Սանձազերծվող սահմանային սադրանքները քարոզչության միջոց են
Բաքվի բռնապետական ռեժիմը երկրի ներսում տեղի ունենալիք դժգոհության ալիքները ճնշելու համար անընդհատ պետք է ցույց տա, որ, ըստ էության, պատերազմական վիճակ է: Այդ մասին, այսօր, Արցախի պետական համալսարանում լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով սահմանում անցած գիշեր ադրբեջանական կողմի սանձազերծած հերթական դիվերսիայի մասին հարցը: «Վաղուց նկատել ենք, որ կարևոր հանդիպումներից առաջ կամ հետո, սադրանքների ալիքը պարտադիր բարձրանում է: Մյուս կողմից նկատելի է, որ ղարաբաղյան չկարգավորված խնդիրը ձեռնտու է Բաքվի ռեժիմին, որովհետև այն այդպիսով է սնուցվում: Եթե խնդիրը կարգավորվի, Ադրբեջանի արտաքին թշնամու բացակայությունը կպակասեցնի ներքին լսարանի համար նախատեսված քարոզչական հնարավորությունները, որից հետո ավտորիտար ռեժիմը Բաքվում մեկ ամիս էլ չի կարող գոյատևել: Չկարգավորված հակամարտությունը հնարավորություն է տալիս մի կողմից ներքին քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնաճնշումներ իրականացնել, մյուս կողմից էլ՝ նավթադոլլարներից գոյացող հսկայական գումարների կենտրոնացումը Բաքվի վերնախավի մոտ արդարացվում է սպառազինությունների ձեռքբերման ծախսեր կատարելու պատճառաբանությամբ»,- մանրամասնել է Շ. Քոչարյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմից սանձազերծվող սահմանային սադրանքների հաճախականության աճը քարոզչության միջոց է ներքին լսարանի համար:
