Ի՞նչ կապ ունի նախարարը «Ինտեր լոտո» ընկերության հետ /տեսանյութ/
ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը երեկ հրավիրված ասուլիսի սկզբում հանգամանորեն ներկայացրեց կրթական ոլորտում առկա հիմնական խնդիրները: Նախարարը նշեց, որ խնդիրը երկու հարթության մեջ է` կրթության առաքելությունը, որի մասին մոռանում ենք, և այդ առաքելությունից բխող շղթան: «Կան մի շարք խնդիրներ կրթական ոլորտում, որի պատճառով քաղաքացիների մոտ անբավարարվածության զգացում է առաջանում: Օրինակ` ավագ դպրոցը: Այն պետք է իրականում ծառայեր նրան, որ ավագ դպրոցներում սովորողները մասնագիտական կրթություն ևս ստանային, այնինչ այսօր ավագ դպրոցը չի կատարում իր հիմնական դերը: Այսօր մենք ավագ դպրոցի բեռնաթափում պետք է անենք` այն իմաստով լցնելու և հնարավորություն ստեղծելու նպատակով, որպեսզի դառնա այն ուժը, որը 9-ամյա կրթությունից հետո աշակերտին կօգնի կյանք մտնել»,- ասաց Մկրտչյանը` հավելելով, որ ծնողը և երեխան շահագրգռված չեն ավագ դպրոց հաճախել: Նախարարի խոսքով` պատճառներից մեկն այն է, որ այնտեղ երեխան մասնագիտական կողմնորոշում չի ստանում: «Ծնողները նախընտրում են, որ իրենց երեխաները երեք առարկա պարապեն և ընդունվեն որևէ տեղ, քանի որ ավագ դպրոցն իր դերը չի կատարում. պետք է բեռնաթափենք, հոսքային բաժանումները ճիշտ պետք է արվեն»,- նշեց նախարարը` հավելելով, որ այնպես պետք է բեռնաթափել, որ երեխան ոսուցիչների հետ պարապի այն առարկաները, որոնք իրեն պետք են ընդունելության համար: Մկրտչյանի խոսքով` ավագ դպրոցները մարզերում ավելի կայացած են, քան Երևանում: «Մենք պետք է գնանք ավագ դպրոցներ` պարզելու համար, թե ինչ խնդիրներ կան այնտեղ, աշակերտները հաճախո՞ւմ են, թե՞ ոչ: Ամեն օր մեկ անակնկալ այց եմ անելու մայրաքաղաքի կամ մարզային դպրոցներ»: Անդրադառնալով լրագրողի հարցին, թե ՞նչ կապ ունի նախարարը կամ նրա ընտանիքը «Ինտեր լոտո» ընկերության հետ Մկրտչյանը արձագանքեց «Ես կապ չունեմ»: Դիտարկմանը՝ իսկ Ձեր եղբա՞յրը, նախարարը ասաց . «Հարցրեք եղբորս... Անձնական բնույթի ցանկացած հարցի պատրաստ եմ պատասխանել: Իմ եղբայրը բիզնեսով է զբաղվում ու իմ հետ որևէ առնչություն չունի և շատերը, ովքեր Երևանում ապրում են ու գիտեն, դրան տեղյակ են»: Աստղիկ Ավագյան Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում:
