Մահացած ծննդկանի գործով նոր մեղադրյալ կա. փաստաբանը բացում է փակագծերը
«Բժշկուհի Անի Բաբլեյանը Մերի Մարգարյանի ծննդաբերության օրը հերթապահ է եղել, նա էլ իր հերթին է հրաժարվել է ընդունել Մերի Մարգարյանին, սա նույնպես հանցանք է և հիվանդանոցի բաժնի վարիչին էլ պետք է մեղադրանք առաջադրել»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անցած տարվա ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով փաստաբան Մարինե Թովմասյանը: Մարինե Թովմասյանը տեղեկացրեց, որ Քննչական կոմիտեն որպես մեղադրյալ ներգրավվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբլեյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: «Մենք միջնորդություն ենք ներկայացրել, որ 4 անձի մեղադրանք առաջադրեն: Մեկի մասով արդեն բավարարվել է, հիմա էլ սպասենք տեսնենք մյուսների մասով ինչ որոշում կկայացվի»,-ընդգծեց պաշտպանը: Պաշտպանի փոխանցմամբ՝ ներկայացված բժիշկների մասով իրենք ունենք հիմնավորումներ՝ համապատասխան փորձագետի եզրակացության և գործով ձեռք բերված ապացույցներ, ըստ որի իրենց մեղվորությունը ևս կա այս գործում: Պաշտպանը նկատեց , որ եթե մյուս անձնաց հետ կապված իրենց միջնորդությունը չբավարարեն, ապա իրենք պատրաստվում են բողոքներով հանդես գալ: Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ 2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը: Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նա գրավի դիմաց ազատ է արձակվել: Աստղիկ Ավագյան
