Լեհաստանը հուլիսին կդառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ
Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերևիչը ՆԱՏՕ-ի հետ հանրապետության հարաբերությունների 17-ամյակի առիթով միջոցառման ժամանակ հայտարարել է, որ հուլիսին մեկընդմիշտ կփոխվի դաշինքում Լեհաստանի ներկայության բնույթը՝ փոխանցում է Լեհաստանի ռադիոն։ «Լեհաստանը կանգնած է մեծ փոփոխության շեմին, ինչպիսին է անցումը ՆԱՏՕ-ում քաղաքական մասնակցությունից լիիրավ անդամակցության»,- հայտարարել է Մացերևիչը՝ հիշեցնելով, որ հուլիսին Վարշավայում կանցկացվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Պաշտպանության նախարարը հիշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2009 թվականին հնչեցրած խոսքերն այն մասին, որ Մոսկվան ցանկանում է փոխել Եվրոպայում քաղաքական հարաբերակցությունը։ «Այդ խոսքերն արվել են Վրաստանում ագրեսիայից մեկ տարի անց և Սմոլենսկում լեհական ողջ էլիտայի մահից կես տարի առաջ։ Դժվար է ենթադրել, որ աշխարհը չի տեսել այդ նախազգուշացումը, նույնիսկ եթե լռում է այդ մասին»,- նշել է նախարարը։ Նա հավելել է, որ Լեհաստանը կիրագործի ՆԱՏՕ-ի՝ իր բոլոր դաշնակցային պարտավորությունները։
