Հայհոյանքով ու շանտաժո՞վ եք ուզում, որ իմ դիրքորոշումը փոխեմ. Արփինե Հովհաննիսյան
Այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ելույթի սկզբում հայտարարեց, որ նախապայման է ստեղծում, որպեսզի Հանրապետականի ելույթը չընդունվի սրերով, վատ տոնայնությամբ։ Նա կարծիք հայտնեց, որ Փաշինյանը մտահոգ է երկրի համար, և դա իր կողմից երեսպաշտություն չէ։ «Դուք ինձ հարգելո՞ւ եք, եթե ես հայհոյանքների ու սպառնալիքների արդյունքում փոխեմ իմ համոզմունքները, սկզբունքները: Հայհոյանքով ու շանտաժո՞վ եք ուզում, որ ես իմ դիրքորոշումը փոխեմ, ախր ինձ այդպես չեք ճանաչում, ախր ես ձեզ այդպես չեմ ճանաչում: Թերևս շատերը կվկայեն, որ իմ և պարոն Փաշինյանի 7-ամյա գործընկերության հարաբերությունները եղել են կառուցողական մթնոլորտում, չի եղել պոպուլիզմ, եղել է մտահոգ գործիչների մտքերի փոխանակություն: Ես էլի շարունակում եմ կարծել, որ պարոն Փաշինյանը մտահոգ է Հայաստանի ճակատագրով»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը: Խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին՝ Արփինե Հովհաննիսյանը նաև հարցրեց. «Չի եղե՞լ իրավունքների խախտում, երբ իմ ընտանիքի անդամի հոգեհանգստի ժամանակ թաղման թափորը չէր կարողանում դիակը հասցնել եկեղեցի, որովհետև ճանապարհը փակել էին: Էժան տրյուկ չէ, անկեղծ հարց եմ տալիս, ո՞ւր ենք մենք հասել»:
