Գոռ Վարդանյանը ներկայացավ դատարան
Ապօրինի ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող, դերասան Գոռ Վարդանյանի գործով դատական հերթական նիստը երեկ` մարտի 10-ին, հետաձգվեց: Դատախազ Արմեն Փանոսյանը միջնորդեց եւս մեկ ամսով հետաձգել դատաքննությունը: «Անցած ժամանակահատվածում միջդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացվել են դատավարական գործողություններ, հարցաքննվել են վկաներ՝ կատարվել են հարցումներ համապատասխան պետական մարմիններին, այդ հարցերի պատասխանները դեռ չեն ստացվել: Նկատի ունենալով, որ անհրաժեշտ դատավարական գործողություններ կատարելու համար ողջամտորեն պահանջվում է ավելի տեւական ժամանակ, ուստի միջնորդում եմ դատարանին գործի դատաքննությունը հետաձգել»,- նշեց դատախազը: Գոռ Վարդանյանը եւ նրա պաշտպանը մեկ ամսով դատական նիստը հետաձգելու հետ կապված առարկություններ չունեին: Գոռ Վարդանյանը նշեց, որ նախորդ դատական նիստերին չի ներկայացել առողջական խնդիրների պատճառով: Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 11-ին: Նշենք, որ Գոռ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար:Հոդվածը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամսյա ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագունը երեք տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով կամ առանց դրա: Դատական նիստից հետո Գոռ Վարդանյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Հիշեցնենք, որ 2014 թ փետրվարի 4-ի ուշ երեկոյան ոստիկանության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 17 հասցեում՝ Պուշկինի անվան դպրոցի հարեւանությամբ գործող Հայաստանի «Դուքենդո»-յի ֆեդերացիայի տարածքում, հայտնաբերել են մեծ քանակի զենք զինամթերք՝ նռնակներ, լուսային ազդանշանային հրթիռներ, փամփուշտներ եւ այլն: Խուզարկությունը կատարվել է Արթուր Սաֆարյանի սպանության գործի շրջանակներում: Սպանության համար ձերբակալվել է Երեւանի բնակիչ, 45-ամյա Իսրայել Սարգսյանը, որն առավել հայտնի է «Իսո» մականվամբ: Նա ներկայացվել է որպես «Դուքենդո»-յի ֆեդերացիայի փոխնախագահ: Գոռ Վարդանյանը իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում՝ նշելով, որ այդ զինամթերքը օգտագործել է ֆիլմ նկարահանելու համար: Խոսքը «Ճակատագիր» ֆիլմի մասին է, որը նվիրված է Ղարաբաղյան հերոսամարտին:
