Արմեն Սարգսյանը և Պյոտր Սվիտալսկին մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերի վերաբերյալ
Նախագահ Արմեն Սարգսյանն «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, Հանրապետության նախագահը շնորհավորել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին ու պատվիրակության ողջ անձնակազմին և ի դեմս նրանց՝ ԵՄ մեծ ընտանիքին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և բարեկեցություն: Դեսպան Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին այցելության և շնորհավորական ջերմ խոսքերի համար՝ ընդգծելով, որ այսօրվանից Հայաստանի տարբեր վայրերում կմեկնարկեն «Եվրոպայի օրվա» տոնակատարությունները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերի և ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ:
