Արդարադատության փոխնախարարը համաձայնեց Արտակ Զեյնալյանի հետ
ԱԺ-ում «Տեղական հանրաքվեի մասին» օրինագիծը ներկայացնելիս Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց,որ օրենքի նախագիծը միտված է արդյունավետորեն կարգավորել քաղաքացու իրավունքը՝ տեղական մակարդակով իշխանությանը մասնակցելու հարցում: « Նախագիծը մշակելիս հաշվի են առնվել ԱԺ կողմից ընդունված «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքը: Սահմանվել է տեղական հանրաքվեի դրվող եւ չդրվող հարցերի շրջանակը, տեղական հանրաքվեի դնելու, այն կազմակերպելու հարցերը: Սահմանվել է, որ տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ համայնքի բնակիչները, համայնքի ղեկավարը, ավագանին: Հանրաքվե անցակցնելու որոշումը կայացնում է ավագանին, իսկ նշանակելու որոշումը՝ համայնքի ղեկավարը: Ընդ որում, սահմանվել է նաեւ, որ եթե համայնքի ղեկավարը անհրաժեշտ ժամանակում որոշում չկայացնի հանրաքվե նշանակելու մասին, ապա հանրաքվեն նշանակված կհամարվի իրավունքի ուժով:Տեղական հանրաքվեի արդյունքների վիճարկման համար գործում է նույն կարգը, ինչպես սահմանվում է հանրաքվեի մասին օրենքով »,-ասաց փոխնախարարը: «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը իր խոսքում նշեց, որ փաստորեն հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու համար հիմք է այնպիսի խախտումը, որ ազդել է հանրաքվեի արդյունքի վրա, եւ կամ այնպիսի խախտումը, որ կարող էր ազդել ընտրության արդյունքի վրա. «Համաձայն չե՞ք, որ «կարող է» եզրույթի կողքը ավելացնենք «ունակ է» եզրույթը»,-ասաց նա, ինչին արդարադատության փոխնախարարը համաձայնեց եւ խոստացավ երկրորդ ընթերցման ժամանակ դա ավելացնել:
