Երևանում Պաշտպանության նախարարության 31-ամյա ծառայողը փրկել է ինքնասպանության փորձ կատարող կնոջ կյանքը
Երեկ՝ ապրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Կիևյան կամրջի մոտից ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ, 77-ամյա Սերվանտես Բ.-ին: Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ վերջինս առողջական խնդիրներ ունենալու պատճառով փորձել է ինքնասպանություն գործելու նպատակով կամրջից ցած նետվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տարեց կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է Երևան քաղաքի Նոյի թաղամասի բնակիչ, 31-ամյա Իգիթ Հակոբյանի կողմից: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կնոջ կյանքը փրկած Ի. Հակոբյանը ՀՀ պաշտպանության նախարարության ծառայող է և նա այդ պահին կամրջի վրայով անցնելիս է եղել և նրան են մոտեցել մի քանի քաղաքացնիեր ու հայտնել, որ կինը հոգեբանական ճնշման տակ փորձում է ինքնասպան լինել:
