Ավտովթար Կոտայքի մարզում. բժիշկները պայքարում են 3 վիրավորների կյանքի համար
Այսօր` մարտի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09 :00-ի սահմաններում Mitsubishi մակնիշի 01 FR 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան- Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում` դեպի Սևան ընթանալիս` դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե հենասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Հրազդանի շտապօգնության բժիշկները և Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը: Վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարների ավտոմեքենայով, իսկ երկուսին` ավոմեքենայից դուրս են բերել փրկարարները մեծ դժվարությամբ` օգտագործելով հատուկ տեխնիկա: 2 վիրավորներին հիվանդանոց է տեղափոխել Հրազդանի շտապօգնության հերթապահ խումբը: Փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարում է ջոկատի հրամանատար Սամվել Դավթյանը: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը` Հրազդանի ոստիկանապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխացնել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ավագ քննիչ Համլետ Աբրահամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկ-քարշակի միջոցով տեղափոխվում է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Վթարի վայյրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ վարորդը ավտոմեքենայով ընկել է սահքի մեջ և չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ինչից հետո բախվել է կամրջի հենասյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը: Զննությամբ ավտոմեքենայում հայտնաբերվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Գավառի պետական համալսարանի ստուգման գրքույկներ` Էդիկ Հրանտի Գասպարյանի, Տիգրան Գրիշայի Կարախանյանի և Տավրոս Միքայելի Կարապետյանի անվամբ, ովքեր սովորում են նշված համալսարանի իրավագիտության ֆակուլտետեում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև, թե արդյոք նշված անձինք են եղել հիվանդանոց տեղափոխվածները: Ի դեպ` մեկ շաբաթ առաջ էլ նույն հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով տեղի էր ունեցել ողբերգական ավտովթար, ինչի մասին տեղեկացրել էր SHAMSHYAN.com-ը:
