայն այս խոչընդոտներն անհաղթահարելի չեն»,- ասել է Աճեմօղլուն և բերել երկու երկրների օրինակ՝ Շվեյցարիայի և Իսրայելի։ Նրա խոսքով՝ Շվեյցարիան Հայաստանի եվրոպական տարբերակն է, և շատ հաջողված է։ «Մենք ունենք Իսրայելի օրինակը, երկիր՝ շրջապատված թշնամիներով, որոնք ցանկանում են նրա վերջը տալ։ Ու թեև Իսրայելը կատարյալ չէ, բայցևայնպես ամբողջ Միջին Արևելքում ամենահաջողված ժողովրդավարությունն է։ Եվ այն չափազանց զարգացած է տեխնոլոգիապես և տնտեսապես։ Այնպես որ, ես կարծում եմ՝ աշխարհագրական գործոնները բարդացնում են Հայաստանի վիճակը, սակայն դրանք չեն այն հիմնական պատճառները, որտեղ մենք պետք է որոնենք խնդիրները։ Ես կարծում եմ՝ Հայաստանի խնդիրները երկրի քաղաքական համակարգի ներսում են»,- ասել է Աճեմօղլուն։ Նա բերել է Չեխիայի և Լեհաստանի օրինակը, որոնք կարողացել են թոթափել կոմունիստական դարաշրջանը՝ ուժեղացնելով դեռ խորհրդային տարիներից առկա քաղաքացիական շարժումները, արհմիությունները և բողոքների շարժումները, և դրանց հենքի վրա կառուցել ինստիտուտներ։ «Հայաստանը նույն մակարդակի քաղաքացիական կազմակերպվածություն չուներ, ինչը իհարկե ավելի բարդ խնդիր է, երբ դու Խորհրդային Միության մաս ես, սակայն քաղաքացիական հասարակության այդ կառույցները անմիջապես սկեցին զարգացալ անցումային փուլին զուգահեռ։ Իհարկե, Հայաստանի դեպքում չկար այնպիսի հզոր կողմնորոշիչ գործոն, ինչպիսին Եվրոպական Միությունն է, որը նրա համար կլիներ մոդել։ Այդ գործոնը ենթադրաբար կարող էր լինել Սփյուռքը, սակայն ես կարծում եմ, որ Սփյուռքի գործոնը խառն ազդեցություն է ունեցել․Սփյուռքը Հայաստանի համար եղել է հեշտ փողի աղբյուր, իսկ հեշտ փողը հենց այն է, որը սնում է կոռուպցիան ինստիտուցիոնալ այնպիսի թույլ միջավայրում, որն ունի Հայաստանը»։ Ադրբեջանի հետ պատերազմը և հարաճուն լարվածությունը, Աճեմօղլուի կարծիքով, նույնպես չեն նպաստել քաղաքական գործընթացներին․ «Սակայն երկու կարծիք լինել չի կարող․ մենք պետք է ուժեղացնենք այն ամենը, որոնք հարկավոր են ժողովրդավարության համար աշխարհի որևէ այլ մասում։ Քաղաքացիական հասարակություն, ազատ մամուլ, ուսանողական միություններից մինչև պրոֆմիություններ, մինչև բիզնես միություններ ու քաղաքական կուսակցություններ, որոնք իսկապես ազատ են և չեն ընկալվում որպես հովանավորյալ կառույցներ։ Դրանք պետք է զարգանան, և զարգացման միակ ճանապարհը ներքևից վերև է»։Չնայած Աճեմօղլուն հայտարարում է, թե Հայաստանի հարցերով մասնագետ չէ, սակայն նրա վերոնշյալ հայտարարությունները թույլ են տալիս պնդելու, որ նա քաջատեղյակ է Հայաստանի ներքին խնդիրներից և կարող է իր ուրույն ներդրումն ունենալ դրանց լուծման մեջ։
Այժմ նրան հնարավորություն է տրվել «բուժել» Հայաստանի տնտեսությունը՝ իր տեսլականի համաձայն։
