Սյուզին ևս բերման ենթարկվեց
Ռուսաստանից եկած քաղաքացիական ակտիվիստ Սյուզի Գևորգյանին երեկ ևս բերման են ենթարկել դատարանի շենքի վրա ձվեր շպրտելու համար: Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում Գևորգյանը տեղեկացրեց, որ 14:30-ի սահմաններում քաղաքացիական հագուստով ոստիկաններ են իրեն մոտեցել և հրավիրել են ոստիկանություն: «Նրանք չպատճառաբանեցին, թե ինչու համար են ինձ բերման ենթարկում, միայն ասել են, որ պետք է իրենց հետ նստեմ մեքենան: Ոստիկանությունում արդեն պարզ դարձավ, որ ինձ բերման են ենթարկել առավոտյան Վերաքննիչ դատարանի դիմաց տեղի ունեցած ակցիային մասնակցելու համար»,-պատմեց ակտիվիստը: Սյուզի Գևորգյանի խոսքով՝ ոստիկաններից մի քանիսը վիրավորական խոսքեր են ասել ակտիվիստների հասցեին: «Ոստիկաններից մեկը մեզ վիրավորեց` ասելով, որ Գևորգը հանցագործ է, մեր պայքարն էլ անիմաստ և իշխանությունների հասցեին նման բաներ չպետք է ասենք: Ես անկեղծ զայրացած եմ, որովհետև Ռուսաստանից տեղափոխվել եմ իմ երկրում ինձ ազատ զգալու համար»,-նշեց Սյուզի Գևորգյանը: Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 11-ին, Վերաքննիչ դատարանը մերժեց Գևորգ Սաֆարյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ Վերաքննիչ բողոքը` խափանման միջոցը՝ կալանքը, փոխելու վերաբերյալ: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչները որոշումից հետո՝ ի նշան բողոքի ձվեր են նետել դատարանի շենքի վրա: Ոստիկանների և բողոքող քաղաքացիների միջև բախումից հետո ակտիվիստ է բերման ենթարկվել: Աստղիկ Ավագյան
