Կարեն Կարապետյանի նախկին խորհրդականը՝ հեղափոխական
Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանում հասարակական հիմունքներով խորհրդականներից մեկը՝ Մհեր Տերտերյանը, եւս «Քայլ արա, մերժիր Սերժին» երթ-հանրահավաքների ակտիվ մասնակիցներից էր: Նա, ի դեպ, ապրիլի 6-ից այլեւս չի աշխատում այդ պաշտոնում եւ անկաշկանդ «մերժում» էր Սերժին, ցնցող լուսանկարներ անում ակցիայի մասնակիցների հետ: Տերտերյանը Ղազախստանի Ակտոբե քաղաքի «Ուրարտու» մշակութային կենտրոնի փոխնախագահն է, բիզնեսմեն, Ակտոբեում գործող՝ մսի արտադրությամբ զբաղվող «Պարիժսկայա կոմունա» ՍՊԸ-ի տնօրենը: Տերտերյանը, փաստորեն, ղեկավարում է մի ընկերություն, որն ունի զիլ հեղափոխական անուն՝ Փարիզյան կոմունա: Փարիզյան կոմունան (La Commune de Paris), նշենք, 1871 թ. ձեւավորված հեղափոխական կառավարություն էր, որն սկսեց գործել Ֆրանսիայի եւ Պրուսիայի միջեւ պատերազմի ավարտին հաստատված հաշտությունից հետո: Տերտերյանի հայրը՝ Հայկ Տերտերյանը, Ակտյուբինսկի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոսն է, գործարար, տեղի հայտնի համայնքային գործիչներից: Հյուպատոսությունը, հիշեցնենք, մեծ շուքով անցյալ տարի նոյեմբերին բացվեց, որին ներկա էին տեղի ազդեցիկ հայ, ռուս, ղազախ գործարարները: Ինչպես գիտենք՝ Ղազախստանի նախագահի դստեր հետ սերտ հարաբերություններ ունի նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Մարնամասները՝ Հրապարակ օրաթերթի այսօրվա համարում
