Հայաստանի սպառազինության վերաբերյալ հրապարակմանը՝Քոչարյանի արձագանքը
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ռուսական «Ռազմաարդյունաբերական սուրհանդակ» մասնագիտացված ռազմական շաբաթաթերթի փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի հնչեցրած վերլուծությանը Հայաստանի ռազմական պոտենցիալի վերաբերյալ: Այստեղ ներկայացվել էին ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ: «Նախ հարց առաջին՝ եթե գաղտնիք է, ապա շատ դժվար է գնահատել՝ արդյոք այն ինչ հրապարակվել է, համապատասխանում է իրականությանը, թե ոչ: Համենայն դեպս, հնարավոր արկածախնդրության դեպքում հայկական կողմերը միշտ պատրաստ են հակահարված տալու և պատժելու հակառակորդին»,- այսպես արձագանքեց Շավարշ Քոչարյանը:Նա նշեց, որ Ադրբեջանի դեպքում ևս հրապարակումներ են եղել և հայկական կողմը իմացել է, թե ինչ զենք է ստանալու Ադրբեջանը Ռուսաստանից: Ինչ վերաբերում է հարցին, թե Ուորլիքը Թբիլիսիում ԼՂ կարգավորման հարցն է քննարկելու, Շավարշ քոչարյանն ասաց, որ դա անհնար է: «Ղարաբաղյան հարցի քննարկման համար կա համապատասխան ֆորմատ և երկու կողմեր»,- ասաց նա:
