Էլվինա Մակարյանի վերջին հարցազրույցը
Էլվինա Մակարյանի հետ այս հարցազրույցից մոտ մեկ շաբաթ անց երգչուհին հեռացավ կյանքից: Այս երկուսուկես ամիսների ընթացքում ես գրեթե ամեն օր խնամքով սղագրել եմ Էլվինայի հետ չորսժամյա մեր զրույցը: Նույնքան խնամքով էլ փորձել եմ այն վերաշարադրել՝ ըստ ժամանակագրության: Հունիսի վերջին կամ նախավերջին օրն էր: Նրա հետ պայմանավորվեցի հարցազրույցի համար: Երեկոյան 20:30-ին արդեն Էլվինայի բնակարանի մոտ էի: Նրա տանից դուրս եկա, երբ արդեն գիշերվա երեքն էր: Հրաժեշտին ասաց, որ երբեք այսքան մանրամասն որևէ մեկին հարցազրույց չէր տվել, և որ երբեք ամերիկյան իր բնակարանում որևէ մեկն այդքան երկար չէր մնացել: Ասաց՝ լավ աուրա ունեի: Հետո հասկացա. սա իր իսկ պլանավորած ռեքվիեմն էր, իր հրաժեշտի խոսքը: Ուղղակի ճիշտ պահին ճիշտ վայրում էի հայտնվել:
Էլվինա Մակարյանն ավելի փոքր ու փխրուն էր, քան կարող է թվալ հեռուստացույցից: Երկար, սև ու շիկահեր խիտ մազերով, ակնոցներով, ծխախոտը ձեռքին… նա հազիվ իմ ուսից լիներ: Հենց այդ պատճառով՝ մի տեսակ անպաշտպան տեսք ուներ: Ծխախոտից խռպոտած ձայնը կարծես նշան էր նրա ուժեղ կամքի ու բնավորության: Հետո, սակայն, մեր զրույցից պարզ դարձավ, որ այն խռպոտած էր ցավոտ օրերից, դաժան կյանքից ու անխնա ճակատագրից…
Էլվինայի հետ մեր զրույցը սկսեցինք ամենասկզբից:
– Ես բնիկ երևանցի եմ: Տատիկս պոլսահայ է, պապիկս՝ ֆրանսահայ: Չնայած հիմա իր հարազատները Բրազիլիայում են ապրում: Մամայիս պապան Պառնիից էր, գեներալ էր, 1937-ին գնդակահարեցին: Տատիկիս էլ, որպես ազգի թշնամի, բանտ նստեցրին: Տատիկս իգդիրեցի էր, և բանտում նստած էր Չարենցի կնոջ հետ… Մի խոսքով, ասածս այն է, որ իմ նախնիներով, ես գիտեմ ու հույս ունեմ, որ մաքուր հայ եմ:
– Ինչպե՞ս սկսեցիք երգել և այն էլ՝ այդքան վաղ տարիքում:
– Երբ սկսեցի իմ կարիերան` 12 տարեկան էի, 6-րդ դասարան էի փոխադրվել: Համամիութենական քաղաքային դպրոցական օլիմպիադա էր, որտեղ մասնակցում էին Երևանի բոլոր դպրոցների ամենաշնորհքով երեխաները, որոնք կարող են երգել, լավ արտասանել, լավ նվագել: Մրցույթն անցկացվում էր Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում: Ես այդ ժամանակ սովորում էի 71 միջնակարգ դպրոցում և Սայաթ-Նովայում (Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում.– Ա.Ա.): Դպրոցը` համարելով, որ ես օժտված եմ, յուրահատուկ ձևով արդեն ուղղություն էր գրել Չայկովսկու երաժշտական տասնամյա դպրոց, որ ինձ միանգամից ընդունեին: Էդ գործը դեռ ընթացքի մեջ էր…
Բեմ դուրս եկա, դաշնամուրով նվագակցեցի ինքս ինձ ու երգեցի Ազնավուրի ու Լորետտիի երգացանկից: Վերջանում է ելույթս, ամբողջ դահլիճը թնդում է, ու ինձ գնահատում են՝ հինգ գումարած: Դա նշանակում է, որ հաղթեցի՝ «դփից լավը ես եմ»:
Բացի դիպլոմից, դպրոցի տնօրեն Գրացինյա Ակոպովնայից (տես ոնց եմ հիշում անուն-ազգանունը, 1962 թվին էր, այսինքն հասկացար, որ 1950-ին եմ ծնվել, օգոստոսի 16-ին, Առյուծ եմ հորոսկոպով, Վագր՝ տարով, Նապոլեոնի ծնունդից մեկ օր անց եմ ծնվել, ինքը ամսի 15-ին է ծնվել, էդքան էլ հեռու չի… երկուսս էլ մի բոյի…)… վերջը, բացի հաղթանակից, Գրացինյա Ակոպովնայից ստանում եմ «Անդերսենի հեքիաթները» գիրքը, որ ինձ համար ադամանդի գին ուներ: Իմ սերնդի երեխաների համար գիրքն իսկապես ուներ ադամանդի գին: Գիրքն էլ՝ մակագրությամբ՝ «Տնօրինությունից՝ հանրապետական օլիմպիադայում փայլուն հաղթանակի համար»:
Մրցույթից հետո գործերս տալիս եմ Չայկովսկու դպրոց: Քննություն էլ չտվեցի, կարծես միայն նվագելու քննությունը վերցրեցին, որովհետև Սայաթ-Նովայի անվան դպրոցի անձնակազմը տվել էր իր երաշխավորագիրը: Ես հիվանդ էի, մրսել էի: Քննաշրջան էր: Սայաթ-Նովայի դպրոցում շատ սիրուն դահլիճ էր, ու քննությունները միշտ անցնում էին այդ սրահում՝ բեմի վրա: Ես շատ փիս հիվանդ էի, տաքության մեջ էի, մաման բերում է, որ քննությունս հանձնեմ: Նստում եմ, նվագում՝ առանց որևէ սխալի: Մեկ էլ բոլոր ուսուցիչները, Պյոտր Ասատուրովիչը (ինքն էր ուսմասվարը) ասացին՝ էս ո՞նց է նվագում: Ի՞նչ եմ արել: Պարզվում է, որ հիվանդ եմ եղել, տաքությունով, նստել եմ ու մեկ այլ տոնայնությամբ եմ նվագել ամբողջ գործը՝ այսինքն իր տոնայնության մեջ չեմ նվագել: Նույնը նվագել եմ, բայց այլ տոնայնությամբ: Ծրագրում Շոպեն էր, Մասկովսկի, Բախ: Սրանք գժվում են, ասում են` բացարձակ երաժշտական լսողություն ունի, ու միանգամից որոշում են՝ Էլվինան ընդունված է:
Օլիմպիադայից մի քանի օր անց ինձ զանգում է Բուլիկը՝ Մարտին Վարդազարյանը, որ նոր հավաքել էր ջազային քառյակը: Հրավիրում է, որ գնամ էդ քառյակի հետ փորձ անեմ: Ես որ գնացի, ինձ համար բոլորը «ձյաձյաներ» էին… հիմա որ հետահայաց նայում եմ՝ բոլորն էլ երիտասարդ տղաներ էին, բայց, քանի որ փոքր էի, եկա տուն, ասացի` «մամ, բոլորը պապայի տարիքի տղամարդիկ էին…»:
Մեր փորձերը գնում էին ԵՊՀ-ի բեմի վրա, որովհետև խումբն էլ էր այդպես կոչվում՝ Համալսարանին կից ջազային քառյակ: Որոշ ժամանակ անց Բուլիկն ասում է. «Շուտով հեռուստատեսությամբ «Օգոնյոկ» է լինելու, բոլորը հայտնի մարդիկ են, ու դու էլ ես ելույթ ունենալու»: Այդ ժամանակ քառյակի հետ պատրաստել էի մի հատ ջազային գործ (Էլվինան տեղից վեր է կենում ու նվագում է հարևանությամբ դրված սինթեզատորի վրա.– Ա.Ա.): Դա իմ առաջին երգն էր հեռուստատեսությամբ: Անգամ հիշում եմ` ինչ շոր էի հագել՝ տատիկս էր կարել ինձ համար, այ էդ պոլսահայ տատիկս՝ պապայիս մաման, տաքոտ մատերիալ էր՝ կապույտ-սպիտակ գծերով սիրուն շոր էր ու մութ կապույտ բանտ ու գոտի: Երգեցի հեռուստատեսությամբ այդ գործը:
Դու մի ասա՝ այդ հաղորդումը նայում է Ռոբերտը Ամիրխանյան ու հաջորդ օրը մեր տուն է զանգում ու մայրիկիս հետ զրուցում, հրավիրում է ինձ՝ որպես մենակատար, իր խումբ: Տասներեք տարեկանում ես գնում եմ Ռոբերտի անսամբլ:
– Ո՞ւր էր տանում, Ռոբերտը էդ ժամանակ ի՞նչ ուներ:
– Ո՞նց թե… վոկալ-ինստրումենտալ «Կռունկ» անսամբլը: Թնդում էր ամբողջ Հայաստանով: Էն ժամանակ Սովետը մեզ համար կարևոր չէր: Ախր, ուրիշ ժամանակ էր, Արտակ ջան, ախր դու փոքր ես, չես պատկերացնում, թե էդ ինչ էլիտա էր Հայաստանում…
Առաջին անգամ որ Ռոբերտին հանդիպեցի, ես՝ փոքր աղջիկ, եկա նստեցի, ասացի. «Ուզո՞ւմ եք ես Ձեզ համար Ձեր «Բոսանովան» նվագեմ»: Ու նվագեցի: Նայեց մատներիս ու ասաց. «Եթե չլինեի այս հարմոնիաների հեղինակը, ես չէի հավատա, որ դու լսողությամբ ես հարմոնիաները հանել… (Էլվինան նորից տեղափոխվում է գործիքի մոտ ու սկսում նվագել: Բնօրինակը դանդաղ, մեղմ երաժշտություն էր, իրենը՝ արագ ու ռիթմով.– Ա.Ա.)։ Ռոբերտը շշմել էր:
Այդ օրերին «Կռունկում» երգող Ռաիսա Մկրտչյանը, բանից պարզվում է, որ հղի է, պետք է երեխա ունենա՝ նոր էր ամուսնացել, ու արդեն խմբում ազատ տեղ կար, ու Ռոբերտը միանգամից ինձ է հրավիրում: Այդպես աշխատանքի անցա «Կռունկում»: Այդ տարիներին այնպիսի բաներ էին հետս կատարվում, որ այն ժամանակ ինձ համար դա նորմալ էր թվում, բայց հիմա, որ մտածում եմ` ֆանտաստիկա էր: Տես: Մի օր թերթում հայտարարություն եմ կարդում՝ կայանալու է հանրապետական երգի մրցույթ Հայաստանի կոմպոզիտորների միությունում, ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել հայտեր: Գնում եմ Միություն, փոքր աղջիկ՝ երկու հյուսերով, ցանկանում եմ հայտ ներկայացնել: Էդ ժամանակ մայրս բանկի կառավարիչ էր ու շատ կազմակերպություններ իր հետ էին անմիջապես աշխատում, ու Կոմպոզիտորների միությունը նույնպես նրա հաճախորդներից էր: Դու մի ասա՝ էն ժամանակ, որ ես մտնում եմ Միության շենք, Սոսյանն է այնտեղ լինում՝ Միության ադմինիստրատորը: Սոսյանն ինձ տեսնում է ու հասկանում է, որ ես Ռոզայի աղջիկն եմ: Ես էլ բան չգիտեմ: Ինձ ասում են՝ ծրագրի մեջ պետք է լինի նոր երգ՝ չլսված:
Գալիս եմ ու նույն օրը թե մյուս օրը` չեմ հիշում, գնում եմ Հովհաննես Բադալյանենց տուն: Նրա աղջկա՝ Անահիտի հետ Չայկովսկիում միասին էինք սովորում: Կոմիտասի փողոցի վրա էր իրենց տունը: Գնացի, ասում եմ. «Հովհաննես ձյաձյա, ես պետք է մասնակցեմ այս մրցույթին, բայց ասել են, որ էնպիսի երգ պետք է հնչի, որ ոչ մի անգամ չի հնչել»: «Եղավ, աղջիկս, ես հիմա քեզ մի հատ ալբոմ կտամ, գնա տանը ուշադիր նայի, ընտրի, որ երգը ուզում ես երգես, սա Կոմիտասի երգերն են: Ընտրի, պատրաստի ու բեր մի հատ ինձ ցույց տուր»,- պատասխանում է:
Եկա տուն: Մամաս է գալիս գործից, թե` «Էլվինա ջան, էս ինչեր եմ լսում»:
«Ի՞նչ է եղել, մամ ջան»,- հարցնում եմ: «Էդ դու, ի՞նչ է, հայտ ե՞ս ներկայացրել Կոմպոզիտորների միություն երգի մրցույթի, դու ի՞նչ է` խելագարվե՞լ ես, այնտեղ այնպիսի վարպետներ են ելույթ ունենալու, Բելլա Դարբինյան և այլն, դու պստիկ երեխա, ո՞վ է քեզ բանի տեղ դնելու…»,- ասում է նա: «Մամ, չգիտեմ, ով է այնտեղ երգելու, բայց ես ոսկի չեմ ստանալու միայն այն պատճառով, որ էդ քո հասած հայտնի մարդիկ են երգելու: Կարող է ոսկին չստանամ, Բելլա Դարբինյանը ստանա, բայց արծաթը հաստատ ես կստանամ»,- ասում եմ: «Վայ, բալիկ ջան, ինչո՞ւ ես ավելորդ տեղն ուզում ներվայնանաս, ինչո՞ւ հետո լաց լինես, ախր չի լինի, դու փոքր երեխա ես»,- պատասխանում է մայրս:
«Իսկ քեզ ո՞վ ասաց»,- հարցնում եմ: «Սոսյանը պատմեց, որ մի հատ երեխա հյուսերով եկավ, նայել է ու գլխի է ընկել, որ իմ աղջիկն ես»:
Ես համառեցի ու մասնակցեցի: Մրցույթի նախագահն էր, Աստված հոգին լուսավորի, Տաթևիկ Սազանդարյանը՝ ԽՍՀՄ ժողովրդական երգչուհի: Մրցույթից մեկ օր առաջ գնացի Հովհաննես Բադալյանի մոտ: Հարցրեց՝ բալիկ ջան, ի՞նչ երգ ես պատրաստել:
– Հովհաննես ձյաձյա, չգիտեմ՝ «Էս գիշեր, լուսնյակ գիշերը»:
– Հա, նվագի-երգի՝ տեսնեմ,- ասաց նա:
Երգում եմ: Մեկ էլ նայեց ու ասաց. «Ա՛յ, հենց էսպես, ոնց որ հիմա երգեցիր, նույն ձևով կերգես մրցույթի ժամանակ: Չտեսնված է»:
Մտածեցի՝ եթե Հովհաննես Բադալյանը սենց գովեց, ուրեմն վարիանտ չի, որ ես սխալ եմ երգում: Գալիս է մրցույթի օրը: Դուրս եկա բեմ, երգեցի Կոմիտասից, ու ոնց որ ես ասացի մամային՝ ոսկին ստացավ Բելլա Դարբինյանը, արծաթն էլ իմ դոշից կախեցին՝ դիպլոմով: Եկավ արդեն այն օրը, որ հաղթողների համար ազատ ծրագիր էր նախատեսված: Երկրորդ երգը՝ Շառլ Ազնավուրի երգերից երգեցի: Դահլիճը դղրդում էր: Տեսնեմ` կուլիսների հետևում Տաթևիկ Սազանդարյանը կանգնած` նայում է ինձ, սպասում է: Եկա կուլիսներ, խիստ ձայնով, թե` «Եթե ես լսեի էն ժամանակ սենց բան, ես քեզ արծաթ չէի տա»: «Տաթևիկ Միխայլովնա, ինչո՞ւ»,- հարցրեցի: «Դու արտակարգ Կոմիտաս երգեցիր, էս ի՞նչ է, որ երգում ես, սա անգամ հայկական չէ»,- ասաց նա:
Էն ժամանակ տարակուսում էի, հիմա հասկանում եմ՝ շատ ճիշտ մոտեցում էր, շատ ճիշտ: Էդ արծաթը ստացա տասներեք տարեկանում ու արդեն Ռոբերտի (Ամիրխանյան.– Ա.Ա.) հետ ես միակ անձն էի ամբողջ Խորհրդային Սիությունում, որ ճանապարհորդում էի հյուրախաղերով էդքան ջահել տարիքում: Երբ որ Ֆինլանդիայից հրավեր եկավ` կապիտալիստական երկիր, ու ես՝ տասնչորս տարեկան երեխա, ԿԳԲ-ականներն ապշած էին: Ասեցին, որ էսքան փոքր տարիքում դժվար թե թողնեն ԽՍՀՄ-ից ուրիշ երկիր գնա: Բայց գնացի:
Ակադեմիական աշխատավարձ
Ֆինլանդիայից հետո «Կռունկի» հետ փորձեր ենք անում: Տղերքն ասին. «Գիտե՞ք ով է նստած դահլիճում, Օրբելյանն է նստած: Էլվինա ջան, երևի քո հետ վերջին անգամն ենք փորձ անում»: «Ինչո՞ւ»,- հարցրեցի: «Պարզ չի՞, Օրբելյանը եկել է մի նպատակով՝ եկել է քեզ տանի իր մոտ»,- պատասխանեցին: Ես լուրջ չընդունեցի: Ո՞նց, Հայաստանի պետական էստրադային նվագախումբ պետք է գնա՞մ… չի կարող պատահել: Մտածեցի՝ խոսում են, էլի: Իրականում այդպես էլ դուրս եկավ: Փորձից հետո Օրբելյանը մոտեցավ ու… տարավ: Էդ օրվանից Օրբելյանի մոտ էի: Ակադեմիկոսի աշխատավարձ միայն ես ու Օրբելյանն էինք ստանում` 350 ռուբլի: Էդ ժամանակ տասնհինգ տարեկան էի:
Ու գնաց դրանից հետո… Չտեսնված էր ամեն ինչը: Էդ ժամանակ որ Կոնսերվատորիա գործերս տվեցի, իհարկե, փայլուն տվեցի, քննական հանձնաժողովն էլ՝ խիստ: Հիմա, որ տեսնում եմ այսօրվա Կոնսերվատորիան, մտածում եմ՝ Աստված իմ, սա էն ժամանակ լիներ, անգամ կամաչեինք մոտենալ այդ բարդակին: Իսկ էն ժամանակ Հայկական կոնսերվատորիան կարելի էր համեմատել Մոսկվայի Կոնսերվատորիայի հետ: Բարձրակարգ դասախոսներ՝ ամենաուժեղ մասնագետները՝ ի՞նչ ռաբիս երգի բաժին, ի՞նչ դհոլի բաժին, ի՞նչ զուռնա-դուդուկ: Դաշնակահարներ, թեորիստներ, ջութակ, փողային գործիքներ… Էդ էր զուտ, այսինքն՝ այն, ինչ հնչում է Սիմֆոնիկ նվագախմբում:
Հարմոնիայի քննությանը Ռոբերտ Աթայանին՝ տեսության բաժնի ղեկավարին են բերում իմ քննաթերթիկը: Նայում է գործը… էդ ժամանակ կանգնած են լինում Մելիք Մավիսակալյանն ու Ռոբերտը Ամիրխանյանը, որոնք դեռ սովորում էին Կոնսերվատորիայում: Այսինքն, այն ժամանակ ավարտում էին: Ասում եմ, չէ՞, Ռոբերտը հավերժ ուսանող էր: Աթայանը իմ գործը վերցնում է, նայում ու բղավում. «Սա ի՞նչ մղձավանջ է, սա ի՞նչ է: Արա, սենց անսլուխներին էլ են Կոնսերվատորիա ընդունում»: «Էս, ով որ ասում ես՝ անսլուխ, բոլորիս կարող է դաս տալ իր լսողությամբ»,- Ռոբերտն է պատասխանում Աթայանին:
– Իսկ ինչո՞ւ էիք այդքան վատ գրել:
– Որովհետև զզվում էի տեսությունից, դեմ էի օրենքներին, ու իմ հետ միշտ կռվում էին, թե էս ինչ հարմոնիաներ ես վերցնում: Ասում էին՝ սխալ է տեսության մեջ: Ասում էի՝ ես լսում եմ՝ ուրեմն ճիշտ է: Հետագայում Ռոբերտը գիտե՞ս ինչ էր անում. երբ նոր երգ էր գրում, ինձ նստեցնում-նվագացնում էր ու նայում էր` ես ինչ հարմոնիաներ եմ վերցնում: Ու գրում էր: Չնայած պետք է ասեմ, որ ես հենց Ռոբերտից էի այդ ոճը սովորել: Իր «շկոլան» էր: Բայց հարմոնիաների հաշվով՝ բոլորը գիտեն՝ իմ հարմոնիաների դեմ խաղ չկա: Օրբելյանն ինձ ասում էր՝ այն, ինչ դու ես երգում, ու այնպես, ինչպես դու ես երգում, կարող ես աշխարհում երգել միայն դու: Օրբելյանի կարծիքն էր:
Մի խոսքով, ես հանձնում եմ քննություններս ու ընդունվում եմ Կոնսերվատորիա, որից հետո Օրբելյանն ասում է. «Իմ աղջիկ, մենք հյուրախաղերի ենք գնում: Կա՛մ Կոնսերվատորիան, կա՛մ հյուրախաղերը»: Ասացի՝ «Չէէէ՜, հյուրախաղերը»: Շատ անգամ Օրբելյանը զանգում, դասավորում էր դասերս, մեծ մասն իր ընկերներն էին դասավանդում, բայց, վերջիվերջո, հոգնեցին ինձանից, այ մարդ, ասացին, գնա հյուրախաղերի, երբ որ վերջացնես, կգաս, կընդունվես: Ու մնացի Օրբելյանի հետ:
Մի օր Օրբելյանը եկավ, ասաց՝ այսօր մեզ մոտ շատ պատասխանատու փորձ է` որովհետև այսօրվա մեր փորձին ներկա է լինելու Արամ Իլյիչ Խաչատրյանը:
Ֆիլհարմոնիկի մեծ դահլիճում էինք փորձեր անում: Դահլիճում նստած էին Արամ Խաչատրյանը, Էդուարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը և մի քանի հոգի էլ… Բոլորը ելույթ էին ունենում, ես էլ վարագույրի հետևից նայում էի Արամ Խաչատրյանի ռեակցիային` ձեռքերը ծալած նստած էր, ոչ մի ռեակցիա, խոսում է մյուսների հետ: Մեկը մյուսի հետևից ելույթ են ունենում ու գնում: Իմ հերթը եկավ: Նստեցի դաշնամուրի դիմաց, նվագախումբը նստած է, ու սկսեցի «խզարել»: Երգեցի Էլլա Ֆիցջերալդի «Բոսանովան»: Այնպիսի ռիթմ էի վերցրել, միայն տեսնես: Երբ երգեցի-ավարտեցի, Արամ Խաչատրյանը ոտքի կանգնեց ու սկսեց դանդաղ ծափահարել… առանց այդ էլ արտահայտիչ աչքեր ուներ, էսքան (ցույց է տալիս.– Ա.Ա.) դարձան աչքերը ու բարձր ձայնով ասաց. «Էս ինչ հրաշք է, ինչո՞ւ այս հրաշքի մասին ես ոչինչ մինչև հիմա չգիտեմ…»: Նա ինձ կանչեց, ծանոթացանք, փոխանակվեցինք հեռախոսահամարներով, ինքը տվեց Մոսկվայի իր հասցեն, ու թե. «Էլվինոչկա, ես արդեն քո մեծ ընկերն եմ, երբ Մոսկվա ժամանես, անպայման ինձ հյուր կգաս»:
Մի օր Օրբելյանը եկավ, թե` ես վարիացիաներ եմ գրել, հատուկ քեզ համար: Ես մի քանի բան ավելացրեցի, դրանցից մեկը Սաքսոֆոնն էր: Սլավիկն էր սաքսոֆոնիստը` շատ ուժեղ երաժիշտ էր: Հիմա էլ կարծեմ ինքը Մարտիրոսյանի մոտ է նվագում: Արդեն մեծ է: Իմպրովիզը իրար հետ էինք փորձում: Ու այդ գործը՝ «Ձայնային վարիացիաներ նվագախմբի հետ», ես վերջում մի հատ նոտա էի վերցնում… Ես չգիտեի` ինչ նոտա էի վերցնում: Գալիս եմ փորձի, տեսնեմ՝ Սիմոն Տերյանը և մյուսները դաշնամուրի մոտ կանգնած ինչ-որ բանի մասին են վիճում: Մեկ էլ Սյոման ասաց.
– Բալա ջան, մի հատ էն վերջին նոտան առանց վարիացիաների երգի:
– Ինչո՞ւ:
– Ես այստեղ վիճում եմ, որ սա երրորդ օկտավայի սոլ է, ինձ ասում են` չէ, անգամ Գոհար Գասպարյանը չի կարող երրորդ օկտավայի սոլ վերցնել:
– Փորձեմ,- ասացի ու երգեցի այդ նոտան:
Սյոման, երգելուց հետո, թե՝
– Հը՞, կերա՞ք:
Ըտենց: Երբ գնում էինք հյուրախաղերի՝ առաջին օրը հանդիսատեսը լցվում էր, երկրորդ օրվանից գալիս էին երկրորդ բաժնի համար, որովհետև գիտեին ինչու` ժողովուրդը գալիս էր Էլվինա Մակարյանի համար: Ես երկրորդ բաժնում էի: Իսկ երբ որ Բաքու պետք է գնայինք հյուրախաղերի, այնպես ստացվեց, որ ես անառողջ էի ու չէի կարող գնալ, Կոնստանտին Օրբելյանը եկավ մեր տուն.
– Հասկանո՞ւմ ես, որ եթե Բաքու չգաս, դա դանակով հարված է թիկունքից, ուրեմն կուսակցական տոմսս պետք է վայր դնեմ,- ասաց նա:
– Ինչո՞ւ, ախր նա վատ է իրեն զգում,- մաման խառնվել էր իրար:
– Ռոզա ջան, Բաքվի Ֆիլհարմոնիայի տնօրենն ասել էր` առանց Էլվինայի Բաքու ոտք չդնեք,- ասաց Օրբելյանը:
Այդպես հիվանդ, ինձ գրկելով տարան, դրեցին օդանավ: Այնտեղ մի հատ պրոֆեսոր Տալիշինսկի կար, էդ պրոֆեսորին բերեցին, ինձ բուժեցին, ես պառկած էի, մի քանի օր համերգները հետաձգել էին, մինչև առողջացա ու երգեցի: Նույնը՝ Վրաստանում էր: Այնտեղ, երբ որ ելույթ ունեցա, վրացիները իրենց ստուդիայում ձայնագրեցին: Էդ միակ ձայնագրությունն էր, որ ես ոսկու նման պահում էի: Մի օր Չիկոն` Արամը ուդարնիկ, ինձ խնդրում է իրեն տալ այդ ձայնագրությունը, մի երկու օրով: Տվեցի: Չիկոն վերցրեց ու էդ էր… Կորավ: Անցան տարիներ, ես հետո հասկացա էդ խաղը: Ընենց արին, որ այդ գործը այլևս չհնչի:
Շիկահերն ու «Ուր եք տղաները»
Էրմիտաժի Կանաչ դահլիճում համերգից առաջ Օրբելյանն ինձ մոտեցավ հատուկ խնդրանքով` «Այսօր համերգին մի հատ աղջիկ է ներկա գտնվելու: Հինգերորդ նստատեղին է նստելու»: «Ո՞վ է»,- հարցրեցի: «Դու իրեն չգիտես, նա սովորում է Գնեսինների ուսումնարանում, վատ չի երգում ու քո համար ուղղակի խելագարվում է: Ալլա է անունը: Ալլա Պուգաչովա: Շիկահեր աղջիկ է: Հայացքով գոնե մի անգամ իրեն նայիր…»,- պատասխանեց Օրբելյանը: Բա, Արտակ ջան: Սա է իմ կյանքը: Այդպես փայլուն ելույթներ էի ունենում: Իսկ 1973 թվին 23 տարեկան էի, որ Երիտասարդ ձայների համամիութենական մրցույթին ստացա «Գրան պրի» մրցանակը: Առաջին հայն էի: Մրցույթի նախագահն էլ Թարիվերդիևն էր: Ընդ որում, երգն էլ, որ ամբողջ ԽՍՀՄ-ով և սոցիալիստական ճամբարով թնդում էր, հայերեն էր՝ «Ուր եք տղաները»: Էդ ի՜նչ էր կատարվում Մոսկվայում: «Իզվեստիայից» բռնած բոլոր միութենական թերթերը գրել էին` «Էլվինայի երգը հասկանալու համար թարգմանություն պետք չէ` երգի կատարողականի զգացմունքայնությունն ու տաղանդը բարձր է ցանկացած թարգմանությունից»: Ռուսներն այնպես էին ընդունում այդ երգը, ոնց որ լավ հասկանում էին: Չէի կարողանում հանգիստ խանութ մտնել: Երբ որ Ռոբերտը նոր գրեց այդ երգը, և մենք Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում համերգ ունեցանք, հանդիսատեսը գրեթե ռեակցիա չտվեց: «Գրան պրին» ստանալուց հետո Երևանում նույն երգը կատարեցի՝ վերջին ակորդների վրա ծափերի պատճառով ես իմ ձայնը չէի լսում: Եկա, ու երբ որ հեռուստատեսությամբ հարցազրույց վերցրեցին, հենց դա ասացի՝ ի՞նչ հետաքրքրական է` հենց նույն այդ երգով, նույն կատարողականությամբ, ես դուրս եկա և երգեցի Օստանկինոյում, ստացա «Գրան պրի»: Իսկ այստեղ՝ սառը ընդունելություն. անպայման պետք է գնաս ուրիշ տեղ հաղթես, որ նոր Հայաստանում քեզ ընդունեն: Հարցազրույցը շոկ էր առաջացրել: Ու նաև թշնամիներ բերեց, որ հետո իմ կյանքը ընենց թունավորեցին, որ չես էլ պատկերացնի: Հավատալու չի ուղղակի…. Երբ «Գրան պրի» ստացա, ինձ միանգամից մեխանիկորեն ուղարկեցին Բեռլին` երիտասարդների ու ուսանողների համաշխարհային 10-րդ փառատոնին: ԽՍՀՄ պատվիրակությունում ես միակ անձն էի Հայաստանից: Խմբի մեջ էին Պախոմովան, Գորշկովը, Կոբզոնը, «Պեսնյարի», «Սամոցվետի» խմբերը: Մինչև Բեռլին գնալն ինձ կանչեցին կենտկոմ. – Տես, քեզ հետ պիտի գա նաև «Սերպանտին» նվագախումը: Չասես, որ դու մենակ ես երգելու,- ասացին: – Բայց ինչպե՞ս: Ախր միայն ինձ են հրավիրել,- պատասխանեցի: – Էդ կապ չունի, «Սերպանտինը» կգա, ու քեզ հետ պետք է իրենք այնտեղ նվագեն: «Սերպանտինը» եկավ Բեռլին, սակայն նրանց անգամ Ֆրիդրիխշտատ համերգասրահի բեմ չթողեցին, որ դուրս գան: Գերմանացիներն էին որոշողը: Եվ ես երգեցի ֆրանսիական հայրենասիրական մի երգ: Գալա-համերգն էր, ու ես էլ եզրափակում էի համաշխարհային այդ փառատոնը: Ինտերվիդենիայով ցույց են տվել, ես` սպիտակ շորով` ելույթ էի ունենում, արևածաղկի նման ինձ շրջապատել էին Կոբզոնը, «Սամոցվետին», «Պեսնյարին»… Գերմանացիները շշմել էին: Բեռլինում հինգ անգամ եղել եմ: Ինչպես էին ընդունում գերմանացիները՝ ես իրենց ցավը տանեմ: Ես այդ ժամանակ էի զարմացել՝ սրանց մասին են ասում՝ ֆաշի՞ստ, էս ի՞նչ ջիգյարով, էմոցիոնալ ժողովուրդ են:
Էլվինայի ամուսինները
Առաջին անգամ ամուսնացել եմ տասնութ տարեկանում` 1968 թվին: Առաջին ամուսինս լրագրող էր: Լեոնարդ Միքայելյան: Միասին ապրեցինք հինգ տարի՝ մինչև 1973-ը: Առաջին երեխայիս՝ Զառայիս այդ ժամանակ ունեցա: Երբ որ առաջին ամուսնությանս լուրը հայտնի դարձավ, կյանքում չեմ մոռանա Օրբելյանի խոսքերը, դա ինչ իմաստուն մարդ էր… Օրբելյանն ասաց. – Աղջիկս, ո՞ւր ես շտապում, դու բեմի համար ես ծնվել: Քեզ Աստված ամեն ինչ տվել է, ի՞նչ է, վախենո՞ւմ ես չամուսնանալուց: Մի ամուսնացիր, ես քեզ մեկ տարուց խոստանում եմ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ դարձնել՝ որ ոչ ոք էդ տարիքում անգամ չի էլ երազում: – Մաեստրո, ախր ես Լեոնարդին սիրում եմ,- ասացի: – Տես, կփոշմանես,- զգուշացրեց նա: Երկրորդ անգամ ամուսնացա Ռոմիկ Ավանեսովի հետ: Նա մահացավ երկու տարի առաջ: Շատ գեղեցիկ տղամարդ էր: ՕԲԽՍ-ի աշխատող էր: Ռոմիկի հայրը գեներալ-մայոր Հայրապետ Ավանեսովն էր: Հիշում ես, «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունը որ եղավ, Մոսկվայից մի մարդ խոսեց, ասաց, որ ճանաչում է Նաիրի Հունանյանին Եվպատորիայից: Դա իմ սկեսրայրն էր: Նա այդ ժամանակ Եվպատորիայի քաղաքապետն էր: Արդեն Ռոմիկի հետ ամուսնացած ենք, ու ես ԽՍՀՄ-Բուլղարիա բարեկամության միության կազմում մեկնում եմ Բուլղարիա: Պատվիրակության կազմում են` Բյուլբյուլօղլին, Դեմենտևը, Մոսֆիլմի դերասաններ: Մեզ ընդունեց Բուլղարիայի նախագահը՝ Թեոդոր Ժիվկովը: Ու Էդ Ժիվկովն ինձ սիրահարվեց: Հիմա, պաշտոնական ընդունելության ժամանակ գալիս է, ինձ հետ է պարում: Մի անգամ, երկու անգամ… Երևան եմ գալիս, օդանավակայանում մերոնք եկել են ինձ դիմավորելու: Մաման կապտած դեմքով մոտենում է, թե` – Այդ ի՞նչ է կատարվում, բոլորը խոսում են, թե էլվինան Բուլղարիայի նախագահի գլուխը կերել է, երևի էլ չի գա… Ամբողջ Երևանը դրա մասին է խոսում: – Ի՞նչ,- զարմացա: – Սուս մնա, մարդդ իրեն ուտում էր, ասում էր՝ Էլվինային սպանելու եմ: Համոզել էինք, որ սուտ է,- ասաց մաման: Գնացինք տուն: Տեսնեմ՝ Ռոմիկը կատաղած-նստած է: Մոտենում եմ. – Ռոմ ջան, ախր ո՞նց ես հավատացել այդ հիմարությանը: Ժիվկովը նախագահ մարդ է, ընդունելության ժամանակ հրավիրեց պարելու, ինքն էլ մեծ, տարիքով մարդ, չպարեի՞,- դե մի քիչ էլ գույները խտացրել էի: Ասաց. «Վայ կնիկ ջան, թող դու էս բեմը, թե չէ` կամ մի օր քեզ եմ սպանելու, կամ չգիտեմ ում»: Երբ որ ես ստացա «Գրան պրին», Թարիվերդիևը, խելոք մարդ, որին ես չլսեցի, ասաց. «Էլվինա, էդ ճահճում դու գործ չունես»: Իսկ ես էլ մեռնում էի Հայաստանի համար: Ասաց. «Դու ադամանդ ես, կխամրես, կխորտակվես այդ ճահճում, դու պետք է մեկնես այնտեղից»: Թարիվերդիևը և Լարիսա Կլիցկայան, որ ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ էր, առաջարկեցին տեղափոխվել Մոսկվա ու խոստացան ապահովել բնակարանով ու աշխատանքով: Թարիվերդիևն անընդհատ պնդում էր. «Էլվինա, ամեն ինչ կապահովեմ, բնակարան Մոսկվայի կենտրոնում, դու պետք է մեր աչքի առաջ լինես, ամեն անգամ Մոսկվա կանչելը երկար ժամանակ է պահանջում՝ մինչև հեռագիր ուղարկենք, մինչև տոմս գնես, ժամանես: Իսկ այսպես կլինես մեր աչքի առաջ, կլինես Կենտրոնական հեռուստատեսությամբ»: Խոստացա մտածել, երբ որ այդ ամենն իրական լինի: Որոշ ժամանակ անց գալիս է հեռագիրը Թարիվերդիևից. «Բնակարանը Մոսկվայի կենտրոնում կա, սպասում ենք: Թարիվերդիև, Կլիցկայա»: Բերում եմ հեռագիրը և ցույց եմ տալիս ամուսնուս: Ռոմիկը էն ժամանակ ՕԲԽՍ-ից դուրս էր եկել: Ու մայրիկս, քանի որ բանկում պաշտոն ուներ, դասավորեց Բժիշկների կատարելագործման ինստիտուտում՝ որպես տնտեսական գծով պրոռեկտոր: Ռոմիկը կարդաց, ուրախացավ: Ասացի. – Ի՞նչ ես ասում: – Տնօրենիս ցույց տամ: Շեֆ է, հիմա չնեղանա,- ասաց նա: Մտնում է տնօրենի մոտ, ցույց է տալիս հեռագիրը: Նա էլ հասկանում է, որ հեռագիրը ջրի վրա թանաքով գրված բան չի, շատ իրական է, ու միանգամից Ռոմիկի աշխատավարձը չորս անգամ բարձրացնում է ու խնդրում է, որ չգնա: Ռոմիկը գալիս է ու ասում է. «Էլվինա ջան, ես որ գամ, կլինեմ Էլվինայի մարդը: Ես չեմ կարող: Ես թասիբով տղա եմ: Արի մնանք Հայաստանում»: Ու չգնացինք: Կլիցկայան, երբ իմացավ, որ չեմ գնալու, զանգեց. «Էլվինա ջան, ըտենց տղամարդիկ դու լիքը կունենաս, արի: Ես քեզ հրեայի հետ կամուսնացնեմ: Գիտե՞ս ինչ բարձունքների կհասնես: Տես, կփոշմանես»: Ու այդպես էլ եղավ: Ես էշի նման էդ տարբերակը բաց թողեցի ու մնացի Հայաստանում: 1977 թվին տղաս ծնվեց: Ռոմիկի հետ ապրեցինք մինչև 1980 թվականը: Դրանից հետո մի անգամ էլ ամուսնացա, ու վերջացավ: Էդ երրորդ ամուսինս էլ էր հայտնի մարդ, բայց պետք չի, որ իմանաս:Էլվինա Մակարյան – Ալլա Պուգաչովա
Երբ որ ես «Գրան պրի» ստացա, մեխանիկորեն արդեն առանց ուղեգրի կամ պետք է գնայի «Զոլոտոյ Օրֆեյ», կամ «Սոպոտ»: «Սոպոտը» Լեհաստանում էր, «Զոլոտոյ Օրֆեյը»՝ Բուլղարիայում: Դրանք էստրադային երգի միջազգային մրցույթներ էին: Թարիվերդիևն ինձ շատ էր հավանում որպես արվեստագետ և միաժամանակ՝ անտարբեր չէր որպես տղամարդ: Հաղորդավարուհի Անգելինա Վովկ կար, իր սիրուհին էր, բոլորս էլ գիտեինք: Բայց դրա հետ միաժամանակ ինձ ինչ-որ բաներ էր հասկացնում: Իսկ ես սկզբունք ունեի՝ ես այնքան տաղանդավոր եմ, որ էդ տաղանդով պետք է ամեն ինչի հասնեմ: Այն ժամանակ չէի պատկերացնում այդ նրբությունները, չնայած դա էլ ինձ չէր փոխի: Երևի այդպես էր պետք: Թարիվերդիևի ակնարկներին, իհարկե, ես չպատասխանեցի: Ինքն էլ, թե` «Դու գիտես: Կարող էիր մեկնել միջազգային մրցույթի, ես եմ դա որոշում»: «Ինչու դա մեխանիկորեն չի՞»,-հարցրեցի: «Այդքան էլ չէ»,- պատասխանեց: Ձայն չհանեցի: Որոշ ժամանակ անց նա զանգում է, թե` «Էլվինոչկա ջան, գիտե՞ք ով է մեկնում Բուլղարիա, նրա մասին երևի լսել եք, չգիտեմ, Ալլա Պուգաչովան»: Այդպես Պուգաչովայի բախտը բացվեց:Պետկոմի հալածանքները
Այն, ինչ ԽՍՀՄ Պետհամերգն ինձ համար արեց, ես երբեք չեմ մոռանա: Շատ շնորհակալ եմ: Հենց Պետհամերգի ռեֆերենտների շնորհիվ աշխարհով շրջագայել եմ, ու իմ մասին շատ երկրներում իմացել են: Հայաստանին որ մնար` Երևանից չէին թողնի ոտքս դուրս գցեի, այնպիսի օրն էին ինձ գցում: Հեռուստառադիոպետկոմի նախագահը` Ստեփան Կարպիչը` խելացի մարդ է, չէ, բայց ինչ կապ ուներ իմ հետ, որ այդքան հալածում էր: Ինքն առաջ Սովխոզի դիրեկտոր էր, հետո իմացանք՝ Կարենի Դեմիրճյանի մտերիմ ընկերն էր, եկավ նստեց Պետկոմի նախագահ: Ժողով հավաքեց մի օր: Բոլորը ներկա էին՝ Նորայր Մնացականյանը, Օֆելյա Համբարձումյանը… բոլորը… էստրադային օրկեստրով, Մելիք Մավիսակալյանով… Ժողովի նպատակը՝ Էլվինա Մակարյանի հարցն էր դրված, քանի որ դժվար էր իմ պես մարդուն հանել Պետկոմից, դրա համար պետք էր ժողով անցկացնել: Կարպիչն իր բարակ ձայնով դիմեց անձ. – Այ մարդ, ըտենց կերգե՞ն, ոնց որ դու ես երգում: Սովորի, է՛լի, Ռաիսայից սովորի երգել: Էդ ի՞նչ ձևի ես երգում: – Հա, բայց հենց այդ ոճով ամբողջ աշխարհում եմ երգում,- պատասխանեցի միանգամից: – Հա՞, դե գնա, այնտեղ էլ մնա, բա խի՞ ես գալիս այստեղ: Քեզ լավ են ընդունում, գնա այնտեղ մնա: Կամ իմ ընկերներիցս մեկը գործարանի գլխավոր տնօրեն է, զանգեմ, գնա բանվոր աշխատի: Դու ի՞նչ գործ ունես այստեղ, սովետական բան չկա քո երգելու մեջ: Բոլորը խլուրդի նման նստած էին: Նորայր Մնացականյանը վեր կացավ, ասաց. – Ստեպան Կարպիչ, ես մեծ մարդ եմ, բայց ամբողջ կյանքում ինչքան լսել եմ էս երեխուն, խոնարհվել եմ իր տաղանդի առաջ: – Նորայր, դու կոչում ունես, չէ՞,- Կարպիչը հարցրեց: – Ի՞նչ կապ ունի,- հարցրեց Նորայր Մնացականյանը: – Դե, կոչումդ ստացել ես, նստի տեղդ: Մամաս որ չաշխատեր բանկում և ծանոթ չլիներ Ռայկոմի քարտուղարի հետ, ես վաղուց դուրս շպրտված կլինեի: Միայն երեք անգամ այդ մարդն է կասեցրել իմ աշխատանքից հեռացումը: Իսկ մի անգամ էլ Արամայիս Սահակյանի շնորհիվ էր: Նա իր կաբինետում էր, մտա մոտը, ասացի՝ Կարպիչի մոտ որոշում են ինձ աշխատանքից հեռացնել: Հենց իմ դեմը զանգեց, ասաց. «Ես գիտեմ, ձեր մոտ հիմա Էլվինայի հարցն է քննարկվում, եթե Էլվինային հանեք գործից, ուրեմն կամ ես, կամ Էլվինան»: Ինձ աշխատանքից հեռացնելու փորձ մի անգամ Արմեն Հովհաննիսյանն է ձեռնարկել: Իր հաղորդման ժամանակ 10:30-ով իմ երգերը ցույց էր տալիս: Ամեն ինչ նորմալ էր: Բայց մի անգամ կեսգիշերին եկավ մեր տուն այցի: Ես ներս չթողեցի, ասացի՝ գիշերը մենք հյուրեր չենք ընդունում: Բղավեց. «Ախ այդպես, դե վաղվանից կտեսնես քո վիճակը»: Ու սկսեց իմ հալածումը: Ցավոք, դա է մեր խոհանոցը, ռեժիսորների մոտ ոնց է՝ «սնաչալա՝ նա դիվան, պատոմ՝ նա էկրան»: Արմենը նույն շաբաթ հայտարարում է մեծ ժողով: Գնացի՝ Ռաիսան է նստած, ես, Արտաշեսը (Ավետյան.-Ա.Ա.), Լոլան (Խոմյանց.– Ա.Ա.), Բելլան: Ժողովին ասվում է, որ շուտով պետք է մրցույթ լինի, դրսից երգիչներ պետք է հրավիրենք, և ում միավորներն ավելի բարձր լինի, նա էլ կանցնի: Ընդ որում, հիմնական անձնակազմից մեկնումեկին պետք է հանեին: Տարօրինակ ժողով, անհասկանալի մրցույթ: Նայում եմ մյուսներին: Բոլորը լռում են: Ձայն չհանեցի: Դուրս եկանք, եկա տուն ու սկսեցի մտածել՝ էս ի՞նչ հաշիվ էր, Բելլան ձայն չհանեց, ոչ մեկը չխոսաց: Ու հասկացա: Տաքսի պատվիրեցի, եկա Ռադիո, ու սկսեցի բոլոր դռները բացել՝ ինչքան խմբագրություն կա ու բղավել. «Բարև ձեզ, գիտեք, որ էս օրը էս ժամին ժողով է լինելու, իբր թե՝ դրսից երգիչների մրցույթի համար, բայց իրականում ցանկանում են ինձ աշխատանքից հանել»: Ստրատեգիա եկավ գլխիս՝ էն էլ առաջին անգամ: Մինչև եկավ էդ օրը, ամբողջ Հեռուստառադիոպետկոմը գիտեր, որ այդ օրը Էլվինային հանելու են: Պատմական օրն է: Բոլորս կանգնած ենք Ռադիոյի առաջին հարկի միջանցքում ու սպասում ենք, որ մրցույթը սկսվի: Նայեցի բոլորին ու ասացի. – Չհասկացա, ոնց էլ համաձայնում եք, որ սկսնակ երգիչների հետ մրցեք, ու ինչ-որ միավորներով որոշեն` ո՞վ է մնալու: Ոչ ոք ձայն չհանեց: Հասկացա, որ բոլորը տեղյակ են: Արտակ, չես պատկերացնի, ոնց որ կինո լիներ: Նայեցի. – Հիմա դուռը բացվելու է, ասելու են՝ մրցույթը հետաձգվում է անորոշ ժամանակով: Բոլորը կանգնած են, աչքի ծայրով ինձ են նայում: Դուռը բացվում է, դուրս է գալիս Արմեն Հովհաննիսյանը, թե. «Ընկերներ, կներեք, այնպես ստացվեց, որ մրցույթը հետաձգվում է, հավելյալ կտեղեկացնենք՝ երբ կլինի»: Ինչը և պահանջվում էր ապացուցել: Ինձ ուզում էին հանել, բայց քանի որ ես բոլորին հայտարարել էի, պարզ է, որ իրենց պլանները գնաց ջուրը:
Ա.Ա. – Այդ մարդկանցից որևէ մեկը երբևէ ձեզանից ներողություն չի՞ խնդրել:
– Ի՞նչ… Տեր իմ Աստված: Դրանից հետո, երբ որ ես Արմեն Հովհաննիսյանին տեսնում էի, այնպես էր անցնում, ոնց որ ինձ չի նկատել: Ուղղակի մժեղներ էին, փոքրոգի: Գիտես, ախր որպես մարդ, նույն Արմեն Հովհաննիսյանը լավ պատրաստված, կիրթ մարդ էր: Բայց էդ որտեղի՞ց էդ թարախը, չեմ կարող բացատրել:
Իսկ սա արդեն ամենասոսկալին էր: Զանգում են ինձ Մոսկվայից:
– Էլվինա ջան, Մոսկվայի Պետհամերգի ռեֆերենտ Գեորգի Բաննիկովն է,- ասում է զանգահարողը:
– Այո, Գեորգի Կոսնտանտինովիչ, լսում եմ:
– Էլվինա, ի՞նչ է պատահել, արդեն երրորդ հեռագիրն ենք ուղարկել Հեռուստառադիոպետկոմ: Քեզ Կանադա են հրավիրում, իսկ հեռագրերն անպատասխան են մնում: Ի՞նչ է պատահել: Վերջին հեռագրին էլ պատասխանել են, թե Էլվինա Մակարյանը պատրաստվում է երրորդ անգամ երեխա ունենալ:
– Ի՞նչ…
– Ոնց՝ ի՞նչ, ուրեմն ճիշտ չէ՞:
– Ես ձեզանից առաջին անգամ եմ լսում,- ասացի:
– Ուրեմն դուք հեռագրերից տեղյակ չե՞ք:
– Ոչ:
– Ուրեմն սենց, էդ ձեր բարդակ Պետկոմիտեում ճշտեք ու մեզ զանգեք: Այստեղ մանկապարտեզ չէ:
Հեռախոսազրույցից հետո մտածում եմ, թե ով կարող է հեռագրերին պատասխանել` կամ նախագահը, կամ տեղակալը: Տեղակալը Վիկտոր Սահակովիչ Սահակյանն էր: Գալիս եմ Վիկտորի կաբինետի դուռը ծեծում-բացում եմ, տեսնում եմ՝ Բելլան է նստած ու Արտաշեսը:
– Վիկտոր Սահակովիչ, երկա՞ր է: Բելլա ջա՞ն:
– Չէ, չէ, չէ, Էլվինա ջան, եթե բան ունես, արի,- ասաց Բելլան:
– Վիկտոր Սահակովիչ, Մոսկվայից ինձ զանգեցին, թե ինչ-որ հեռագրեր են ինձ համար ուղարկել Կանադայի հաշվով:
– Հա, հետո՞:
– Ո՞նց հետո, կա՞ն այդ հեռագրերը:
– Հա, կա:
– Էդ ճի՞շտ է, որ պատասխանել եք, որ երրորդ անգամ պատրաստվում եմ երեխա ունենալ:
– Հա, ճիշտ է,- պատասխանեց: Ես կանգնած եմ, Բելլան ու Արտաշեսն էլ հիպնոսացած ինձ են նայում:
– Չհասկացա, այսինքն՝ ինչպե՞ս հասկանալ այս ամենը:
– Ո՞նց հասկանալ, Էլվինա ջան, տենց էլ հասկացի՝ ինչո՞ւ, կարո՞ղ է ինձ ծեծես, թե՞ կախես:
Քարացա: Բելլան ու Արտաշեսը վատ եղան ու ցանկացան դուրս գալ սենյակից: Չթողեցի.
– Չէ, ինչո՞ւ եք դուրս գալիս, լավ է, դուք էլ լսեք:
– Հա, բա ինչ պետք է անես,- շարունակում է փոխնախագահը,- հերիք է, գնացիր, ման երկար, լավ է, հիմի տիտիկ արա քո Երևանում: Բա՞ն ես ասում, թե՞ ուզում ես ընդհանրապես չերգես:
Զգացի, որ սիրտս արդեն կանգնում է, շուռ եկա ու դուրս եկա: Բելլան ու Արտաշեսն էլ դուրս եկան: Դուրս եկան, Բելլան, թե` «Վայ Էլվինա ջան, էս քո տարածը, էս քո քաշածը, ես լինեի` երկրորդ օրը կկախվեի: Էս ի՞նչ ուժեղ մարդ ես»: «Բելլա ջան, շնորհակալ եմ, հարգում եմ քեզ այդ խոսքերի համար,- ասացի, ու արդեն բարձր խոսացի, որ Վիկտորն էլ լսի,- Դե, ինձ ասացին՝ էդ բարդակում տես ի՞նչ է կատարվում, ու եթե էս բարդակում այ սենց գ… բերաններ են նստած, էլ ի՞նչը պարզեմ: Թող գնան գրողի ծոցը…»:
Ոչ վեր կացավ, ոչ բան ասաց:
