Ծառուկյանի թեկնածությունը կառաջադրե՞ն.Փաշինյանի պատասխանը
«Մենք դավաճանած կլինենք ազգային զարթոնքի շարժումը, եթե այդ զարթոնքը դե յուրե արձանագրելու համար բոլոր հնարավոր ջանքերը չգործադրենք: Մենք չենք կարող անել այնպիսի գործողություն, որը կնսեմացնի քաղաքացու հաղթանակի զգացումը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Մայիսի 1-ին կանխորոշում եմ հարյուր հազարավոր քաղաքացիներ Երևանի փողոցում: Հայաստանի բոլոր քաղաքացիներին այս պահից կոչ ենք անում մայիսի 1-ին՝ առավոտյան ժամը 8-ին, լինել Երևանում և հեղեղել Երևանի փողոցները և հրապարակները», — ասաց Նիկոլ Փաշինյանy՝ պատասխանելով հարցին, թե որտեղ է լինելու մայիսի 1-ին, երբ ԱԺ-ում նախանշված է վարչապետի ընտրություն։ Նա հույս հայտնեց, որ ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքն իրենց դիրքորոշումները կհստակեցնեն և մինչև մայիսի 1-ը հայտարարեն, թե ինչպես են պատրաստվում քվեարկել վարչապետի ընտրության ժամանակ։ Հարցին` հնարավոր չէ՞, որ «Ծառուկյան» դաշինքն առաջադրի Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը, նա նշեց. «Ես կարծում եմ` տվյալ իրավիճակում ցանկացած քայլ կարժանանա ժողովրդի ճշգրիտ գնահատականներին»,-պատասխանեց նա:
