ՀՀ-ը բազմակենտրոն աշխարհի ընձեռած լայն հնարավորությունների օգտագործման ակնառու օրինակ է. Վ. Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ելույթ է ունեցել Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 7-րդ համաժողովին, որը կրում էր «Գլոբալ անվտանգությունը բազմակենտրոն աշխարհում» խորագիրը. իր ելույթում նախարարը հայտարարել է, որ Հայաստանը բազմակենտրոն աշխարհի ընձեռած լայն հնարավորությունների օգտագործման ակնառու օրինակ է։Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։ Ելույթը մեջբերում ենք ամբողջությամբ. «Նախևառաջ` շնորհակալություն են հայտնում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Կուժուգետի Շոյգուին՝ արդեն իսկ ավանդական դարձած միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան համաժողովին մասնակցելու հրավերի համար: Այս տարի համաժողովն անցկացվում է միջազգային հարաբերություններում բարձր լարվածության պայմաններում, և մեր այսօրվա նիստի թեման, որ կրում է «Գլոբալ անվտանգությունը բազմակենտրոն աշխարհում» խորագիրը, հատկապես այժմեական է: Թեմայի հրատապությունը ակնհայտ է արդեն իսկ նրանով, որ մեր նիստի անվանման մեջ կիրառվող յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր եզրույթ իր մեջ կրում է վերափոխման, խորը կերպարանափոխման հետք: Եկեք այս ամենը քննենք առանձին-առանձին: «Գլոբալ» բառը, որը ժամանակին նշանակում էր համապարփակ, համապիտանի, ընդհանրական, այսօր դյուրին կերպով կիրառվում է ցանկացած տարածաշրջանային մակարդակի այնպիսի երևույթի կամ գործընթացի նկատմամբ, որն անմիջականորեն արտացոլվում է միջազգային ասպարեզում: «Գլոբալ» տեղական ահաբեկչական գործողությունը Մանհեթենում 2001թ.-ին, «գլոբալ» քաղաքացիական պատերազմը Հարավային Սուդանում, «գլոբալ» հաքերային հարձակումը աշխարհով մեկ սոցիալական ցանցի միլիարդավոր օգտատերերին սպասարկող կորպորացիաներից մեկի սերվերների դեմ: Վերջին տարիներին զգալիորեն մեծացել է «գլոբալ» ծավալների հավակնող իրադարձությունների թիվը, կտրուկ ավելացել է «գլոբալ» որոշումների մշակման, ընդունման և իրականացման վրա ազդեցություն գործող տեղական և տարածաշրջանային գործընթացների քանակությունը: Վերափոխվում է նաև «անվտանգություն» հասկացությունը: Այն, ինչի մակարդակը մենք սովոր էին չափել մոբիլիզացիոն ռեսուրսով, սպառազինության և զինամթերքի որակով ու քանակով, սկզբում ամրոցների, այնուհետև՝ ռազմավարական նշանակության զսպող զինատեսակների հուսալիությամբ, իր բազմագործոնության, անկախատեսելիության և փոխկապվածության շնորհիվ մեկ ակնթարթում վերածվել է ինչ որ անչափելի երևույթի: Վերափոխման է ենթարկվում նաև «աշխարհի բազմակենտրոնություն» հասկացությունը: Ի դեպ, սա ակնհայտ է արդեն իսկ նրանով, որ այս բառով փոխարինվել է նման ֆորումների համար շատ ավելի սովորական դարձած «աշխարհի բազմաբևեռություն» հասկացությունը: Կարծում եմ սա պատահական չէ, քանզի բազմաբևեռությունն ինքին ենթադրում է հակընդդեմություն, քանի որ բևեռները, ըստ սահմանման, հակընդդեմ են. Աշխարհագրության մեջ դա հյուսիս - հարավն է, մաթեմատիկայում ու ֆիզիկայում՝ պլյուսն ու մինուսը: Բազմաբևեռությունը ենթադրում է մեկ առանցքի եզրային, իրար հակառակ կետերի առկայություն: Ընդհանրապես, ինքնին «բազմաբևեռություն» հասկացությունը դիտվում է որպես հակատրամաբանություն - ալոգիզմ, քանզի մտացածին ձևափոխումն է «երկբևեռ» աշխարհի հայեցակարգի, այսինքն՝ աշխարհի, որի առանցքի երկու ծայրերին գտնվում են երկու հակոտնյա: «Բազմաբևեռությունը» արդեն իսկ ենթադրում է միանգամից մի քանի առանցքների առկայություն, որն ակհայտորեն չի արտացոլում 20-րդ դարի և 21-րդ դարի սկզբի աշխարհակարգի իրողությունները: Բազմակենտրոնությունը բազմաբևեռությունից տարբերվում է ինչպես երկուսից ավելի ազդեցության կենտրոնների առկայությամբ, այնպես էլ «առանցքի» հայեցակարգի ակներև ցանցային կառուցվածքով փոխարինմամբ: Մենք բոլորս հիշում ենք Ֆրենսիս Ֆուկույամայի առաջ քաշած՝ ժամանակին չափազանց մոդայիկ «Պատմության վերջը» հայեցակարգը, որը հիմնված էր գաղափարական դիմակայության ավարտի պատճառով միջազգային օրակարգի սպառվածության տեսության վրա: Եվ ահա, «բազմակենտրոնության» յուրահատկություններից մեկն այն է, որ նորագույն համաշխարհային պատմության օրակարգը շատ ավելի ընդարձակ է, քան Արևմուտքի և Արևելքի գաղափարական հակամարտությունը: «Բազմակենտրոնությունում» հիմնական ծանրությունը ընկնում է ոչ միայն և ոչ այդքան առանձին վերցրած «ցանցի» ներսում գլոբալ դերակատարներից յուրաքանչյուրի ճշգրիտ ազդեցության հաշվարկի, որքան ցանցային կառույցների քանակության վրա, որոնցում դերակատարներից յուրաքանչյուրն ունի N քանակի փոխադարձ կապեր և դրանց համարժեք ռեսուրսների ու ազդեցության մակարդակ: Այսպիսով, «գլոբալ» և «անվտանգություն» հասկացությունների վերափոխումը արմատապես փոխում է բոլոր մակարդակներում դերակատարների փոխհարաբերությունների կառուցվածքը: Ընդ որում, «բազմակենտրոնություն» հասկացությունը, ինքնին բացառում է դերակատարներից որևէ մեկի հաղթանակի հնարավորությունը զրոյական արդյունքով «խաղում» անկախ իր ունեցած կարողություններից և ռեսուրսներից: Փոխգործողության թեմաների բազմազանության ավելացման, հիմնական խաղացողների կազմի ընդլայնման, տեղեկատվության փոխանակման և որոշումների կայացման արագությունների ավելացման պայմաններում միջազգային հանրությունը, այսինքն՝ նրա բոլոր դերակատարները` սկսած պետություններով և վերջացրած քաղաքացիական հասարակության ինստիտուտներով, մամուլով և կորպորացիաներով, համաշխարհային կրոններով և ոչ պաշտոնական միավորումներով, պարզապես «դատապարտված են», այս բառի ամենադրական իմաստով, ներգրավվելու փոխգործակցության մշտական գործընթացում` փոքր, միջին և մեծ արդյունքներով, որոնք ոչ միայն չեն բացառում առաջընթացը և մյուս բոլոր դերակատարների ամրապնդումը, այլ ընդհակառակը՝ ենթադրում են հենց դա: Առաջին տպավորությունն այն է, որ այսպիսի աշխարհակերտվածքը ամենադժվարինը կլինի փոքր տեսակարար կշռով (բնակչությամբ, տարածքով, ռեսուրսներով) երկրների համար: Սակայն այսպիսի պատկերացումը չի հաստատվում իրերի առկա դրությամբ: Ավելին, անցումը երկբևեռությունից բազմակենտրոնության հավանաբար գլոբալ հանրույթի ամրապնդման և դինամիկ զարգացման գլխավոր երաշխիքն է: Ընդ որում, աճի և դինամիկ զարգացման լայն հնարավորություններ են բացվում ոչ միայն խոշոր, այլև շատ ավելի համեստ խաղացողների համար: Ասվածը կհիմնավորեմ երեք հիմնական փաստարկով: 1. «Բազմակենտրոնությունը» կտրուկ կրճատում է զրոյական արդյունքով խաղի հեռանկարները: Այսպիսի արդյունքով խաղում վատագույնն այն է, որ միշտ շահած է դուրս դուրս դերակատարներից միայն մեկը, և ոչ միայն պարտվածը, այլև մնացած բոլորը մնում են ձեռնունայն: «Բազմակենտրոն» աշխարհում բոլորը, թեկուզև տարբեր աստիճանով, կարող են փոխադարձ շահեկան պայմաններով ավարտել «գործարքների» մեծամասնությունը: 2. «Բազմակենտրոնությունը» չի ենթադրում բաժանում սև-սպիտակ աշխարհի, և բազմակենտրոն գործարքների ցանցերից մեկում սերտ փոխգործակցությունը չի բացառում դերակատարների այս կամ այն խմբի միջև նույնպիսի սերտ համագործակցություն մեկ այլ ցանցում: Սա բաց է պահում հաղորդակցության և երկխոսության ուղիները, միջազգային հանրության բոլոր մասնակիցների համար ձևավորելով բազմաթիվ «հարմարավետության գոտիներ»: 3. Եվ վերջապես, «բազմակենտրոնությունը» գործընթացը չի դարձնում նպատակի պատանդ: «Բազմակենտրոնությունը» ենթադրում է փոխադարձ հարստացման գործընթաց տեղեկատվությամբ, հմտություններով և ռեսուրսներով փոխանակման միջոցով: Բազմակենտրոն աշխարհի ընձեռած լայն հնարավորությունների օգտագործման ակնառու օրինակ է Հայաստանը: Անկախության առաջին օրերից ի վեր մենք հաճախ լսել ենք, որ պետք է կատարել աշխարհաքաղաքական ընտրություն «կամ, կամ» սկզբունքով: Այս մասին գրել են մեր տեղական և միջազգային փորձագետները, սրա մասին բազմիցս ասել են մեր խորհրդարանի այս կամ այն խմբակցության ներկայացուցիչները, սա են մեզ պնդել մի շարք երկրների պատվիրակները, ովքեր գլուխ էին կոտրում` փորձելով դիվիդենտներ քաղել ուժային այս կամ այն կենտրոնի նկատմամբ ցուցադրական ատելությամբ: Մեր մոտեցումը մշտապես բխել է այն համոզմունքից, որ երկրի դիրքորոշումը այս կամ այն գործընթացի, առավել ևս՝ այլ պետությունների հետ փոխհարաբերությունների նկատմամբ, պետք է հիմնված լինի փոխադարձ խորը հարգանքի և ընդհանուր, համատեղ պատմությանը և արժեհամակարգին հարիր վերաբերմունքի վրա, որոնց շուրջն էլ կառուցվում է քաղաքականությունը: Եվ սա առաջին հերթին վերաբերում է անվտանգության խնդիրներին: Անկասկած, Հայաստանը լուրջ ջանքեր է գործադրում, որպեսզի և մեր ընկերների ու դաշնակիցների, առաջի հերթին՝ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, և մեր գործընկերների համար ակնհայտ լինի, որ մեր քաղաքականությունը կառուցվում է ոչ թե  տարածաշրջանային և գլոբալ դերակատարների դիմակայության մանիպուլյացիայի գոտում, այլ ընդհակառակը՝ նրանց շահերի բախման կետում: Իհարկե, «բարյացակամորեն» տրամադրվածները ամենուր են, ովքեր լոբիստների, ԶԼՄ-ների, հետազոտական կենտրոնների միջոցով փորձում են Արևմուտքին Հայաստանը ներկայացնել որպես «Ռուսաստանի կառավարման տակ գտնվող խամաճիկային պետություն», իսկ Ռուսաստանի աչքում՝ որպես «փախստակ, որը փորձում է միաժամանակ նստել երկու աթոռի վրա»: Բարեբախտաբար, «բազմակենտրոն աշխարհի» բոլոր կենտրոնների հետ հարաբերությունների համակարգի զարգացման ուղղությամբ Հայաստանի հետևողական ու թափանցիկ քաղաքականությունը տալիս է իր արդյունքները: Բառացիորեն մի քանի շաբաթ առաջ անցկացված անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովի շրջանակներում կայացած նիստին` նվիրված Եվրոպայի և Ռուսաստանի միջև հարաբերություններին, բոլոր ելույթ ունեցողները, ինչպես Ռուսաստանի Դաշնությունից, այնպես էլ եվրոպական կառույցներից, բերում էին Հայաստանի օրինակը՝ որպես փոխգործողության իր ձևաչափերը առավել արդյունավետորեն համադրող երկրի: Լինելով ՀԱՊԿ հիմնադիր անդամ երկրներից մեկը` Հայաստանն այս կազմակերպությունը, ինչպես նաև Ռուսաստանի հետ երկկողմ փոխգործակցությունը դիտարկում է որպես իր անվտանգության ապահովման գլխավոր արտաքին բաղադրիչ: Մենք հպարտ ենք նրանով, որ հետևողականորեն ջատագովել ենք և շարունակում ենք ջատագովել ՀԱՊԿ-ի ներուժի ամրապնդման օգտին, և նաև այն բանի համար, որ հենց Հայաստանի նախագահության տարում Հավաքական անվտանգության խորհուրդը հաստատեց մեր կազմակերպության Անվտանգության ռազմավարությունը: Մենք հետայսու ևս շարունակելու ենք անել ամեն ինչ ՀԱԿՊ Օպերատիվ արձագանքման ուժերի կարողությունների ավելացման և կազմակերպության խաղաղապահ ներուժի ձևավորման համար: Այս ամենով հանդերձ՝ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանն արդյունավետորեն փոխգործակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Հայ խաղաղապահները, բացի Լիբանանում և Մալիում իրականացվող Միջազգային ազգերի կազմակերպության խաղաղապահ առաքելություններից, մասնակցում են նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի իրավազորած ՆԱՏՕ-ի առաքելություններին Աֆղանստանում և Կոսովոյում: Լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ` Հայաստանը համապարփակ փոխգործողության համաձայնագիր է ստորագրել Եվրոպական Միության հետ: Միաժամանակ՝ մենք ամենաբարեկամական հարաբերություններն ունենք Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, արաբական և լատինաամերիկյան պետությունների հետ: Եվ մենք սրանում չենք տեսնում որևիցե տարիմաստություն, քանզի համոզված ենք, որ բազմակենտրոն աշխարհում հարաբերությունները պետք է լինեն հենց այսպիսին: Ընդ որում, մեր գլխավոր կանոնը հարաբերություններում առավելագույն թափանցիկությունը և հուսալիությունն է: Միակ բանը, որը մեզ թույլ է տվել հասնել այս ամենին, այն է, որ միշտ զերծ ենք մնացել գայթակղությունից. օրինակ` Բրյուսելում չենք ասել այնպիսի մի բան, որն այնտեղ կընդունվեր ծափողջույններով, սակայն ցանկալի չէր լինի, որ լսեն Մոսկվայում, և` հակառակը: Մենք ստանձնել ենք միայն այնպիսի պարտավորություններ, որոնք վճռականորեն տրամադրված ենք եղել կատարելու, և կատարել ենք այն ամենը, ինչ խոստացել ենք: Պետք է նշեմ, որ մեր գործելակերպն արժանացել է մեր գործընկերների համարժեք վերաբերմունքին: Ես չեմ կարող վերհիշել որևէ դեպք, երբ ռուսական կողմը պետական մակարդակով նույնիսկ ակնարկով կասկածի տակ դներ մեր հարաբերությունները ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և կազմակերպությունների հետ: Նույնկերպ ես երբեք չեմ նկատել, որ ամերիկյան և եվրոպական պաշտոնակիցները անըմբռնողություն դրսևորեն Ռուսաստանի հետ մեր փոխհարաբերությունների նկատմամբ: Ակնհայտ է, որ բազմակենտրոն աշխարհի հաստատման կարևորագույն տարրերից մեկը խաղի կանոնների պահպանման գլոբալ մեխանիզմների ձևավորումն է: Եթե հետհայացք ձգենք 20-րդ դարի հետպատերազմյան  փուլի աշխարհակարգի կառուցման փորձին, ապա պարզ կդառնա, որ միջազգային հարաբերությունների այդ համակարգի գլխավոր թերամշակումը եղան միջազգային իրավունքում տապալված քննությունները, քննություններ, որոնց հետ միջազգային հանրությունը կապում էր հսկայական հույսեր: Իհարկե, եղել են նաև անվիճարկելի հաջողություններ` սկսած ՄԱԿ-ի միջազգային դատարանում հարթված լրջագույն վեճերից և վերջացրած միջազգային ծովային իրավունքի կոնվենցիայով և քաղաքացիական ավիացիայի միջազգային համակարգի արդյունավետ կարգավորմամբ: Սակայն սրանք չէին Ազգերի Լիգայի և Միացյալ Ազգերի Կազմակերպության ստեղծման հիմքում: Ակնհայտ է, որ ստեղծման պահին այս կառույցների հետ կապված գլխավոր հույսերը՝ կապված հարատև խաղաղության պահպանման և բոլոր պատերազմների կանխման հետ, ցավոք սրտի, հիմնականում չարդարացան: Ավելին, գլոբալ աղետից հնարավոր եղավ խուսափել հենց երկբևեռ աշխարհի ստեղծած հակակշիռների շնորհիվ: Այսօր, պետական,  տարածաշրջանային և գլոբալ անվտանգության նկատմամբ ծառացած սպառնալիքների արմատականացման պայմաններում, «ինչն է կարելի, ինչը՝ ոչ», «կարող եմ և չեմ կարող» հասկացությունների ամբողջական նենգափոխման պայմաններում, պարզամտություն կլինի հույս դնել անցած դարի սկզբին ձևավորված մեխանիզմների և համաշխարհային իրավակարգի համարժեքության վրա: Հիմնական հարցը հետևյալն է. պե՞տք է արդյոք լինի նոր, երկրորդ աշխարհամարտի հետ իր ծավալներով համեմատելի գլոբալ ցնցում, որպեսզի հնարավոր լինի ձևավորել նոր, ժամանակին համարժեք պատասխան: Հուսով եմ` ոչ, և վստահ եմ, որ այս համաժողովի ձևաչափով տեղի ունեցող շփումները, նմանօրինակ այլ ֆորումները մեզ մոտեցնում են այս կարևորագույն հարցի պատասխանը գտնելուն»։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Հրդեհ է բռնկվել Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող դեղատան պահեստային հատվածում Դատապարտո՛ւմ ենք այս բռնաճնշումները, վերահաստատում՝ մեղադրանքները շինծու են. Արագածոտնի թեմ Վերին Լարսի անցակետում 2000 բեռնատար է կուտակվել Գյումրեցի կանայք ամոթանք են տալիս ոստիկաններին (video) «Նենգ սրիկանե՛ր, ես ձեզ 1 շաբաթ ժամանակ էի տվել»․ Արշակ Զաքարյան (video) Արմեն Աշոտյանը փայլուն առաջարկ արեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Միքայել Սրբազանի համար հիմա էլ 2,5 տարի են պահանջում․ ոտքից գլուխ սա ապօրինություն է․ Սարգսյան (video) «Բա ձեր արարքի համար քանի՞ ճիպոտ է պետք»․ Միքայել Սրբազանի փաստաբանի կոշտ պատասխանը Բաբայանին (video) Նոր բեռ է գալիս Ադրբեջանով․ Գեւորգ Պապոյան (video) «Բաբայան Ռուբե՛ն, այ․․․ ինչպես քաղաքացին խայտառակեց Ռուբեն Բաբայանին» (video) Անահիտ Բախշյա՛ն, հերիք է հնարեք, գնացեք ու Նիկոլի վրա զարմացեք․ Լարիսա Ալավերդյան (video) Սա՞ է Վազգեն Միրզախանյանի պատկերացումը․ չկասկածե՛ք՝ եկեղեցին միանշանակ հաղթելու է․ Տեր Փավստոս (video) Ինչպես է Միքայել սրբազանն արձագանքում «սրբազան» վանկարկողներին (video) «Հրանուշ Խառատյա՛ն, գոնե մեկ նախադասությամբ պաշտպանեք ահաբեկչության ենթարկվող հայ եկեղեցուն» (video) Ինչ իրավիճակ է ԵՄ գրասենյակի մոտ Քվե ստանալու համար էլի դառավ բոլորիս վարչապետը․․․ Առաջիկա երկու օրերին սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով Գորիսում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Mercedes»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին․ կան ինժեներական ենթակառուցվածքի լուրջ վնասվածքներ Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների առաջին օրն ավարտվել է նշանակալի առաջընթացով ՀԱԵ թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 4 վարչական շրջանում․ ՇՄՆ Ստիպենք՝ Թոքմաջյանը քանդակի Նիկոլին․ Նաիրա Զոհրաբյան (video) Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումկի #ՀԻՄԱ․ «Դուք ձեր ողջ էությունը ողողեցիք զոհված տղաների, վառված տղաների արյունով». Լարիսա Ալավերդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am