Իսրայելը մեղադրում է Իրանին
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելն Իրանին մեղադրել է միջուկային զենքը նշանակման վայր հասցնելու միջոցներ մշակելու մեջ և միջազգային հանրությանը կոչ է արել հասնել նրա հրթիռային ծրագրի դադարեցմանը։ Դա տեղի է ունեցել Իրանի կողմից մի շարք բալիստիկ հրթիռներ փորձարկելուց հետո, որն Իսրայելում ընկալել են որպես իրենց հասցեագրված սպառնալիք ու միջազգային իրավունքի նորմերի խախտում։ Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրենք դատապարտում են իրանական բալիստիկ հրթիռների փորձարկումը. «Դրանց խոցման գոտում գտնվում են ողջ Իսրայելն ու Մերձավոր Արևելքի զգալի մասը։ Խոսքն այն տարածաշրջանի մասին է, որը ներկայումս բռնկված է արյունալի կոնֆլիկտներով, որոնք առաջացնում են փախստականների ալիքներ։ Իսրայելում կարծում են, որ Իրանի կողմից բալիստիկ հրթիռներ փորձարկելը հանդիսանում է ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի կոպիտ խախտում։ Իրանի հրթիռային ծրագիրը պետք է դադարեցվի»։
