Մասիսի փրկարարների շնորհիվ 32-ամյա տղամարդու կյանքը փրկվեց
Քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Մասիսի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ –փրկարարները` հրամանատար Աղասի Հովհաննիսյանի գլխավորությամբ կարողացել են փրկել Մասիս քաղաքում 32-ամյա տղամարդու կյանքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:20-ի սահմաններում Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցի տներից մեկում այդ տղամարդը սպառնում է ինքնասպանության նպատակով կտրել ձեռքի դաստակի երակները: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ փրկարարները և Մասիսի ոստիկանները օպերատիվ գործելու արդյունքում տուն են մտել այն պահին, երբ Գ. Դ.-ն հյուրասենյակում կախվելու միջոցով փորձել է վերջ տալ իր կյանքին: Փրկարարները անմիջապես կարողացել են կտրել պարանոցին ամրացված պարանը, ինչի շնորհիվ տղամարդը փրկվեց: Տեղում ոստիկանների աշխատանքը ղեկավարել են Մասիսի ոստիկանապետն ու նրա օպերգծով տեղակալը: Գ. Շամշյանի տեղեկություններով` Գ. Դ.-ն նախկինում նույնպես փորձել է ինքնասպան լինել:
