Խայտառակություն Կրեմլ-Արևմուտք հարաբերություններում. Ուժգին հարձակում ընդդեմ Մոսկվայի

ԱՄՆ-ի իշխանությունները երկրից արտաքսում են 60 ռուսաստանցի դիվանագետների, ինչպես նաև որոշում է կայացվել փակել Սիեթլում ռուսական գլխավոր հյուպատոսությունը, երեկ այս մասին հայտարարեց ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը։ Խոսքը դեսպանատան 48 աշխատակիցների և Նյու Յորքում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության 12 անդամների մասին է։ Որոշման համաձայն՝ նրանք մեկ շաբաթվա ընթացքում պետք է լքեն երկիրը։ Մարտի 4-ին Ռուսաստանը ռազմական կիրառման քիմիական թունավոր գազ է կիրառել՝ փորձելով սպանել Մեծ Բրիտանիայի մի քաղաքացու և նրա դստերը, ասվում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի՝ երեկ տարածած հայտարարության մեջ։ «Մեր դաշնակից պետության դեմ իրականացված այս հարձակումը անթիվ մարդկանց կյանք է դրել վտանգի տակ և լուրջ վնասներ հասցրել երեք անձանց, այդ թվում՝ մեկ ոստիկանի»։ ԱՄՆ-ի պետդեպը հայտնում է, որ ի պատասխան Քիմիական զենքերն արգելելու մասին միջազգային պայմանագիրը ոտնահարելու փաստին, Միացյալ Նահանգներն այստեղ գործող երկու առաքելություններից այսօր արտաքսում է ռուս 48 պաշտոնյաների։ «Մենք նաև պահանջում ենք, որ Ռուսաստանի կառավարությունը մինչև 2018թ. ապրիլի 2-ը փակի Սեաթըլ քաղաքում իր հյուպատոսությունը։ Մենք այս գործողություններին ենք դիմում ցուցադրելու համար Միացյալ Թագավորության հետ մեր անխախտ համերաշխությունը և լուրջ հետևանքներ հարուցելու Ռուսաստանին՝ միջազգային չափանիշները պարբերաբար ոտնահարելու պատճառով»։ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հայտարարության մեջ ասված է, որ սկսվել է նաև ՄԱԿ-ի Ռուսական առաքելությունից հետախուզության 12 անդամների արտաքսելու գործընթաց։ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հայտարարությունն ավարտվում է հետևյալ խոսքերով. «ԱՄՆ-ը կոչ է անում ՌԴ-ին ընդունել իր գործողությունների պատասխանատվությունը և, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, աշխարհին ցուցադրել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար միջազգային պարտավորությունները հարգելու իր կարողությունը»։ Նկատենք, որ եվրոպական մի շարք երկրներում արտգործնախարարություններ են հրավիրել Ռուսաստանի դեսպաններին, որից հետո հաղորդվել է նմանօրինակ վճիռների մասին: Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանն արտաքսեցին 4-ական ռուսաստանցի դիվանագետ: Չեխիան՝ 3, Հոլանդիան և Իտալիան՝ 2-ական, Էստոնիան՝ 1: Կանադան նույնպես միացել է պատժամիջոցին և 4 դիվանագետ է վտարում: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Վարնայում, որտեղ գումարվել է Թուրքիայի և Եվրամիության գագաթնաժողովը, հայտնել է, որ ընդհանուր հաշվով Եվրամիության 14 պետություններ են ընդունել ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու որոշումներ: «Առաջիկա շաբաթներին հնարավոր են լրացուցիչ որոշումներ, այդ թվում արտաքսումներ, մենք ամենայն խստությամբ դատապարտում ենք Ռուսաստանի կառավարության գործողությունները»,- ասել է Տուսկը: Մինչդեռ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ «Ամերիկայից ռուսաստանցի դիվանագետներին վտարելու որոշումը սխալ քայլ է, որն ավերում է ռուս-ամերիկյան կապերի մնացորդը»: Անտոն ասել է, որ Մոսկվան կտա համարժեք պատասխան. «Ամերիկան միայն ուժ է հասկանում»: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Reuters-ին փոխանցել է, որ առաջիկայում Մոսկվան կհրապարակի պատասխանը: Ռուսաստանցի դիվանագետների արտաքսումը Դաշնության արտգործնախարարությունն անվանել է «անբարյացակամ քայլ»: «Պատասխանը համաչափ կլինի, մենք մեր դիրքորոշումը կհստակեցնենք առաջիկա օրերին: Յուրաքանչյուր երկիր իր չափով պատասխան կստանա», - ասել է արտգործնախարարության անանուն աղբյուրը: Հիշեցնենք, որ այս աննախադեպ լարվածությունը սկիզբ առավ «Նովիչոկ» տեսակի ռազմական նշանակության նյարդապարալլիտիկ նյութով ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլիայի՝ մարտի 4-ի թունավորումից հետո: Ըստ Լոնդոնի՝ «շատ մեծ է հավանականությունը, որ Սկրիպալներին Մոսկվայի հրամանով են թունավորել»: Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքը: Մեծ Բրիտանիան արտաքսել է 23 ռուս դիվանագետի, ինչին ի պատասխան ռուսներն արտաքսել են նույն թվով բրիտանացի դիվանագետների, չեղարկել են Սանկտ Պետերբուրգում բրիտանական հյուպատոսարանի բացումն ու Ռուսաստանի տարածքում արգելել մշակութային ծրագրեր իրականացնող Բրիտանական խորհրդի գործունեությունը: Կիևը նույնպես համերաշխություն է հայտնել Լոնդոնին և այսօր հայտարարել է 23 ռուսաստանցի դիվանագետների արտաքսելու որոշման մասին: Լոնդոնի պնդմամբ՝ ռուսներն այս իրավիճակում փորձում են պառակտումներ առաջացնել: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գավին Ուիլյամսոնը նշել է. «Նախագահ Պուտինի նպատակն է վեճեր հրահրել ու պառակտել մեր դաշինքը: Դրան հակազդելու լավագույն միջոցն է դրսևորել ամբողջական և անսասան միասնություն, ցույց տալ, որ կա դաշինք, պաշտպանական դաշինք՝ ՆԱՏՕ-ն, որը մեծագույն խոչընդոտն է ռուսների ընդարձակման ճանապարհին: Կուռ և պինդ դաշինք․ սա է նախագահ Պուտին կողմից ցանկացած ագրեսիվ քայլին պատասխանելու առավել կենսական և կարևոր ուղին», - ասել է Ուիլյամսոնը: Կրեմլ-Արևմուտք հարաբերություններն, այսպիսով, կարելի է ասել աննախադեպ լարման փուլում են: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի քայլերը համակարգված են և ընդդեմ Կրեմլի գործողությունները կպահպանվեն: Թե ինչպես կպատասխանի Մոսկվան՝ պարզ կլինի մոտ ապագայում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am