Իրանն ու Ադրբեջանն ընդլայնում են հարաբերությունները
Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարտի 9-ին Բաքվում տեղի է ունեցել Իրանի ու Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատարներ Գասիմ Ռեզաիի ու Էլչին Գուլիևի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև սահմանային անվտանգության հարցերը։ Նրանք մասնավորապես քննարկել են սահմանային անցակետերի գործունեության ապահովումը, Կասպից ծովում ապօրինի գործունեության դեմ պայքարում փոխգործակցությունը, ապօրինի ներգաղթի ու մաքսանենգության, թմրանյութերի ու զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել տեղեկատվություն ու փորձ փոխանակել նշված հարցերի շուրջ։ Քննարկվել է նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ու Աստարա (Իրան) – Աստարա (Ադրբեջան) երկաթգծի կառուցման ֆոնին համագործակցության ընդլայնման հարցը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Բաքվում տեղի է ունենալու Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի սահմանապահ զորքերի երեք հրամանատարների հանդիպումը, սակայն Ռուսաստանի սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ Վլադիմիր Կուլիշովի այցի մասին ոչինչ չի հաղորդվում։
