ԴԱԻՇ-ի գրոհայինների անձնական տվյալները հայտնվել են լրագրողների մոտ
SkyNews հեռուստաալիքի տրամադրության տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնք պարունակում են տեղեկատվություն ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման 22 հազար գրոհայինների մասին։ Ալիքի թղթակցի փոխանցմամբ՝ փաստաթղթերում առկա են ջիհադիստների հասցեները, հեռախոսահամարները և ընտանիքի անդամների կոնտակտները։ Նրանց մեծ մասը Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ քաղաքացիներ են։ Ցուցակում նշված են 51 երկրների քաղաքացիների անուններ։ Փաստաթղթերն իրենցից ներկայացնում են 23 հարցից կազմված անկետաներ։ Նշված հեռախոսահամարներից շատերը դեռ գործում են, և ամենայն հավանականությամբ դրանցից օգտվում են արմատականները կամ նրանց հարազատները։ Թվային տեսքով փաստաթղթերը գողացել է ԴԱԻՇ-ի նախկին անդամը, ով ներկայանում է որպես Աբու Համեդ։ Մինչ ԴԱԻՇ-ի շարքերն անցնելը՝ նա կռվել է Սիրիայի ազատ բանակի կազմում։ Նրա խոսքով՝ ԴԱԻՇ-ն այլևս չի պահպանում իսլամական վարքի կանոնները, և դա էլ ստիպել է իրեն լքել խմբավորումը։ Հարցին, թե փոխանցված փաստաթղթերը կօգնե՞ն հաղթել ահաբեկիչներին, նա պատասխանել է. «Ամեն ինչ Ալլահի կամքով է»։ SkyNews-ի թղթակցի հետ հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի տարածքում։ Անկախ փորձագետները դեռևս չեն հաստատել փաստաթղթերի իսկությունը։
