«Մայդան», «Արևմուտքի գործակալներ», Բելառուսի և Ղազախստանի ճակատագրի բացառում. Սարգսյանի նշանակումն ու միջազգային մամուլի արձագանքը

Սարգսյանի նշանակումը կասկածի տակ է դնում ժողովրդավարության կայունությունը Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում զերծ մնալ ցուցարարների դեմ բռնի ուժի գործադրումից: Փաստելով, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ոստիկանությունը Երևանում բազմիցս է բռնի ուժ գործադրել՝ հիմնականում խաղաղ հանրահավաքները ցրելու համար, հեղինակավոր իրավապաշտպան կառույցն ընդգծում է՝ Հայաստանի իշխանությունները պետք է պաշտպանեն իրենց քաղաքացիների՝ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը: «Ոստիկանության ցանկացած արձագանք պետք է լինի համաչափ և համապատասխանի ՄԱԿ-ի չափանիշներին», նշում է Human Rights Watch-ը, հավելելով․ «Հայաստանի ոստիկանության համար երբեք ուշ չէ՝ հրաժարվել անհամաչափ ուժ կիրառելու՝ իրենց ավանդական վատ գործելաոճից»: Գերմանական «Դոյչե Վելլե»-ն հիշեցնում է՝ Սերժ Սարգսյանն իշխանության եկավ 2008-ին՝ հաղթելով նախագահական ընտրություններում, որոնք զանգվածային բողոքի ցույցերի ու սպանություններով ուղեկցված բախումների պատճառ դարձան: Փորձագետները նշում են, որ նախագահությունից հետո վարչապետի պաշտոնը ստանձնելու՝ նրա քայլը ծանոթ պրակտիկա է ու հաճախ է կիրառվել նախկին ԽՍՀՄ երկրներում: «Դա հայտնի մարտավարություն է հետխորհրդային տարածքում, որտեղ առաջնորդներն անվերջ փոփոխում են Սահմանադրությունը՝ իրենց իշխանությունը հավերժացնելու համար»,- ասել է «Քարնեգի Եվրոպա» փորձագիտական կենտրոնի առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը: Աշխարհաքաղաքական վտանգների միջազգային վերլուծական կենտրոնը՝ Foreign Brief-ը պնդում է՝ Սերժ Սարգսյանի նշանակումը վարչապետի պաշտոնում կասկածի տակ է դնում Հայաստանի ժողովրդավարության կայունությունը: Միջազգային վերլուծական կենտրոնը նաև փաստում է, որ անկախացումից հետո մինչ օրս ղարաբաղյան հարցն ու երերուն տնտեսությունը փորձության են ենթարկում Հայաստանի ներքին կայունությունը: «Այս ամենի վերևում կոռումպացված քաղաքական համակարգն է, որը 2015-ին գնաց սահմանադրական փոփոխությունների՝ կենտրոնացնելով իշխանությունը վարչապետի ձեռքում»,- հավելում է Foreign Brief-ը: «Հաշվի առնելով Սերժ Սարգսյանի կապերը Մոսկվայի հետ՝ նրա ընտրությամբ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա կպահպանվի»,- պնդում են միջազգային փորձագետները, հավելելով՝ Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ ցույցերն, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն, և չի բացառվում, որ դրանց ընթացքում գործադրվեն բռնություններ: Սարգսյանը պատրաստվում է «ատամներով կառչած մնալ» իշխանությանը Միջազգային մամուլը հեղեղված է հայաստանյան իրադարձությունների մասին հրապարակումներով: BBC-ի ռուսական ծառայությունը բավական հանգամանալից անդրադառնալով Հայաստանում սկսված բողոքի ցույցերին՝ գրում է, որ Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ նախագահի պաշտոնը ստանձնել է 2013-ին, որից հետո Հայաստանը սկսել է անցնել խորհրդարանական կառավարման համակարգի՝ ընդլայնելով վարչապետի լիազորությունները: «Եթե Սարգսյանը դառնա վարչապետ, կշարունակի իշխանավարել մինչև 2022-ը», - ընդգծում է BBC-ն: «Ֆրանսպրեսը», Սերժ Սարգսյանին բնորոշելով որպես ռուսամետ առաջնորդ, հաղորդում է, թե նա պատրաստվում է «ատամներով կառչած մնալ իշխանությանը, այս անգամ՝ վարչապետի պաշտոնում»։ Ընդդիմությունը պնդում է, որ անցումը խորհրդարանական կառավարման և վարչապետի լիազորությունների ընդլայնումը իրականում արվել էր այն բանի համար, որ Սերժ Սարգսյանը պահպանի իր իշխանությունը: Հայաստանյան իրադարձություններին անդրադարձել է նաև «Ասոշիեյթեդ պրեսը»՝ գրելով․ - «Ըստ հայաստանյան ընդդիմադիր ուժերի, Սերժ Սարգսյանն ուզում է անժամկետ մնալ իշխանության, ինչի դեմ նախատեսված են շուրջօրյա նստացույցեր»: «Դոյչե Վելլեն» զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ, ով փոխանցել է, թե «Սերժ Սարգսյանը ձեռնարկել է հնարավոր բոլոր քայլերը սեփական իշխանությունը վերարտադրելու համար»: Նա կունենա անսահմանափակ լիազորություններ, և այս պայմաններում ներքին ու արտաքին քաղաքականության, տնտեսության ու այլ ոլորտներում իմաստ չունի ակնկալել առաջընթաց», - գերմանական լրատվամիջոցին ասել է Փաշինյանը՝ պնդելով, թե Սերժ Սարգսյանի իշխանասիրության երկարաձգմամբ կարելի է խաչ քաշել կոռուպցիայի ու կլանային համակարգի դեմ պայքարի վրա: Հղում անելով ընդդիմադիրներին՝ «Դոյչե վելլեն» միաժամանակ նշում է, որ իշխանություններն իրենք են իրենց անկյուն մղել․ գործող նախագահը ուժային գործողությունների հրաման տալու իրավունք չունի, իսկ վարչապետը, որ ունի նման լիազորություններ, ընտրվելու է վաղը: «Փաստացի ընդդիմությունը օգտվեց անիշխանության այս պատուհանից», - արձանագրում է «Դոյչե վելլեն»: Ռուսաստանյան «Ռոսբալտը» գրում է․ «Ռուսաստանը օգնեց Սարգսյանին, որ իրեն փոխարինի իրենով: Հայաստանի՝ ոչ այնքան լայն աջակցություն ունեցող նախկին նախագահը վաղը կդառնա երկրի վարչապետ: Սերժ Սարգսյանը, որին Հայաստանի սահմանադրությունը թույլ չի տալիս առաջադրվել նախագահության երրորդ ժամկետի համար, իզուր չէր շտապ կարգով փոխում երկրի մայր օրենքը: Չցանկանալով հեռանալ քաղաքական Օլիմպոսից՝ նա ընդամենը սահմանադրական բարեփոխում անցկացրեց, որով Հայաստանը նախագահական կառավարման համակարգից անցավ խորհրդարանականի»: «Մինչև վերջին պահը Սերժ Ազատովիչը կոկետություն էր անում և չէր հաստատում իր վարչապետական հավակնությունների մասին պնդումները: Դրան, սակայն, ոչ ոք չէր հավատում, և ճիշտ էր անում՝ վաղը երկրի խորհրդարանը «կառավարության նոր ղեկավար կընտրի» այս պաշտոնում առաջադրված միակ թեկնածուին՝ Սերժ Սարգսյանին», - ընդգծում է «Ռոսբալտը»: - «Այսպիսով, այլևս կասկած չի մնում, որ Սարգսյանը իրեն համապատասխանեցրեց Սահմանադրությունը: Այսուհետ երկրի ողջ իշխանությունը նրա ձեռքերում է լինելու կենտրոնացած: Ռուսաստանյան «Դոժդ»-ը, անդրադառնալով բողոքի ակցիաներին, փաստում է․ - «Հայաստանցիները չեն ուզում կիսել Բելառուսի և Ղազախստանի ճակատագիրը»: Իսկ Ռուսաստանյան «Վեստի»-ն հետևյալ կերպ է բնորոշում իրավիճակը․ - «Երևանում ոստիկանությունը կռվի բռնվեց ցուցարարների հետ»: Իսկ ՏԱՍՍ լրատվական գործակալությունը նշում է, թե իրենց հաշվարկներով, Փաշինյանի հետ դեպի Ազգային ժողով գնացող ցուցարարների թիվը հասնում էր հազարների»: Washington Post-ը, մասնավորապես, նշել է, որ ոստիկանությունը արցունքաբեր գազ և ձայնային նռնակներ է կիրառել դեպի Ազգային ժողով շարժվող հազարավոր հակաիշխանական ընդդիմադիր ցուցարարների հանդեպ, որի արդյունքում կան վիրավորներ: Հեղինակավոր պարբերականը ընդգծել է, որ Սերժ Սարգսյանը իշխանության է եկել 2008-ին և իր նախագահության ժամկետի լրանալուց և նախագահի լիազորությունները թուլացնելուց հետո, վկայակոչելով ընդդիմությանը՝ ցանկանում է հավերժ մնալ իշխանության: World Politics Review-ն նույնպես բավականին հանգամանալից վերլուծականով անդրադարձել է Երևանի ցույցերին նշելով, որ Սերժ Սարգսյանի իշխանությունից չհեռանալու ծրագիրը վերակենդանացրել է Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ու ակտիվիստներին: Ռուսական մամուլում հիստերիա է բարձրանում Իրադարձությունները այլ կերպ են մեկնաբանում Կրեմլյան լրատվամիջոցները։ Ռուսական լրատվամիջոցներում երևանյան ցույցերի հանդեպ հետաքրքրությունը ևս մեծ է եղել: Հատկանշական են, մասնավորապես, ռուսական Sputnik-ի հոդվածներն ու դրանց վերնագրերը: Դրանցից մեկը, որպես օրինակ, բողոքի ցույցի ընթացքում ոստիկանների գործողությունների հետևանքով միավորված մասնակիցների, Նիկոլ Փաշինյանի, այդ թվում վիրավոր ոստիկանների փոխարեն միայն նշել է 3 վիրավոր ոստիկանների մասին: Նույն Sputnik-ի մեկ այլ «Երաժշտական դադար՝ Ընդդիմությունը մեկ ժամ դադար է վերցրել» հոդվածը Երևանի պահանջատեր ցուցարարների բողոքի ցույցը չակերտներում «խաղաղ քաղաքացիական անհնազանդություն» էր որակել: Գործի են դրվել նաև Կրեմլի քարոզչամեքենան հանդիսացող մի շարք այլ ԶԼՄ-ներ՝ փորձելով ակտիվորեն իրականացնել միակողմանի ապատեղեկատվություն իրականացնելու իրենց առաքելությունը: ВЗГЛЯД Деловая газета-ն Новый армянский майдан раскачивают «грантоеды» ծավալուն հրապարակման մեջ արդեն հոդվածում Երևանի ցույցերը բնորոշում է որպես գրանտակերների կողմից կազմակերպվող հերթական մայդան: «Интерфакс» գործակալությունը գրել է Բաղրամյան պողոտայի արգելափակման մասին՝ նշելով, որ պողոտայում են տեղակայված մի շարք դեսպանատներ, նախագահի նստավայրը, որն առաջիկայում դառնալու է վարչապետինը և Ազգային Ժողովի շենքը: Ընդհանուր առմամբ՝ «Интерфакс»-ը կատարել է չոր փաստերի արձանագրում, ինչը չի կարելի ասել «Московский комсомолец»-ի մասին: Խեղաթյուրումը սկսվում է արդեն վերնագրից՝ «Հայաստանում մեկնարկել է մայդան»: «Մայդան» բառը ռուս ընթերցողի համար խիստ բացասական երանգ ունի: Սակայն հեղինակը դրանով չի սահմանափակվում: Պարզվում է, որ ցուցարարները «նոր վարչապետ են տեսնում Նիկոլ Փաշինյանին»: Հեղինակը ողջ հոդվածը կառուցում է այն թեզի վրա, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է վարչապետ դառնալ և կազմակերպել է ցույցերը սեփական վարկանիշը բարձրացնելու նպատակով: Հոդվածն ամբողջովին ոչ միայն փաստերի խեղաթյուրում է, այլև հող՝ հետագայում հայկական ընդդիմությանը դասել «Արևմուտքի գործակալների» շարքին: Ցավալին այն է, որ այդ հոդվածի հեղինակը, դատելով Ավակով ազգանունից՝ հայ է: Հայաստանցիների բողոքին հիմնավոր կերպով անդրադարձել է «Настоящее время» լրատվական կայքը: Այն գրեթե անմիջապես թարմացնում է տեղեկատվությունը բողոքի ակցիաներից և ներկայացնում փաստեր: Կայքում նշվել է նաև, որ Վանաձորում բողոքի ակցիաներ են իրականացվում: Կայքը մանրակրկիտ կերպով անդրադառնում է բողոքի պատճառներին՝ սկսելով 2015 թ. սահմանադրական փոփոխություններից: Լրատվականը, հղում կատարելով «մասնագետների կարծիքին»՝ նշում է, որ փոփոխությունները պետք էին հենց իշխող ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու համար, ինչն էլ հանդիսացել է զանգվածային բողոքի պատճառ: «Հայկական ընդդիմությունը դեմ էր Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարմանը և կոչ է արել համախոհներին՝ դուրս գալ փողոց»,- գրված է «Настоящее время» կայքում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Մահվան սպառնալիքի հետ են գոյատևում Վարդաշենի հանրակացարաններում Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչ ունեինք երեկ և ինչ չունենք այլևս... Արշակ Սրբազանի տրամադրությունը շատ լավ էր. պաշտպան Դատարանը փակ նիստում քննել է Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգելու հարցը Մեր գնդերեցները միակամ են, նրանք ապացուցեցին իրենց հավատարմությունը․ Տեր Պսակ Մինչ տիկին Ավանեսյանն ինքնամոռաց պարում էր՝ սկսեցինք ապահովագրության համակարգի «հերձումը»․ տնտեսագետ «Չայնիի» ոլորաններից մեքենան գլորվել է ձորը․ վիրավորներ կան Սիրիական անցումային կառավարության անվտանգության ուժերը մտել են Հասակե քաղաք Պետական բյուջեից որքան գումար են հատկացրել Փաշինյանի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների անվադողերի համար Արշակ Սրբազանի գործն ու զարտուղի ճանապարհները Ադրբեջանը Թուրքիային վերականգնվող ավիացիոն վառելիք է վաճառել Եռաբլուրում ներողություն եմ խնդրում տղաներից, որ իրենց պահած հողի վրա անհայրենիքներն են քայլում Իրավիճակն ավտոճանապարհներին․ ձյուն է տեղում ԵՄ-ն Թուրքիային և Ադրբեջանին պարտավորեցրել է ապացուցել Եվրոպա մատակարարվող գազի ոչ ռուսական ծագումը Միքայել Սրբազանն ապաքինվում է, դեռեւս առողջական խնդիրներ ունի. Արտաշես սարկավագ Ամեն ինչ արվում է, որ որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի ու չկայանա. Նաթան սրբազան Արցախի լուծարման մասին հրամանագիրն առ ոչինչ է. փաստաբան Աններելի մեղք է և անընդունելի. հայր Զաքարիա Անսովոր կանաչ սառույց լճում. Լևոն Ազիզյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am