Տուն էին գալիս. վթարի ենթարկված պայմանագրային զինծառայողներից 2-ը եղբայրներ են. լուսանկարներ
Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ին ուշ երեկոյան վթարի ենթարկված պայմանագրային զինծառայողներ Ռուսլան եւ Ռոման Հարությունյանները եղբայրներ են. 30-ամյա Ռուսլանը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ Ռոմանն այս պահին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է, վիճակը ծանր է:
«Ռուսլանն ու Ռոմանը մոտ 20 օր առաջ էին աշխատանքի ընդունվել զորամասում, իրենց երրորդ եղբայրն էլ էր նույն զորամասում աշխատում: Երեկ էլ տուն գալու ճանապարհին է դեպքը տեղի ունեցել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սիսի գյուղապետ Արմեն Եղյանը, որի համագյուղացիներն են վթարի ենթարկված եղբայրները:
Գյուղապետի խոսքով՝ Հարությունյանները աղքատ ընտանիքից են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. մարտի 9-ին 23:00-ի սահմաններում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, Երեւան-Մեղրի 80-րդ կմ-ում «Օպել» մակնիշի (վարորդ՝ 30-ամյա Կ. Կ.) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ մոտ 250 մետր գլորվել է ձորը, ինչի հետեւանքով Կ. Կ.-ը եւ ուղեւոր, 35-ամյա Վ. Ղ.-ը տեղում զոհվել են:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղեւորներ՝ 32-ամյա Ա., 28-ամյա Ռ. եւ 30-ամյա Ռ. Հ.-երը հոսպիտալացվել են Արարատի բժշկական կենտրոն. Ռ. Հ.-ը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
