Պուտինի պատասխանը. Դիվանագիտական «ռազբորկաները» սաստկանում են

Մոսկվան պատասխանեց արևմուտքի որոշմանը՝ արտաքսել ռուս դիվանագետների: Այժմ Ռուսաստանն արտաքսում է այն երկրների դիվանագետներին, որոնք, ի աջակցություն Մեծ Բրիտանիայի, ավելի վաղ արտաքսել են ռուս դիվանագետների, հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Հիշեցնենք՝ ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու մասին ավելի վաղ հայտարարել էր 22 երկիր, այդ թվում՝ ԵՄ անդամ մի շարք երկրներ, Միացյալ Նահանգները, Կանադան, Նորվեգիան, Ալբանիան, Մակեդոնիան և Ուկրաինան։ Մոսկվան, մասնավորապես, ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատանն աշխատող 58 դիվանագետների արտաքսման որոշում է կայացրել, կարտաքսվեն նաև Եկատերինբուրգում ամերիկյան հյուպատոսության երկու դիվանագետ։ Ռուսաստանում փակվելու է նաև Սանկտ Պետերբուրգում գործող ԱՄՆ հյուպատոսությունը։ Ամերիկացի դիվանագետները Ռուսաստանից պետք է հեռանան մինչև ապրիլի 5-ը, իսկ Սանկտ Պետերբուրգում Միացյալ Նահանգների հյուպատոսությունը փակվելու է առաջիկայում: Նախօրեին Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ հյուպատոսության շենքից աշխատակիցներն արկղերով իրենց իրերն էին տեղափոխում։ Հայտնի դարձավ, որ մեկ ռուսաստանցի դիվանագետի, ով աշխատում է Թբիլիսիում շվեյցարական դեսպանատանը, արտաքսելու է նաև Վրաստանը։ «Արտգործնախարարությունը կիսում է Միացյալ Թագավորության և միջազգային հանրության դիրքորոշումը Սկրիպալների թունավորման հարցում»,- մասնավորապես, ասված է պաշտոնական Թբիլիսիի տարածած հաղորդագրությունում։ 2008-ին տեղի ունեցած ռուս-վրացական 5-օրյա պատերազմից հետո Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են։ Այսպիսով՝ ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից արտաքսվել կամ արտաքսվելու են ռուսաստանցի 141 դիվանագետներ։ Հիշեցնենք, որ ռուսաստանցի նախկին լրտես՝ 66-ամյա Սերգեյ Սկրիպալին և նրա 33-ամյա դստերը՝ Յուլիային մարտի 4-ին թունավորել էին «Նովիչոկ» տեսակի նյարդա-պարալիտիկ նյութով։ Լոնդոնը պնդում է, որ դա սպանության փորձ էր, որի պատասխանատուն Կրեմլն է։ Մոսկվան կտրականապես հերքում է այդ մեղադրանքները։ ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիթեր Նաուերթը երեկ «անհիմն և չարդարացված» է որակել ամերիկացի դիվանագետներին արտաքսելու և Սանկտ Պետերբուրգում Միացյալ Նահանգների հյուպատոսությունը փակելու՝ Մոսկվայի որոշումը։ «Նման քայլով Ռուսաստանը ցույց է տալիս, որ շահագրգիռ չէ կարևորագույն խնդիրների շուրջ Միացյալ Նահանգների հետ համագործակցության հարցում»,- ասել է պետդեպի ներկայացուցիչը, ընդգծելով՝ Վաշինգտոնի քայլերը հիմնավորված էին Սկրիպալի գործով։ Ի դեպ, ամերիկյան NBC հեռուստաընկերությունը հայտնել է, որ մարտի 28-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփը Պուտինին ասել է՝ եթե ուզում եք մրցավազք սկսել մեզ հետ, մենք պատրաստ ենք, բայց դուք տանուլ կտաք: Նշենք, որ ԱՄՆ ռազմական բյուջեն գերազանցում է 700 միլիարդ դոլարը, մինչդեռ Ռուսաստանի ռազմական բյուջեն 50 միլիարդից պակաս է։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այդ տեղեկությունը, նշելով, թե Պուտինի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահը նման բան չի ասել: Կրեմլի խոսակը նաև ընդգծել է՝ Մոսկվան երբեք չի հրապարակում երկրների ղեկավարների միջև տեղի ունեցած գաղտնի զրույցը։ Բացի այդ հայտնի է, որ ապրիլի 1-ից ռուսական «RT» հեռուստաընկերությունը դադարեցնելու է իր աշխատանքները Վաշինգտոնում։ Այս մասին գրառում է արել հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ընդգծելով՝ սա պայմանավորված էր նրանով, որ մատակարար ընկերությունը, որը հեռարձակում է իրենց ծրագրերը Վաշինգտոնում, հեռուստաընկերությանն արտասահմանյան գործակալի կարգավիճակ ստանալու պատճառով հեռացվել է հեռարձակման ցանցից: Արդեն իսկ հայտնի է, որ Ռուսաստանը կարտաքսի ավելի քան 150 արևմտյան դիվանագետների: Ինչպես հաղորդում է Financial Times-ը՝ «Ռուս պաշտոնյաները հաղորդել են, որ Մոսկվան մի քանի օր սպասել է, նախքան արձագանքելը, քանի որ չի ցանկացել էլ ավելի լարել հակամարտությունը։ Արտաքսման ենթակա դիվանագետների ցուցակը մանրամասն ստուգվել է, որպեսզի չարդարացված վնաս չհասցվի ապագայում երկխոսության ալիքներին, գրում է թերթն ու հավելում. «Սակայն Մոսկվան էլ ավելի անհանգստացած է հնարավոր ֆինանսական պատժամիջոցներով։ Նման քայլերը հարցականի տակ կդնեն տնտեսական բարեփոխումների ծրագրերը, որոնք Վլադիմիր Պուտինը խոստացել է իրականացնել վեց տարիների ընթացքում»։ «Հիմա ամենուր փնտրում են, թե որտեղից վերցնեն այդ փողերը,– ասել է բարձրաստիճան ռուս պաշտոնյան։ Առանց արտաքին աշխարհի հետ համագործակցության, առանց դրսի փողերի, առանց եվրոպական երկրների հետ հարաբերությունների բարելավման դա չի աշխատի»,– ասել է պաշտոնյան։ Միաժամանակ եվրոպական երկրների պաշտոնյաները շարունակում են կոշտ քննադատությունը Մոսկվայի ուղղությամբ: Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը Ռուսաստանի համար արժանի պատիժ է համարում իր դիվանագետների արտաքսումը աշխարհի տասնյակ երկրներից: Այդ մասին նա ասել է գերմանական թերթերից մեկին տրվող հարցազրույցի ժամանակ՝ փոխանցում է DW-ն: Նրա կարծիքով՝ Ռուսաստանը կարևոր գործընկեր է տարածաշրջանային խնդիրների լուծման համար, ինչի կապակցությամբ Բեռլինը բաց է Մոսկվայի հետ երկխոսության համար: Սակայն միևնույն ժամանակ նա ողջունում է ռուսաստանցի դիվանագետների արտաքսման հետ կապված Արևմուտքի գործողությունները որպես պատասխան Մոսկվային իր իսկ, վերջին տարիների ագրեսիվ քաղաքականության համար: «Ռուսաստանն իր վարքի արդյունքում վստահության զգալի բաժին կորցրեց»,- ընդգծել է Մաասը և ավելացրել, որ պետությունների կողմից Բրիտանիային ցուցաբերվող Սկրիպալի գործով աջակցությունը միասնականության նշան է: Կրեմլը փորձում է սեպ խրել Լոնդոնի և նրա դաշնակիցների միջև: Էստոնիա այցի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Բրիտանիայի պաշտպանության նախարար Գևին Վիլյամսոնը: Այնուամենայնիվ, դիվանագետի խոսքով, Մեծ Բրիտանիային ցուցաբերած համընդհանուր աջակցությունը «ինքնին Վլադիմիր Պուտինի պարտությունն է»: «Աշխարհի համբերությունը Պուտինի և նրա գործողությունների հանդեպ սպառվում է, և փաստը, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ երկրները աջակցեցին Միացյալ Թագավորությանը, իրականում լավագույն պատասխանն էր»,- ասել է նախարարը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Մահվան սպառնալիքի հետ են գոյատևում Վարդաշենի հանրակացարաններում Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչ ունեինք երեկ և ինչ չունենք այլևս... Արշակ Սրբազանի տրամադրությունը շատ լավ էր. պաշտպան Դատարանը փակ նիստում քննել է Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգելու հարցը Մեր գնդերեցները միակամ են, նրանք ապացուցեցին իրենց հավատարմությունը․ Տեր Պսակ Մինչ տիկին Ավանեսյանն ինքնամոռաց պարում էր՝ սկսեցինք ապահովագրության համակարգի «հերձումը»․ տնտեսագետ «Չայնիի» ոլորաններից մեքենան գլորվել է ձորը․ վիրավորներ կան Սիրիական անցումային կառավարության անվտանգության ուժերը մտել են Հասակե քաղաք Պետական բյուջեից որքան գումար են հատկացրել Փաշինյանի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների անվադողերի համար Արշակ Սրբազանի գործն ու զարտուղի ճանապարհները Ադրբեջանը Թուրքիային վերականգնվող ավիացիոն վառելիք է վաճառել Եռաբլուրում ներողություն եմ խնդրում տղաներից, որ իրենց պահած հողի վրա անհայրենիքներն են քայլում Իրավիճակն ավտոճանապարհներին․ ձյուն է տեղում ԵՄ-ն Թուրքիային և Ադրբեջանին պարտավորեցրել է ապացուցել Եվրոպա մատակարարվող գազի ոչ ռուսական ծագումը Միքայել Սրբազանն ապաքինվում է, դեռեւս առողջական խնդիրներ ունի. Արտաշես սարկավագ Ամեն ինչ արվում է, որ որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի ու չկայանա. Նաթան սրբազան Արցախի լուծարման մասին հրամանագիրն առ ոչինչ է. փաստաբան Աններելի մեղք է և անընդունելի. հայր Զաքարիա Անսովոր կանաչ սառույց լճում. Լևոն Ազիզյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am