«Քայլը» արեց իր քայլը. հերթը առայժմ գործող իշխանությանն է

Հայկական ժամանակ օրաթերթը գրում է. «Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժումը անհավանական թվացող ալիքի է վերածվել: Երեկվա հանրահավաքը թե բազմամարդությամբ, եւ թե էներգետիկայով թերեւս աննախադեպ էր ղարաբաղյան շարժումից հետո: Ու ամեն ինչ խոսում է այն մասին որ սա դեռ գագաթնակետը չէ: Ալիքը դեռ թափ է հավաքում եւ արդեն բոլորովին նոր իրավիճակ է թելադրում թե՛ ցուցարարների, եւ թե՛ իշխանության համար: Ակնհայտ է որ իրավիճակին պետք է հանգուցալուծում տրվի: Ինչպիսի՞ն կլինի դա, եւ ո՞վ է թելադրելու հանգուցալուծման պայմանները: Իշխանության ներկայացուցիչները եւ, այսպես ասենք, իշխանության վերահսկողության տակ գտնվող կառույցները արդեն սկսել են երկխոսության անհրաժեշտության մասին խոսել: Մասնավորապես այդպիսի առաջարկներով են հանդես եկել նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ.-ն, հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը եւ այլն: Երեկ էլ նման առաջարկով հանդես եկավ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: Բայց ճանաչելով գործող իշխանությանն ու նրա արբանյակներին, կարելի չափազանց հիմնավոր կասկածներ հայտնել, որ «երկխոսության» տակ նրանք հասկանում են ընդամենը իրավիճակը իրենց համար նվազագույն կորուստներով հանգուցալուծելու, մարդկանց տուն ուղարկելու եւ իրենց համար նախկին՝ կոմֆորտային իրավիճակը վերականգնելու մի ինչ- որ ծրագիր: «Հարթակներ ստեղծել», «քննարկել կնճռոտ հարցեր» տիպի օրակարգով երկխոսությունն այլեւս անհնար է: Մանավանդ որ դա արդեն եղել է: 2008 թվականի Մարտի մեկից հետո իշխանությունը նույնպես սկսեց «երկխոսել» ընդդիմության հետ, բայց մի որոշ ժամանակ անց պարզվեց, որ իշխանությունը նենգ խաղ խաղաց ու ընդամենը իր դավիթհարությունական «շուստրիություններով» վերականգնեց իր լիակատար կոմֆորտը: Այս անգամ երկխոսության նստելու կոչերը գուցե թե տրամաբանական հնչեին մեկ- երկու շաբաթ առաջ, բայց ոչ հիմա: Ասել, որ իրավիճակը փոխվել է, կնշանակի ոչինչ չասել: Իրավիճակը փոխվել է արմատապես՝ հանրությունը տառացիորեն մերժում է Սերժ Սարգսյանին, եւ դա տեսնում են բոլորը: Լրիվ բնական պետք է համարել այն գնահատականը, որը երեկվա հանրահավաքում երկխոսության առաջարկների մասին հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը. «Ուշ է երկխոսության համար՝ պոեզդ ուշոլ»,- հայտարարեց նա: Այդուհանդերձ, Փաշինյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են քննարկում ունենալ, բայց՝ այլ օրակարգով: «Մենք, իհարկե, պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հեռացման՝ հրաժարականի ժամկետները եւ դրա հետ կապված որոշ պայմաններ: Պատրաստ եմ ասել, որ մենք վրեժխնդրություններ չենք ուզում: Եթե Սերժ Սարգսյանը օր առաջ բացի իր աչքերը եւ հրաժարական տա, դա միայն ու միայն օգուտ կբերի նրան եւ Հայաստանի Հանրապետությանը»,- հայտարարեց նա: Այս հայտարարությունից հետո նա վերջապես կետերով ներկայացրեց հետագա քայլերի տեսլականը, որին արդեն մի քանի օր սպասում էր հայ հանրությունը: «Ուզում եմ ներկայացնել ապագայի տեսլականը.

  1. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից:
  2. ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին:
  3. Ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն:
  4. ՀՀ օրենսդրությամբ՝ վարչապետ նշանակվելուց հետո քսան օր հետո ԱԺ-ն պետք է հավանություն տա կառավարության ծրագրին: Երբ ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն, քաղաքական պայմանավորվածության համաձայն՝ ԱԺ-ն չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:
Այս կետերը հնչեցնելուց հետո Փաշինյանը հայտարարեց, թե իրենք պատրաստ ենք քննարկումներ սկսել ՀՀԿ-ի հետ իշխանությունը ժողովրդին սահուն, անցնցում փոխանցելու համար: «Այդ ընտրությունները ոչ մեկի կասկածի տեղ չեն թողնելու, դրանք պետք է լինեն 100 տոկոս արդար, ազատ ընտրություններ, ու հաղթող պետք է լինի ժողովուրդը: Հիմա եւ սրանից հետո ընտրություններում պետք է հաղթի միայն ու միայն ՀՀ ժողովուրդը: Եվ ընտրությունների հաջորդ օրը ՀՀ քաղաքացին պետք է ասի՝ ես ձեւավորեցի իշխանություն, ես ընտրեցի, ես արդար Հայաստանի իշխանությունն եմ»,- հայտարարեց նա: Այսպիսով, պատկերավոր ասած, պաշտոնապես հրապարակվել է «Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժման ծրագիրը: Այն, ինչ խոսք, դեռ շատ ընդհանուր է: Կան կետեր, որոնք կարող են տարակուսանքներ առաջացնել, օրինակ այն, թե ինչ է նշանակում «վարչապետի ժողովրդի թեկնածու», կամ ինչպես է հնարավոր ապահովել 100 տոկոս արդար եւ ազնիվ ընտրություններ մերօրյա Հայաստանում: Բայց պետք է հաշվի առնել, որ ծրագիրը հնչել է հանրահավաքի ժամանակ, ինչը ամենեւին չի ենթադրում ծրագրային կետերի տեխնիկական մանրամասնում: Արդեն կարելի է չկասկածել, որ վերը նշված կետերի իրականացման մեխանիզմները կարելի գտնել եւ վստահ լինել, որ առայժմ գործող իշխանությունը դրանք չի խախտի: Չի խախտի, որովհետեւ արդեն գիտակցում է՝ համաժողովրդական ալիքը ցանկացած պահի կարող է սրբել նրանց, առանց որեւէ քննարկումների: Եվ Փաշինյանի երեկվա հայտարարության այն դրվագը, թե «մենք վրեժխնդրություն չենք ուզում», այդ դեպքում կկորցնի արդիականությունը: Եվ, ի վերջո, եթե այս շարժումը կարողացավ շատ շատերի համար անակնկալ կերպով արթնացնել հանրությանը եւ բարձրացնել այսպիսի ալիք, ապա վերը նշված կետերի իրագործման համար տեխնիկական բնույթի մեխանիզմներ գտնելը այնքան էլ բարդ գործ չէ: Մի խոսքով, «Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժումը հրապարակ նետեց իր ծրագիրը, եւ հիմա գործող իշխանության հերթն է քայլեր անելու: Որքանով դրանք կլինեն խոհեմ, պարզ կդառնա առաջիկա օրերին: Եթե իշխանությունը ընդունի այս ծրագիրը, ապա Հայաստանը այս իրավիճակից դուրս կգա շահած: Իսկ եթե չընդունի ու դիմի իր համար սովորական դարձած բռնություններին, ապա չարժե նույնիսկ կանխատեսումներ անել ապագայի մասին: Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 21-ի համարում:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am