Մեր պատասխանն Ադրբեջանին «ամոթալի է». քաղաքագետ
Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը խոսեց սահմանին տիրող վիճակի մասին: Հարցին, թե ինչպիսի՞ն է մեր պատասխանն Ադրբեջանին, նա արձագանքեց. «Ամոթալի: Անընդհատ հայտարարում ենք, ասում ենք, թե պատասխան ենք տալու, բայց ի՞նչ ենք անում: Պետք է համարժեք, մի բան էլ ավելի պատասխան տրվի: Մենք թույլ ենք տալիս, որ մեր դեմ ինչ ասես՝ անեն, իսկ հետո հայտարարենք, որ հայկական կողմը շատ զսպված է գործել: Իսրայելի պես պետք է մեկին տասը պատասխանենք»: Նա համոզմունք հայտնեց, որ Բաքուն կպահպանի իր քաղաքականությունը, լարված պահելով հայ-ադրբեջանական սահմանը: «Հայաստանը ցավոք այնպիսի տարածաշրջանում է, որտեղ անհնար է զերծ մնալ տարածաշրջանային պրոցեսներից: Ինչպես կներգրավենք՝ անհնար է ասել, ժամանակը ցույց կտա, բայց չներգրավել հնարավոր չէ»,-ասաց նա և հավելեց, որ այս համաշխարհային լարվածությունը, և հատկապես մեր տարածաշրջանում չի կարող որևէ մեկի համար բարենպաստ լինել: Մեկ այլ դարավոր խնդիր ունենք Թուրքիայի հետ. «Թուրքիան վաղ թե ուշ կանգնելու է տրոհման առջև: Մեր խնդիրը պետք է քրդերի հետ լինի, բայց մենք չափազանց զգուշավոր քաղաքականություն ենք վարում: Դա նշանակում է, որ գրեթե վախկոտ ենք: Մենք պետք է նախաձեռնող լինենք, ոչ թե պատասխանողի դերում»,-շեշտեց քաղաքագիտության դոկտորը:
