ՀԱԿ պատգամավորը սկսել է հավաքարարի՞ց. մանրամասնում է
«Հրապարակման մասին տեղյակ եմ, կարդացել եմ ու կարդալուց հետո տոնական օրով մի կուշտ ծիծաղել եմ: Իրականում որևէ միջադեպ տեղի չի ունեցել: Ավելին ասեմ. սեպտեմբերից ի վեր՝ ՀԱԿ խմբակցության մուտքին անգամ չեմ մոտեցել: Ո՞վ կարող է լինել այս պատմության հեղինակը.երկու ենթադրություն ունեմ, թե ովքեր կարող էին նման լուրեր տարածել: Մեկը ՀԱԿ-ն է, հավանաբար իրենց շոյում է այն միտքը, որ ես կարող եմ գնալ և խնդրել իրենց, երկրորդը` ՍԴՀԿ-ն է, որը խայտառակ պատմությունների մեջ է ընկել, և որի մասին կարծիք է հայտնել մեր վարչության անդամներից մեկը` Համբարձում Եղիազարյանը: Այս երկու կուսակցությունների վրա եմ կասկածում, նրանք որոշել են վրեժխնդիր լինել»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով նախօրեին տարածված տեղեկությանը, թե ՀԱԿ-ում է սկանդալ է եղել, ասաց ԱԺ ՀԱԿ պատգամավոր, ՎՍՀԴԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Նշենք, որ լրատվական կայքերից մեկը գրել էր, որ իրենց տեղեկություններով՝ ԱԺ ՀԱԿ խմբակցությունում մեծ սկանդալ է եղել: Մասնավորապես, նույն խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ով վերջին շրջանում փորձում է 2017-ի ընտրություններում իր համար ցուցակ ապահովել, փորձել է հարաբերությունները վերականգնել Լևոն Զուրաբյանի հետ, սակայն վերջինը ոչ միայն չի ընդունել Լյուդմիլա Սարգսյանին, այլ նաև իր գործավարի միջոցով փոխանցել է հետևյալը` «հավաքարար էիր` մենք քեզ մարդ դարձրինք»: «Անձնական որակումները և ՀԱԿ-ի մասով ինչ որ այդտեղ գրված է, իրականությանը չի համապատասխանում: Դա թույլ քաղաքական ուժի պահվածք է, որը ոչինչ չունի ասելու իմ մասին և միայն փորձում է չարախոսություններ տարածել և վարկաբեկիչ որակումներ տալ, որն ինձ չի հուզում»,-ընդգծեց Լյուդմիլա Սարգսյանը: Նշենք, որ ՎՍԴՀԿ ատենապետ,ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը մեզ հետ զրույցում չբացառեց, որ 2017 թվականի ԱԺ ընտրություններին կարող է մասնակցել ԲՀԿ-ի ցուցակով: Նշենք, որ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ ծաղկադրմանը Լյուդմիլա Սարգսյանը գնացել է ԲՀԿ-ի հետ: Հիշեցնենք, որ Լյուդմիլա Սարգսյանի և ՀԱԿ-ի միջև տարաձայնություններ առաջացան, երբ Լյուդմիլա Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների գործընթացի շրջանակներում հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ: Աստղիկ Ավագյան
