«Հայկական կողմերը միշտ պատրաստ են հակահարված տալու և պատժելու». Շավարշ Քոչարյան
Ռուսական «Ռազմաարդյունաբերական սուրհանդակ» պարբերականում օրերս վերլուծություն էր հրապարակվել ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի կողմից, որում հեղինակը փորձել է բացահայտել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմական հնարավորություններն ու գաղտնիքները, ինչը բավականին լուրջ քննադատական ալիքի պատճառ է դարձել հայաստանյան սոցցանցերում և ԶԼՄ-ներում: Այս առնչությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կառավարությունում ասաց. «Հարց առաջին՝ եթե գաղտնիք է, ապա շատ դժվար է գնահատել՝ արդյոք այն, ինչ հրապարակվել է, համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Սկսենք դրանից: Իրականում ես կարող եմ ընդամենը մի բան ասել՝ չխորանալով այդ թվերի մանրամասների մեջ, որ, համենայնդեպս, հնարավոր արկածախնդրության դեպքում հայկական կողմերը միշտ պատրաստ են հակահարված տալու և պատժելու: իսկ այն, թե Ադրբեջանի դեպքում նման ցուցակ հրապարակվե՞լ է, ապա մենք վաղուց տեղյակ ենք, և դա նաև հրապարակվել է ռուսական մամուլում, թե ինչ է ստացել և ինչ է ստանալու: Դա հայտնի է»:
