Բանակցություններ են գնում իրանական գազը Հայաստանով Վրաստան տեղափոխելու ուղղությամբ.Վարդան Այվազյան
«Բանակցություններ են գնում իրանական գազը Հայաստանով Վրաստան տեղափոխելու ուղղությամբ:Իրանը մեր բարեկամ երկիրն է, Վրաստանը հարց է բարձրացրել, որպեսզի Իրանից գազ գնի, Իրանը և Վրաստանը պայմանավորվել են։ Հիմա այդ գազը իրա ոտքով չի գնում և երկու ճանապարհ ունի, մեկը՝ Հայաստանով, մյուսը՝ Ադրբեջանով: Ինչո՞ւ է հենց Հայաստանը ռեալը, որովհետև գազամուղը Հայաստանից դեպի Վրաստան կա, որովհետև մենք ունենք կապ Վրաստանի հետ և Իրանի հետ, այսինքն՝ պետք է հզորությունը ավելացնել և անհրաժեշտ գազի քանակությունը տեղափոխենք Իրանից Վրաստան: Հիմա բանակցությունները գնում են, և մենք կարողացանք իրանական գազը Հայաստանի միջոցով տեղափոխել ու հասցնել Վրաստան: Իրանի հետ հնարավորությունների հարցում պետք է նախանձախնդիր լինել, քանի որ ՀՀ-ի համար ձեռնտու տարբերակներ կան»,- Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը: Դիտարկմանը, թե ինչպես են այդ հնարավորությունից օգտվելու, եթե գազամուղը պատկանում է «Գազպրոմին» և պետությունը որևէ լիազորություն չունի այդ գազամուղի նկատմամբ, Վարդան Այվազյանը հակադարձեց, թե ՀՀ-ում գտնվող ցանկացած ապրանք և որևէ բան, անկախ սեփականության ձևից, այդ երկրինն է: «Հիշեք դա, որևէ մեկը այդ սեփականության պետական նշանակության օգտագործման համար քեզ չի կարող պայման թելադրել: Այսինքն, եթե վաղը մի մասնավոր հիվանդանոցում ես հիվանդ լինեմ, ինձ բուժօգնություն ցույց չտա, ես կարող եմ զրկել նրան իր ունեցվածքից, դա օրենքներով է ամրագրված, և այնպես չէ, որ Ռուսաստանը կարող է ասել, թե իմն է»,-ասաց նա:
