ՆԱՏՕ-ի АWACS ինքնաթիռը Թուրքիայի երկնքում առաքելություն կիրականացնի
ՆԱՏՕ-ին պատկանող հեռահար ռադիոտեղորոշման հայտնաբերման AWACS ինքնաթիռը մարտի 12-15-ը Թուրքիայի օդային տարածքում կիրականացնի առաքելություն՝ ցույց տալու անվտանգության ապահովման հարցում դաշինքի համերաշխությունը Թուրքիայի հետ՝ սիրիական ճգնաժամի ֆոնին: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը: «Կապված սիրիական ճգնաժամի և տարածաշրջանային իրադարձությունների հետ՝ ՆԱՏՕ-ի կողմից Թուրքիայի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում մարտի 12-ից 15-ը պարեկություն կանի AWACS ինքնաթիռը: Նմանատիպ ակցիաներ ծրագրվում է պարբերաբար անցկացնել առաջիկա ամիսներին՝ հավաքական անվտանգության սկզբունքների շրջանակներում, որոնք համարվում են ՆԱՏՕ-ի գլխավոր պարտավորությունը: Դա Թուրքիայի հետ համերաշխության դրսևորում է՝ ընդդեմ պոտենցիալ սպառնալիքների»,- ասված է հայտարարության մեջ:
