Առյուծի ճանկերից ազատված Արտյոմի մասին. Գյուղում պատմում են...
Բնապահպան Սիլվա Ադամյանը երեկ ֆեյսբուքում կատարած գրառման միջոցով ահազանգ էր հնչեցրել. «Հարգելի գործընկերներ: Սարսափելի լուր ստացանք այսօր Ուրցաձորի առյուծների կացարանից: Պարզվում է կենդանիները մարդ են հոշոտել»: Ահազանգի հետ կապված մանրամասները ճշտվեցին ավելի ուշ: Պարզվեց, որ «հոշոտվածը» Արարատի մարզի Արալեզ համայնքի 44 ամյա բնակիչ Արտյոմ Ավետիսյանն է: Արտյոմը ընկերների հետ Խոսրովի անտառի տարածքում խնջույք է կազմակերպել: Ավելի ուշ, երբ ալկոհոլը խիզախություն է ծնել՝ գնացել է «Լենինականից բերած առյուծներին տեսնելու»: «Ինքը կենդանիների հետ սեր ունի, մի անգամ էլ արջի է հանդիպել ու քիչ է մնացել աչքը հանի:Առյուծին՝ շան տեղ է դրել, ու իր կամքով շրջանցելով արգելապատնեշները գնացել է թաթիկը շոյելու»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Արալեզ համայնքի ղեկավար Մարտիկ Թևոնյանը: «Տղու բախտը բերել է, որ տարածքում բնապահպաններ են եղել ու քարով փետով խփել են առյուծին, որ ձեռքը բաց թողնի: Բայց էլի ահագին վնասվել է...»,-մանրամասնեց գյուղապետը: Արտյոմ Ավետիսյանին անմիջապես տեղափոխել են Երեւանի «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա եւ ձեռքը վիրահատել:Հիվանդանոցից հայտնեցին, որ այս պահին վիճակը կայուն է: «Գյուղում արդեն հումոր են անում.ասում են՝լավ է Արտյոմի աջ ձեռքն է բռնել առյուծը, այլապես, որ ձախը բռներ Արտյոմը մի հատ հավեսով բերնին կտար»,-եզրափակեց գյուղապետը: Նշենք, որ Ուրցաձորի կենդանիների վերականգնողական կենտրոնը ֆինանսավորում է FPWC կազմակերպությունը, որին էլ կատարվածի մեջ մեղադրում են բնապահպանները: Նշենք, որ Գյումրիի մինի կենդանաբանական այգու 3 առյուծները փետրվարի 10-ին տեղափոխվել են Ուրցաձորի կենդանիների վերականգնողական կենտրոն, որը ֆինանսավորում է FPWC կազմակերպությունը: Աստղիկ Ավագյան
